Հատուկ բրոշյուր Ֆրանսիա-Հայաստան համագործակցության մասին
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սերժ Լագոշի նախաձեռնությամբ, Ֆրանսիայի Խորհրդարանի վերին պալատում սեպտեմբերի 14-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությունը վերաբերում էր Ֆրանսիա-Հայաստան ապակենտրոնացված համագործակցության խնդիրներին: Սենատոր Լագոշն ամփոփել է այս ոլորտում համագործակցության ընթացքը եւ տեղեկացրել, որ առաջիկայում Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ լույս կընծայվի Սենատի` որպես տարածքային ինքնակառավարման հիմքի վրա ձեւավորված մարմնի կողմից պատրաստված հատուկ բրոշյուր, ուր ամփոփված կլինեն Ֆրանսիա-Հայաստան ապակենտրոնացված համագործակցության առկա պատկերը եւ նախանշվող հեռանկարները:
Նա տեղեկացրել է, որ մոտ ապագայում նոր քայլեր են ձեռնարկվելու ապակենտրոնացված համագործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղղությամբ: Այս առնչությամբ մասնակիցները Սենատի անունից ողջունել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովների պարբերական գումարումը:Ֆրանսիական կողմից ներկա են եղել սենատորներ, Ազգային Ժողովի եւ շրջանային խորհուրդների պատգամավորներ, Հայաստանի շրջանների ու քաղաքների հետ համագործակցություն ծավալած Ֆրանսիայի մունիցիպալ իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ֆրանսիայի ԱԳՆ պատասխանատուներ:












