Օգնենք «Օրրանին»` հաղթահարելու ճգնաժամը
«Օրրանի» ավանդական մեկամսյակը` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում
Արդեն 6-րդ տարին «Օրրանը» «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում օգոստոսի 1-ից իրականացնում է «Օրրանի մեկամսյակ» միջոցառումների շարքը, որի նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը Հայաստանի անօթևան և կարիքավոր երեխաների և տարեցների վերաբերյալ, ինչպես նաև գումարներ հայթայթել` նրանց օգնելու նպատակով։
Մեկամսյա միջոցառումների շրջանակներում ողջ օգոստոս ամսին Մարիոտ հյուրանոցի առաջին հարկում կգործի Օրրանի սաների ձեռքով պատրաստված աշխատանքների ցուցահանդես- վաճառքը: Իսկ օգոստոսի 19-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կկազմակերպվի «Օրրանի» բարեգործական ընթրիքը։ Այս տարի ևս բարեգործական ընթրիքի հասույթը կուղղվի տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը: Ընթրիքի մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ներդրումների միջոցով օգնության ձեռք մեկնելու «Օրրանի» շահառու անապահով ընտանիքներին, միայնակ և կարիքավոր տարեցներին, փողոցում հայտնված երեխաներին:
2000 թվականին հիմնադրված «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը իրականացնում է սոցիալական աջակցության ծրագրեր` անապահով ընտանիքների երեխաներին, կարիքավոր և միայնակ տարեցներին օգնելու նպատակով։
Գործունեության 10 տարիների ընթացքում «Օրրանն» ավելի քան 5000 կարիքավորի ապահովել է ոչ միայն սննդով և հագուստով, այլև` կրթական, հոգեբանական, բժշկական, ատամնաբուժական ծառայություններով: «Օրրանը» փողոցում հայտնված բազմաթիվ երեխաների օգնել է նաև կյանքում իրենց տեղը գտնելու և հաջողությունների հասնելու հարցում։
Ամեն օր «Օրրանի» Երևանի և Վանաձորի կենտրոններում տաք սնունդ և սոցիալական տարբեր ծառայություններ են տրամադրվում շուրջ 150 երեխայի և 60 միայնակ տարեցների։ Զուգահեռաբար, «Օրրանի» բարեգործական ատամնաբուժարանն անվճար սպասարկում է 6-ից 16 տարեկան կարիքավոր բոլոր երեխաներին։
ArmAr.am












