Իրականում ինչ է քարոզում ավետարանական հովիվը
Օրերս lragir.am կայքէջում տեղադրված էր ավետարանական հովիվ Սամվել Նավոյանի` «Կրկին հնչեցնենք օրհներգը սիրո» վերնագրված նյութը: Վերլուծության փորձերը մակերեսային են, բերված թվերը` շինծու, շինվածքը` վնասակար եւ ապազգային:
Երգը հին է, բայց վերջին տարիներին ստվարացել է երգիչների բանակը: Այժմ էլ սրանց միացել է սույն ավետարանական հովվի սրինգը: Ավելի պարզ ասած, տարբեր աղանդավորական շարժումներ, այլակերպ կրոնական կազմակերպություններ այնքան են աշխուժացել, որ արդեն սկսել են հարձակվել եկեղեցու վրա` քողածածկվելով մարդու իրավունքների եւ խղճի ազատության մասին եվրոպական կարգախոսներով:
Իմ խորին համոզմամբ, եթե կարելի է մի բանում հաստատապես մեղադրել մեր եկեղեցուն եւ իշխանություններին, դա անթույլատրելի հանդուրժողականությունն է այլազան աղանդների հանդեպ, որոնցից շատերը եվրոպական առաջադեմ համարվող երկրներում պետականորեն արգելված են:
Հայաստանը մեր հայրենիքն է, մեր եկեղեցին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին է. սա է մեր դարավանդ հավատը, որի դեմ քար շպրտելու իրավունք չունեն տասնհինգ-քսան տարի առաջ երկիր թափանցած ոչ մի աղանդ ու քարոզիչ: Սա է անթույլատրելի:
Քաջ գիտենք, որ բոլոր այս պատվիրված աղանդների նպատակը հայ հասարակության ծրագրված պառակտումն է: Մարդու իրավունքներից խոսողները նախ իրենք պիտի հարգեն մյուսների իրավունքները։ Քիչ են այն երկրները, ուր աղանդներն այսքան բարեբեր հող ունեն եւ հոգեորսության համար անպատժելիություն` պետական անտարբերության պատճառով:
Ըստ հոդվածագիր հովվի, Հայաստանում հաշվվում է շուրջ երեք հարյուր վաթսուն հազար աղանդավոր: Այսինքն, եթե նկատի ունենանք Հայաստանի բնակչության իրական թիվը, ամեն չորրորդ-հինգերորդն աղանդավոր է: Ահա թատրոնը, որի նպատակը շատ հեռու է տանում: Ասել կուզի` պատվիրված պառակտումը հաջողությամբ ավարտին է հասնում, եւ մեր եկեղեցին պիտի հաշտվի իրողության հետ ու չփորձի սահմանափակել խղճի ազատության ջատագովների իրավունքները:
Հայտնի է, որ պաշտպանության լավագույն միջոցը հարձակումն է, բայց երբ քո երկրում հարձակվում են քո սրբությունների, քո ինքնության հենասյուների վրա, ոչ միայն պիտի կանխել այդ հարձակումը, այլեւ պիտի սահմանափակել մեր ազգային իրավունքները սահմանափակողների իրավունքները: Այդպես:












