Բուժվե՞լ, թե՞ չբուժվել
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՙԺառանգություն՚ խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հայտարարությունը 2011թ. սեպտեմբերի 13–ի Ազգային ժողովի նիստում
Փետրվարի 1-ից գործում է նոր օրենք, որի համաձայն անհապաղ հիվանդանոցային բուժում պահանջող դեպքերում (ինֆարկտ, ինսուլտ, սուր որովայն, թոքերի այտուց եւ այլն) բուժման ֆինանսական ապահովման հոգսը պետք է կիսեն պետությունը եւ ինքը` հիվանդը:
Անցած ամիսների փորձը ցույց տվեց, որ նոր համակարգում ակնհայտ դրական կողմերի հետ միաժամանակ առկա են բազմաթիվ թերացումներ, բացթողումներ, անհերքելի սխալներ, ինչն արդեն իսկ առաջացրել է դժգոհություն, երբեմն նույնիսկ վրդովմունք բնակչության, ինչպես նաեւ` բուժհանրության գերակշռող մեծամասնության շրջանում:
Համատարած գործազրկության, ցածր աշխատավարձերի եւ թոշակների, ինչպես նաեւ` անզուսպ գնաճի պայմաններում հիվանդանոցներում գանձվող գումարները չափազանց ծանր բեռ են հանդիսանում բնակչության ճնշող մեծամասնության ընտանեկան բյուջեի համար: Գաղտնիք չէ, որ երկրի բնակչության գրեթե կեսը գտնվում է ծանր սոցիալ-տնտեսական վիճակում: Եվ 30-ից 300 հազար դրամը մեծ գումար է, եւ այդ փաստն անխուսափելիորեն բերում է նույնիսկ ծանր առողջական վիճակում գտնվող հիվանդներին հիվանդանոցային բուժման առաջարկը մերժելուն:
Հիվանդանոցում բուժվելը թանկ «հաճույք» է դարձել հիվանդների համար, որոնք մինչեւ վերջին պահը հրաժարվում են հիվանդանոցից եւ զբաղվում ինքնաբուժությամբ: Նման պայմաններում անխուսափելի է մահացության ցուցանիշի աճը եւ հիվանդանոցներում, եւ տանը, մինչ հիվանդանոց ընդունվելը:
Այսպիսով, նոր համակարգը բերում է բնակչության առողջական վիճակի վատթարացմանը եւ մահացության բարձրացմանը: Միաժամանակ հանգեցնում է բուժաշխատողների բազմահազարանոց բանակի սոցիալական վիճակի կտրուկ վատթարացմանը:
Նշենք, որ որեւէ դրական փոփոխություն պետական բյուջեի առումով եւս տեղի չի ունենում:
Այդ եւ այլ չհնչեցված պատճառներով է, որ նոր համակարգը չի նպաստում առողջապահության ոլորտում արդյունավետության բարձրացմանը եւ մերժվում է լայն հասարակության, ինչպես նաեւ` բուժաշխատողների կողմից:
Այս բոլորը վկայում են, որ անհրաժեշտ է վերանայել թե օրենսդրությունը եւ թե իրավակիրառական պրակտիկան:












