Մի քանի հարց Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեին
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակն իր հաղորդագրությունում հայտնում է, թեԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեին մի շարք հարցեր է ուղղել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի շուրջ:
Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն, Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ սենատորի հարցին ի պատասխան` արդյոք Միացյալ Նահանգները երբեւէ հերքե՞լ է Հայոց ցեղասպանությունը, Ռիչարդոնեն իր համաձայնությունն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից տրված Մեծ Եղեռն (Meds Yeghern) որակմանը:
Չնայած դրան, դիվանագետը չի կարողացել ճիշտ արտաբերել այդ բառերը` Meds Yeghern-ի փոխարեն ասելով Yeds Meghern:
Մենենդեսը հարցրել է նաեւ` արդյո՞ք, Ռիչարդոնեն անհամաձայնություն ունի Հայոց ցեղասպանության հարցում Բարաք Օբամայի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` որպես սենատորներ պաշտոնավարման շրջանում արտահայտած դիրքորոշման հետ, երբ, նրանք անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը որակում էին Հայոց ցեղասպանություն եւ քանիցս հանդես են եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերի ընդունման օգտին:
Ռիչարդոնեն արձագանքել է, թե անհամաձայնություն չունի իր վերադասների հետ:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը խուսափողական է որակել հայամետ սենատորի հարցերին դիվանագետի տված պատասխանները:
Լսումների ժամանակ Ֆրենսիս Ռիչարդոնեին այլ սենատորների կողմից հարցեր են ուղղվել նաեւ Թուրքիայում կրոնական ազատությունների, հայկական, հրեական, ասորական եւ մյուս փոքրամասնությունների վերաբերյալ:
Դեսպանին կուղղվեն նաեւ գրավոր հարցեր, որոնց պատասխանների ամփոփումից հետո միայն հանձնաժողովը որոշում կկայացնի նրա հաստատման վերաբերյալ: Ամերիկայի հայկական համագումարի փոխանցմամբ, այն տեղի կունենա սեպտեմբերին:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը անցած տարվա օգոստոսի 3-ին Ռիչարդոնեի թեկնածությանը հավանություն տվել էր, եւ հարցը տեղափոխվել էր լիագումար նիստ: Սակայն հանրապետական սենատոր Սեմ Բրաունբեքը առկախել էր քվեարկությունը` ԱՄՆ-ի վարչակազմին կոչ անելով «վերանայել այս թեկնածությունը»: Նախագահ Օբաման, այնուհանդերձ, անցած տարվա դեկտեմբերի վերջին օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից եւ այն հանգամանքից, որ Սենատը արձակուրդում էր, Ֆրենսիս Ռիչարդոնեին նշանակել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում:
Քանի որ, ըստ ամերիկյան օրենսդրության, Սենատի շրջանցմամբ նախագահի նշանակած դեսպանները հնարավորություն ունեն աշխատելու մոտավորապես մեկ տարի, եւ այդ ընթացքում դիվանագետների թեկնածությունները պետք է արժանանան Սենատի հավանությանը, հակառակ դեպքում՝ նրանց լիազորությունները դադարեցվում են, Ֆրենսիս Ռիչարդոնեի թեկնածությունը նորից է քննարկվում:
ArmAr.am












