Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոս.«Մեր ժողովուրդն անվարան հռչակեց, որ տերն է իր երկրի, իր իրավունքների, իր արդար դատի եւ իր ազգային ժառանգության»

Սեպտեմբեր 19, 2011թ. 15:15

Garegin B«Արցախի եւ Հայաստանի անկախության հռչակումով նոր էջ է բացվել մեր պատմության մեջ, նոր դարագլուխ սկսվել մեր ժողովրդի կյանքում»,- այսօր` սեպտեմբերի 19-ին, հայտարարել է  Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն` Սփյուռքի կառույցների ղեկավարների մասնակցությամբ Երեւանում ընթացող համաժողովում:

Գարեգին Բ-ն իր ելույթում, մասնավորապես, ասել է. «Դարեր ի վեր ավերների ու կոտորածների, ցեղասպանության ենթարկված մեր ժողովուրդը անվարան հռչակեց, որ տերն է իր երկրի, իր իրավունքների, իր արդար դատի եւ իր ազգային ժառանգության ու միահամուռ ջանքերով ձեռնամուխ է ազգային իր նպատակների իրագործմանը: Տոնական այս օրերին մենք հուզումով ենք վերհիշում 1991 թ. պանծալի սեպտեմբերը, մեր ժողովրդի ապրած խնդությունը, լավատեսությունը եւ իր նոր կյանքը կառուցելու հաստատակամությունը: Երկու տասնամյակում մեծ տեղաշարժեր են եղել, մեր Հայրենիքը վերափոխվում ու զորանում է հայրենի իշխանության եւ մեր ժողովրդի ջանք ու նվիրումով: Ձեռքբերումներով եւ առաջընթաց զարգացումներով հանդերձ, այսօր մեր երկիրը դիմագրավում է տնտեսական, քաղաքական, ընկերային կյանքի բազմաթիվ խնդիրներ:

Մեր առջեւ կանգնած հրամայականներ են Հայաստանում եւ Արցախում բարօր կյանքի կերտումը, Արցախյան հինախնդրի արդար կարգավորումը, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը, որոնք մեր ժողովրդից պահանջում են նոր ջանքեր, հանձնառություններ ու իրագործումներ:Հաշված տարիներ հետո հիշատակելու ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, որին ընդառաջ մենք պիտի շարունակենք մեր համակարգված գործունեությունը ընդդեմ Թուրքիո Ցեղասպանության ժխտողական քաղաքականության: Պահանջատիրությունը մեր ցանկությունների, մեր որոշումների արդյունք չէ, այլ հետեւանքը մեր ժողովրդի նկատմամբ Թուրքիո գործած ոճրի: Հայ Դատի պաշտպանությունը ցեղասպանության ենթարկված մեր ժողովրդի հոգու պարտքն է նախնյաց եւ Աստուծո առջեւ: Մենք իրավունք չունենք տկար լինելու, մեր կարողություններն ու հնարավորությունները վատնելու, այլ համախմբված, հետեւողական ու աննահանջ շարունակելու պայքարը մեր ժողովրդի արդարության հաղթանակի համար: Ամենքս պիտի գործենք Հայրենիքի ու Եկեղեցու շուրջ մեր զավակների համախմբման նախանձախնդրությամբ, մեր հավատքը, մեր լեզուն ու մշակույթը սրբորեն պահպանելու եւ սերնդեսերունդ փոխանցելու կամքով: Ազգապահպանության, հայրենաշինության եւ ազգային մեր խնդիրների լուծման նախադրյալը մեր համագործակցությունն ու քրտնաջան աշխատանքն է, մեր միասնականությունն ու կազմակերպվածությունը:

Այս նպատակների իրականացման գործում մեր Եկեղեցու անփոխարինելի դերի եւ առաքելության կարեւորության համոզումն ունենալով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ջանքեր է ներդնում առավել կարգավորված դարձնելու եկեղեցական կյանքը Հայրենիքի եւ Սփյուռքի համայնքներում, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եւ Նվիրապետական մեր մյուս Աթոռների հետ համատեղ աշխատանքով լուծելու անցյալից ժառանգություն մնացած խնդիրները, որոնք խոչընդոտում են մեր հոգեւոր եւ ազգային կյանքի առաջընթացը: Մենք հավատում ենք մեր ժողովրդի պայծառ, լուսավոր ապագային, որը պիտի կերտենք այսօր անկախացյալ հայրենի մեր պետականության ամուր հիմքերի վրա: Այդ հավատն է համախմբել ձեզ Հայրենիքում` միասնաբար քայլեր ձեռնարկելու, ջանքեր գործադրելու` զորացնելու համար հիմերը մեր անկախ պետականության, ամրապնդելու ազգային կյանքը Սփյուռքի համայնքներում, հետամուտ լինելու մեր ժողովրդի իղձերի ու նպատակների իրականացմանը: Արդարեւ, մեզ չեն պակասում մարդկային ուժեր, նյութական հնարավորություններ, եկեղեցական, ազգային, պետական կառույցներ, մեզ չեն պակասում գիտական միտք ու շնորհալի հոգու կարողություններ, իրականություն դարձնելու ազգային մեր ծրագրերը եւ տեսիլքները»:


Թեգեր`

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն