Կարեն Միքայելյան` ուրույն գրող ու մեծ հայերնասեր
Լույս է տեսել բանասիրական գիտությունների դոկտոր Ռոբերտ Բաղդասարյանի «Կարեն Միքայելյան. ստեղծագործությունը եւ ավանդը ռուս-հայկական գրական-մշակութային փոխադարձ կապերում» (Երեւան, 2010, 222 էջ, ռուսերեն) գիտական նոր մենագրությունը, նվիրված ականավոր գրական-հասարակական գործիչի եւ գրողի կյանքին եւ ստեղծագործությանը:
Կարեն Միքայելյանը (1883-1941 թթ.) հանդիսանում է 20-րդ դարի հայ գրականության եւ մշակույթի փայլուն դեմքերից մեկը, որը կապեց եւ միավորեց աշխարհի հայությունը ինչպես իր համեստ, բայց փայլուն գեղարվեստական արձակով, այնպես էլ հայրենասիրական գործունեությամբ` Ռուսաստանում եւ Սփյուռքում:
Ռոբերտ Բաղդասարյանի ուսումնասիրության լրջության ու գիտական արժեքի մասին է վկայում, ի դեպ, այն փաստը, որ գիրքը դրական գրախոսել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս.Սարինյանը:
«Կարեն Միքայելյան. ստեղծագործությունը եւ ավանդը ռուս-հայկական գրական-մշակութային փոխադարձ կապերում» մենագրությունը բաղկացած է երկու մեծածավալ մասերից – «Ստեղծագործական ժառանգություն» եւ «Գրական-հասարակական գործունեություն»:
Առաջին մասում դիտարկվում եւ վերլուծվում են Կ. Միքայելյանի պատմվածքների լավագույն նմուշները, ինչպես նաեւ փայլուն քննադատական-հրապարակախոսական եւ թարգմանչական գործունեությունը:
Ուսումնասիրության երկրորդ մասը ներկայացնում է Կ. Միքայելյանի արդյունավետ աշխատանքը մոսկովյան հայալեզու «Գարուն» տարեգրքերի (1910-1912 թթ.) հրատարակման գործում, սերտ եւ բազմազան առնչությունները հայ եւ ռուս հայտնի մտավորականների հետ` կապված Հայաստանում եւ Ռուսաստանում իրականացված բազմաթիվ հրատարակչական եւ գրական-մշակութային նախաձեռնությունների հետ: Նրա գործընկերների ու բարեկամների շարքում էին Մ. Գորկին, Վ. Բրյուսովը, Ն. Տիխոնովը, Պ. Անտոկոլսկին, Վ. Տերյանը, Ավ. Իսահակյանը, Ե. Չարենցը, Ա. Չոպանյանը եւ այլ անվանի հայաստանցի, ռուս եւ սփյուռքահայ ստեղծագործողներ ու մշակութային եւ հասարակական-քաղաքական գործիչներ:
Առանձնակի տեղ է գրավում գրքի «Ազգային-հայրենասիրական գործունեություն» գլուխը` երկու բաժիններով, ուր Ռ. Բաղդասարյանը առաջին անգամ ուսումնասիրում է Կ. Միքայելյանի «Հոշոտված Հայաստան» (1916-1917 թթ.) Մեծ Եղեռնի տարիներին հայ որբերի գրի առած պատվածքների ցիկլը եւ գրական-հասարակական առումով հարուստ, բազմակողմանի կապերը սփյուռքահայության հետ:
Նշված բոլոր խնդիրները, ինչքան մեզ հայտնի է, մինչ օրս հատուկ եւ լուրջ ուսումնասիրության նյութ չէին դարձել հայ եւ ռուս գրականագիտության մեջ: Շատ դեպքերում գրականագետը առաջիններից է, ով շրջանառության մեջ է դրել փաստաթղթեր ու նյութեր գրողի կյանքի ու գործունեության մասին, նրա բարեկամական հարաբերությունները, նամակագրությունը կարկառուն հայ եւ ռուս գործիչների հետ:
Կարեն Միքայելյանի ստեղծագործությունը եւ գրողի հետ կապված բազմաբնույթ այլ հարցերի ուսումնասիրությունը ոչ միայն բուն գիտական, այլեւ կիրառական նշանակություն ունի, հատկապես XX դարի առաջին կեսի հայ եւ ռուս հասարակական-քաղաքական, գրական-մշակութային կյանքի, գրական եւ քաղաքական հոսանքների եւ ուղղությունների արտացոլման, գնահատման եւ վերլուծման տեսանկյունից:
Ականավոր գործիչի ավանդի մասին գիտական մենագրությունը հայաստանյան եւ ռուսաստանյան իրականության, հայոց նոր գրականության պատմության մեջ, գրական-հասարակական կյանքում կարող է գիտաճանաչողական նշանակություն ունենալ լայն հանրության համար, գրավել նաեւ ռուս ընթերցողի ուշադրությունը Հայաստանից դուրս:
Վլ. ՇՈՇԻՆ, բանասիրական գիտությունների դոկտոր, Սանկտ-Պետերբուրգ
ArmAr.am
Թեգեր` Կարեն Միքայելյան












