«Հայաստանի հզորացում, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում եւ ճանաչում, Հայոց Ցեղասպանության ճանաչում եւ դատապարատում, Սփյուռքի ուծացման դեմ պայքար, Հայ առաքելական եկեղեցու կողքին լինելու խնդիր»
«
Հայաստանի եւ Սփյուռքի առջեւ ծառացած է 5 հիմնական խնդիր` Հայաստանի հզորացում, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում եւ ճանաչում, Հայոց Ցեղասպանության ճանաչում եւ դատապարատում, Սփյուռքի ուծացման դեմ պայքար, Հայ առաքելական եկեղեցու կողքին լինելու խնդիր, որոնց լուծման համար անհրաժեշտ է համախմբվածություն: Այս մասին այսօր` սեպտեմբերի 19-ին, Երեւանում ընթացող «Հայաստան-Սփյուռք« համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով` այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ, որոշել առաջնահերթություններ, դրանցից են` համախմբել աշխարհասփյուռ 7 մլն հայությանը, որոնք սփռված են 30 հազարից ավել կառույցներում, նոր որակ հաղորդել այդ հարաբերություններին: Նախարարը նշեց, որ Հայաստանը համայն հայության հայրենիքն է եւ յուրաքանչյուր ոք պետք է մտածի իր հայրենիքի բարգավաճման եւ հզորացման համար: «Սփյուռքում ապրող հայերը պետք է ինտեգրվեն այն հասարակություններում, որտեղ ապրում են` միաժամանակ հավատարիմ մնալով հայի ինքնությանը: Սփյուռքահայերը Հայաստանում, բացի բարեգործությունից, պետք է ներդրումային ծրագրեր իրականացնեն եւ դրա համար սփյուռքահայը պետք է շահ ստանա: Պետք է փոխել այն կարծրատիպը, որ սփյուռքահայը միայն Հայաստանին օգնելու համար է: Սփյուռքահայը պետք է նաեւ ներդրումներ անի` դրանով օգնելով Հայաստանին` ազատվելու արտագաղթից, ստեղծելու աշխատատեղեր եւ այդ առումով կլուծի մի շարք սոցիալական խնդիրներ»,- նշեց նախարարը:
Հրանուշ Հակոբյանի խոսքով` Հայաստանը պետք է համագործակցի Սփյուռքի հետ ըստ տարածաշրջանի եւ Սփյուռքի նախարարությունը ծրագրեր է մշակում` ելնելով այդ նպատակահարմարությունից` հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում ապրող սփյուռքահայերի եւ տեղի ժողովրդի առանձնահատկությունները: Միեւնույն ժամանակ, նախարարի խոսքով, Հայաստանը` որպես պետություն, պետք է աջակցի Սփյուռքին, որ սփյուռքահայերի երիտասարդ սերունդն իմանա լեզու, մշակույթ եւ այդ առումով կարեւոր է Հայ առաքելական եկեղեցու դերը, որը հայապահպան դեր է կատարում: Նա կոչ արեց ավանդական սփյուռքի ներկայացուցիչներին` ըմբռնումով մոտենալ նոր ստեղծվող հայկական համայնքներին եւ աջակցել նրանց:
Հրանուշ Հակոբյանն, անդրադառնալով սփյուռքահայերի ելույթներին, մասնավորապես այն հանգամանքին, որ անկախ Հայաստանի պայմաններից արտագաղթը շարունակվում է, հակադարձեց, որ տեղի է ունենում նաեւ ներգաղթ եւ վերջին երեք տարվա ընթացքում 600 ընտանիքներ դասական սփյուռքից վերադարձել են Հայաստան: Նա կարեւորեց «Հայրենադարձության մասին» օրենքը, ինչը կնպաստի սփյուռքահայերի` Հայաստան վերադառնալուն:












