Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Կառուցապատման խնդիրների հերթական քննարկումը Երեւանի գլխավոր ճարտարապետի հետ

Օգոստոս 5, 2011թ. 16:28

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Նալբանդյան 106/1 եւ Կոմիտասի 5 հասցեների հարակից շենքերի բնակիչների ու ներկայացուցիչների հետ միասին Երեւանի քաղաքապետարանում գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ քննարկեցին հիշյալ հասցեներում դադարեցված քաղաքաշինական ծրագրերին առնչվող հարցեր:

Հուլիսի 28-ին տեղի ունեցած առաջին քննարկման ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետի առաջարկով պայմանավորվածություն էր ձեռքբերվել` երկրորդ հանդիպման ընթացքում քննարկել կոնկրետ գաղափարներ եւ առաջարկներ` հաշտեցնելու համար բոլոր կողմերի` բնակիչների, կառուցապատողների եւ Երեւան համայնքի շահերը եւ գտնել ընդունելի լուծումներ: Այդպիսի առաջարկներից մեկն էլ ներկայացվեց քննարկման մասնակիցներին: Բնակիչները պնդեցին, որ համաձայն չեն իրենց բակերում բարձրահարկ շենքերի կառուցմանը, ինչը կվատթարացնի շրջակա միջավայրը եւ կվնասի կենսական պայմաններին:

«Ժառանգության» ներկայացուցիչները բարձրացրեցին Երեւան քաղաքում կառուցապատման հայեցակարգին ու ռազմավարությանն առնչվող հարցեր, հիմնավորումներ ներկայացրեցին քաղաքի կենտրոնում, այն էլ` բակային տարածքներում բարձրահարկ շենքերի կառուցման աննպատակահարմարության վերաբերյալ: Առաջարկվեց քաղաքի պահուստային ֆոնդերից ներդրողներին կառուցապատման համար տրամադրել այլ տարածքներ: Երեւանի գլխավոր ճարտարապետը տեղեկացրեց, որ աշխատում են նման հայեցակարգ ձեւակերպելու ուղղությամբ եւ իր հերթին շարադրեց սեփական պատկերացումները դրա կապակցությամբ:

Նալբանդյան 106/1 հասցեում դադարեցված քաղաքաքաշինական ծրագրի կապակցությամբ Նարեկ Սարգսյանն առաջարկեց աշխատանքները շարունակել հավասարակշռված լուծումներ գտնելու ուղղությամբ, որոնք բնակիչների ներկայացուցիչներին կներկայացվեն հաջորդ քննարկմանը: Նա նաեւ տեղակցրեց, որ իր ուշադրության կենտրոնում է գտնվում Պուշկին 38 հասցեի հարցը եւ կառուցապատողին կոնկրետ առաջարկներ կներկայացվի օգոստոսի երկրորդ կեսին: Ծանոթանալով Կոմիտաս 5 հասցեի հետ կապված խնդիրներին, Նարեկ Սարգսյանը նշեց, որ առաջիկա օրերին ստուգայցով կլինի նաեւ նշված տարածքում` տեղում իրավիճակին ծանոթանալու եւ լուծումներ գտնելու նպատակով:

Հիշեցնենք, որ նախորդ քննարկման ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետը Ստեփան Սաֆարյանին հայտնել էր, որ Վիշապի պուրակների խնդրով սպառիչ լուծում է տրված` կառուցապատողին առաջարկվել է համարժեք այլ տարածք, եւ նման լուծումները բացառված չեն նաեւ այլ վիճահարույց քաղաքաշինական ծրագրերի դեպքում եւս:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն