Սերժ Սարգսյան.«Մատենադարանը հայոց ինքնության ամենաամուր բերդն է»
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 20-ին, մասնակցել է Մատենադարանի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Մասնակցել են նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Գարեգին Բ-ն, Արամ Ա-ն, բազմաթիվ հյուրեր:
Իր ելույթում, Սերժ Սարգսյանն ասել է.
«Մաշտոցի անունը կրող Մատենադարանի վերակառուցման աշխատանքների ամփոփումը Հայաստանի Հանրապետության անկախության քսաներորդ տարեդարձի տոնակատարություններին վայել գործ էր: Երեւանը հարուստ է գեղեցիկ ու խորհրդանշական շինություններով, սակայն իր էական եւ բովանդակային կշռով Մատենադարանն անգերագնահատելի է եւ անմրցակից:
Մատենադարանը մեր ամեն ինչն է` լեզուն, գրականությունը, պատմությունը, գիտությունը, ծննդյան վկայականն ու կենսագրությունը, մեր գալիք բոլոր հաղթանակների խարիսխը, մեր մշտական ու հարատեւ մեկնակետը։
Աշխարհում կան այլ հայկական մատենադարաններ` հայոց ձեռագրերի հավաքածուներ` Երուսաղեմում, Վենետիկում, Կոստանդնուպոլսում, Վիեննայում եւ հայ մշակույթի մյուս կարեւոր օջախներում: Դրանք բոլորն էլ անգնահատելի գանձեր են: Բայց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի շնորհիվ «մատենադարան» բառն իսկ դարձավ հատուկ անուն: Պատահական չէ, որ «մատենադարան» ասելիս բոլորս առաջին հերթին պատկերացնում ենք հենց այս փառահեղ շինությունը:
Մատենադարանն այն ազգային հարստությունն է, որը դարձել է հայոց ինքնության ամենաամուր բերդը: Եվ այս լանջից բերդը վերահսկում է ոչ միայն Մաշտոցի պողոտան, այլեւ մեր ողջ մայրաքաղաքի ու ժողովրդի հիշողությունն ու նկարագիրը:
Սուրբ Մեսրոպի սխրանքով հայ ժողովրդի ինքնագիտակցությունը ստացավ հարատեւ եւ ամուր միջոց իր հիշողությունը սերնդեսերունդ
փոխանցելու համար: Իրավացի էր Պարույր Սեւակը` ասելով.
«Եվ հիմա արդեն այդ մե՛զ չեն պեղում.
Այլ մենք ենք պեղում.
Այդ մե՛զ չեն հիշում,
Այլ մենք ենք հիշում.
Մե՛զ չեն վկայում,
Մենք ենք վկայում՝
Հասնելով ուրիշ ժամանակների…»:
Մենք այն սակավաթիվ ազգերից ենք, որ կարող են հպարտանալ 1600-ամյա պատմություն ունեցող կատարյալ գրով, որ հարատեւել է դարեր եւ այսօր էլ մեր գոյության հիմքերից է: Մեր դպրության հազարավոր ձեռագիր մատյաններ այստեղ են պահվում եւ ուսումնասիրվում:
Գալիք տարի մենք նշելու ենք առաջին հայկական տպագիր գրքի 500-ամյակը: Ինչպես Հակոբ Մեղապարտի եւ մյուս առաջին հայ տպագրիչների շնորհիվ մենք կարողացանք ժամանակին եւ բարձր մակարդակով իրականացնել անցումը ձեռագիր մատյանից տպագիր գրքին, այդպես էլ այսօր մենք պետք է պատրաստվենք թվային աշխարհում մեր մշակութային ժառանգությունը պահպանելու գործին: Իսկ վերանորոգված Մատենադարանում ստեղծված են դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Մատենադարանը նաեւ գիտական եւ հետազոտական կենտրոն է, որտեղ աշխատում են իսկական նվիրյալներ: Նվիրյալներ, ովքեր դիմացան անցած տարիների դժվարություններին, ցածր աշխատավարձերին, կենցաղային խնդիրներին եւ իրենց օրնիբուն աշխատանքով պահեցին այս կարեւորագույն հաստատությունը: Մենք շնորհակալ ենք ձեզ, սիրելի՛ մատենադարանցիներ: Այս նոր մասնաշենքը եղել է երկար տարիների երազանք բոլորիս համար: Այն այսօր իրականություն է, իսկ դա մեր ժողովրդի եւ պետության ամրության ցուցանիշ է: Վստա՛հ եղեք, որ Մատենադարանի հանդեպ ուշադրությունն այսուհետ եւս չի նվազելու: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Մատենադարանը որեւէ չափանիշով չզիջի աշխարհի լավագույն միջնադարագիտական եւ ձեռագրագիտական կենտրոններին:
Մենք շնորհակալ ենք Սերգեյ Համբարձումյանին եւ այս գործին աջակցություն ցուցաբերած բոլոր բարերարներին: Այս օրինակը ապացուցում է, որ մեր օրերում եւս կան մեր մեծ բարեգործների ավանդույթները շարունակողներ, ովքեր պատրաստ են աջակցել մեր մշակութային կենտրոնների զարգացմանը: Մասնավոր եւ պետական ոլորտների նմանատիպ համագործակցությունը դեռեւս զարգանալու է` տալով բոլորիս ակնկալած արդյունքները: Պարո՛ն Համբարձումյան, ես հրապարակավ միայն ու միայն մեկ նախադասություն եմ ուզում Ձեզ ասել. երանի այն հային, ով մատենադարան է կառուցել…
Մենք շնորհակալ ենք մեր ճարտարապետներին ու շինարարներին, ովքեր գտել են լավագույն լուծումները եւ իրենց մտքի ու բազկի ուժով, իրենց քրտինքով ու նվիրված աշխատանքով օծել են այս շինության յուրաքանչյուր քարը: Արթուր Մեսչյանն այս կառույցով, կարծում եմ, դարձավ քսաներորդ դարի հայ ճարտարապետության փայլուն ներկայացուցիչ Մարկ Գրիգորյանի արժանի ժառանգորդն ու յուրատեսակ գործընկերը` շարունակելով նրա սկսած գործը եւ հավատարիմ մնալով նրա ստեղծած շենքի ոգուն ու տրամաբանությանը: Պարո՛ն Մեսչյան, կածում եմ, որ այս կառույցով, Ձեր աշխատանքով ու ընդհանրապես Ձեր գործունեությամբ Դուք ապացուցեցիք, որ Հայկը երբեք չի պարտվի ոսոխ Բելին: Չնայած Ձեր երգում Դուք հակառակ բառերն եք հնչեցնում: Մենք բոլորս շնորհակալ ենք:
Սիրելի՛ բարեկամներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս կարեւորագույն ձեռքբերման կապակցությամբ:
Վստահ եմ` չկա որեւէ ուժ, որ կարողանա կանխել մեր ժողովրդի հաղթական երթը: Եվ այդ հաղթական ընթացքը վկայվելու է մեսրոպյան գրով` ձեռագիր, տպագիր ու թվագիր:
Շնորհակալություն»:
ArmAr.am
Թեգեր` Մատենադարան












