«Ո՞ւր է հասել իշխանության ցինիզմը»
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՙԺառանգություն՚ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարությունը 2011թ. սեպտեմբերի 13–ի Ազգային ժողովի նիստում
2008թ. մարտի 31-ին վարչապետ Սերժ Սարգսյանի Կառավարության կողմից հավանության արժանացած Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. Ռազմավարական ծրագրի դրույթներում գրված է. «Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ կառավարության հիմնական նպատակը նախադպրոցական կրթության ծառայությունների որակի եւ մատչելիության բարելավումն է»:
Ցանկացած ծառայության որակի բարելավման երաշխիքն առնվազն օրենքով սահմանված աշխատավարձերի վճարումն է:
«Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականին ընդունված օրենքի պահանջը, մանկապարտեզների մանկավարժների աշխատավարձը չի կարող հանրապետության նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ցածր լինել, համայնքապետերի կողմից չի կատարվում: Այս մասին նամակով դիմել եմ թե Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ պարոն Արմեն Գեւորգյանին եւ թե Աշխատանքի պետական տեսչությանը: Տեսչությունը պատասխանել է, որ իրենց մոտ քննարկվել է խնդիրը, որը կարիք ունի լրացուցիչ ուսումնասիրության, եւ արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ:
Սեպտեմբերի 1-ով թվագրված առաջին նամակում Փոխվարչապետը, իր տեղակալի ստորագրությամբ գրում է. «Տարածքային կառավարման նախարարը եւ ՀՀ մարզպետները մանկապարտեզների գործունեության կազմակերպման եւ կառավարման իրավասություններ չունեն», ապա տեղեկացնում, որ աշխատավարձերը սահմանվածից ցածր են կես դրույք լինելու պատճառով, ամբողջ դրույք սահմանելու դեպքում` փոքր բյուջե ունեցող համայնքների մեծ մասը ստիպված կլինեն փակել իրենց մանկապարտեզները: Փաստորեն, դաստիարակներն աշխատում են ութ ժամ, բայց ստանում են կես դրույք: Այնինչ, ըստ 2007թ. հունվարի 27-ին ԿԳ նախարարի հրամանով հաստատված պետական եւ համայնքային նախադպրոցական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակի, մեկ խմբի հաշվարկով դաստիարակի եւ դաստիարակի օգնականի 8 ժամյա աշխատանքի դիմաց սահմանված է նվազագույնը 1.17 դրույքաչափ: Նամակում նաեւ գրված է, որ այս մասին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը տեղյակ է, սակայն առ այսօր այդ կապակցությամբ բողոքներ չեն եղել:
Ո՞ւր է հասել իշխանության ցինիզմը, իհարկե ձեզ չեն բողոքում, նախ որովհետեւ կզրկվեն նույնիսկ այդ չնչին գումարներից, երկրորդ` այդ հիմնարկներում հիմնականում աշխատում են մարզպետերի եւ համայնքապետերի գերդաստանները: Ի՞նչ է ստացվում. ՀՀ փոխվարչապետի մակարդակով, բնում խեղդվում է քաղաքացիական հասարակությունը, ով ճորտի կարգավիճակում է եւ չի կարող պահանջել նվազագույնը, ինչը սահմանված է օրենքով: Իսկ ընտրությունների ժամանակ նրա ձայնը շատ հեշտ է գնել ընդամենը 5000դրամով:
Շարունակեմ, Փոխվարչապետի երկրորդ նամակում գրված է, որ հանրապետությունում գործող 484 մանկապարտեզներից 221-ում մանկավարժների աշխատավարձը ցածր է օրենքի պահանջից, գրված է` Սյունիքում գործող 53 մանկապարտեզներում աշխատավարձերը համապատասխանում են օրենքին, սակայն այդ մարզում Կրթության պետական տեսչության ստուգումների վերաբերյալ հաշվետվությունները խոսում են հակառակի մասին:
Ակնհայտ է` մեզանում Օրենքը ոտնահարվում է իշխանության կողմից եւ հարմարեցվում իրենց, ու բնավ խոշորացույց պետք չէ` անօրեններին փնտրելու համար:
Ո՞վ է իրավունք տվել խախտել ՀՀ օրենքն ու կարգերը: Պատասխան` ՀՀ կառավարությունը:
ArmAr.am












