Արևմտյան Հայաստանի եկեղեցիների ու վանքերի բռնազավթված և ոչնչացված ունեցվածքի փոխհատուցման իրավական հիմքերը
Երիտթուրքական իշխանության կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության հետևանքով հայերի վաղնջական հայրենիքի մեծագույն մասը` Արևմտյան Հայաստանը, որտեղ առաջացել, կազմավորվել և իր գոյությունն էր հարատևել հայ ժողովուրդը, որտեղ հիմնականում ձևավորվել և զարգացում է ապրել հայոց պետականությունը և հազարամյակներ շարունակ ընթացել էր հայ ժողովրդի գերակշռող մեծամասնության առօրյա կյանքը, զրկվեց այդ հողի բնիկ տերերից:
Ցեղասպանության ընթացքում և դրանից հետո Արևմտյան Հայաստանի տարածքում իրագործվեց նաև ազգային-մշակութային ցեղասպանություն, որի հետևանքով ոչնչացվեցին հայ մշակույթի պատմական և ճարտարապետական հուշակոթողները, որոնք նյութական վկայություններն էին վաղնջագույն ժամանակներից այնտեղ արմատավորված բնիկ հայկական քաղաքակրթության:
Ըստ իրավագետ Ռ.Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է` նրա ֆիզիկական բնաջնջման միջոցով, այլև նրա ազգային, հոգևոր մշակույթի ոչնչացումը: Սակայն, ցավոք, ազգային մշակութային ցեղասպանություն հասկացությունը չի մտել ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի բնագրի մեջ:
Հայոց Ցեղասպանության մասին խոսելիս գիտակցաբար, թե անգիտակցաբար, բայց և իրավացիորեն, առաջին հերթին մտաբերում ենք ավելի քան 1,5 մլն. անմեղ զոհերի անմարդկային սպանդը, տեղահանություններն ու կոտորածները: Երբեմն նաև, որպես հետևանք, անդրադառնում ենք պատմաճարտարապետական հուշարձանների գազանաբարո ոչնչացմանը: Սակայն քիչ անգամ ենք միայն խորհում հայերին պատկանող նյութական հարստության կողոպուտներին ու ավազակություններին և, մասնավորապես` եկեղեցական և վանքապատկան բռնազավթված և ոչնչացված մշակութային ունեցվածքի մեր անհետ կորստյան մասին, այն մասին, թե մենք հոգևոր ինչպիսի գանձեր, արժեքներ, կոթողներ կորցրեցինք, ավելի ճիշտ հոգևոր և մշակութային ինչպիսի~ թանկարժեք սրբություններ ենթարկվեցին ցեղասպանի անարգ ոճրին:
Բանն այն է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Իթթիհատական կառավարությունն առիթ գտավ ոչ միայն հայ ժողովրդին ամբողջությամբ բնաջնջելու և տեղահանելու իր պատմական հայրենիքից, անվերականգնելի ձևերով ցրելու և տիրանալու նրա հողերին, այլև սեփականացնելու նրա գույքը, ոչնչացնելու վանքերին ու եկեղեցիներին կից դարերի ընթացքում ստեղծված պատմական անթվելի արժեքները, հնությունները, նրա ազգային նյութական, մշակութային բազմատեսակ գանձերն ու, ընդհանրապես, ընդհանուր քաղաքակրթական ողջ ավանդը` և’ նյութական, և՜ իմացական վկայությունները: Արդյունքում վիթխարի վնաս հասցնելով հայ ժողովրդի նյութական և հոգևոր մշակույթին` անարգվեցին ժողովրդական բոլոր սրբությունները:
Դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին, 1912-1913թթ., թուրքական կառավարությունը որոշակի հետաքրքրություն էր հանդես բերում Օսմանյան կայսրության տարածքում գործող հայկական բոլոր վանքերի ու եկեղեցիների թվով ու վիճակով, որը պայմանավորված էր արևմտահայության ցեղասպանության պետական-քաղաքական ծրագրի ծածուկ մշակման հետ[1]:
Նման քաղաքականությունը նորություն էր, քանի որ հայ ազգային եկեղեցական կազմակերպությունը` ի դեմս Կ.Պոլսի Պատրիարքարանի բոլոր ժամանակներում հիմնված է եղել նախկին հանրային իրավունքի խարիսխներից մեկի վրա, որը բնավ Բ.Դռան կողմից` աշխարհակալ ժամանակներից սկսած, երբեք չէր եղծվել:
Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանը, թուրքական ՆԳՆ որոշակի պահանջով ու ճնշումով, արաբատառ թուրքերենով բարեխղճորեն պատրաստում և ներկայացնում է հայկական շուրջ 1500 վանքերի և եկեղեցիների լրիվ ցուցակները (շրջան առ շրջան` համաձայն վիլայեթների, սանջակների և կազաների) և համապատասխան ծանուցագրեր` ՙԹաքրիրներ՚ (ցույց տալով վանքերի և եկեղեցիների տեղագրական վայրերը, անունները և կառուցման թվականները):
Պատրիարքարանն ազգապատկան գույքերը ոչ միայն հաշվեցուցակի մեջ գրանցեց, այլև երեքը հունվարի, 1306 (sic) թվականով ընդարձակ հիշատակագիր ներկայացրեց կառավարությանը, որի մեջ հիշատակելով հայկական տեղահանության առաջ բերած բոլոր չարիքները, պահանջեց շուրջ 200 վանքերի և 2000 եկեղեցական հաստատությունների հասույթները[2]:
Այդ ամենին հետևում է Թալեաթի` Հալեպի տեղահանության գործերով կոմիտեին ուղված հրահանգը` «ամեն կերպ ջանալ ոչնչացնել բուն «Հայաստան» անվանումը Թուրքիայում»[3]: Գիտակցելով եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում, երիտթուրքերը նպատակամղված կազմակերպում են հայ հոգևորականության կոտորածը, ոչնչացնում են եկեղեցիներն ու վանքերը և բռնագրավում եկեղեցական գույքը:
Հայերի շարժական և անշարժ գույքերի և կալվածքների բռնագրավումը, կողոպուտը և յուրացումը կանոնավոր և անաղմուկ իրականացնելու համար, Ներքին գործերի նախարարությունը ջարդարարներին է ուղարկում մի շարք ծածկագիր հեռագրեր, շրջաբերականներ և հավելվածական հրամաններ: Միաժամանակ, նույն Ներքին գործերի նախարարության միջոցով, 1915թ. (1331թ.) մայիսի 16-ին, հաստատվում և մայիսի 26-ին գործողության մեջ է դրվում 34 հոդվածներից բաղկացած հրահանգների գաղտնի մի հավաքածու, որը մայիսի 29-ին հավանության արժանացավ մեծ վեզիրի կողմից: Ամբողջությամբ այն կոչվում է «Պատերազմական վիճակի և քաղաքական արտասովոր անհրաժեշտությունների բերումով տարագրված հայերին պատկանող լքյալ գույքերի, անշարժ կալվածքների և հողերի «վարչական կարգադրությունների» մասին հրահանգներ»` «թալիմաթնամէ»-ն, որի նպատակն էր պետական բարձրաստիճան և սովորական պաշտոնյաների հանձնախմբերի և զանազան գործակալների միջոցով ցանկագրել և վերջնականապես յուրացնել 500 000 հայ ընտանիքներին պատկանող հողերը, շենքերը, արտերը, դպրոցները, վարժարանները և մասնավորապես` վանքերն ու եկեղեցիներն իրենց ունեցվածքով[4]:
«Վարչական» թալանի այդ հանձնախմբերը ենթակա էին Ներքին գործերի նախարարությանը և յուրաքանչյուր 15 օրը մեկ պարտավոր էին տեղեկագրեր ներկայացնել իրենց գործունեության մասին:
Հրամանագրի 2, 3, 6, 11 և 22 հոդվածները վերաբերում էին եկեղեցական և կրոնական հաստատություններին և նրանց գույքին:
Հոդված 2 – «Որևիցե գյուղ, կամ ավան ուրիշ վայր «փոխադրելուց» (պետք է հասկանալ` տարագրելուց) հետո, «փոխադրված» (այսինքն` տարագրված) ժողովրդի սեփական տները և բոլոր շինությունները` իրենց մեջ գտնված ապրանքներով պիտի փակվեն, դռները պիտի կնքվեն և պահպանության և հսկողության տակ պիտի վերցվեն»:
Հոդված 3 – «Պահպանության և հսկողության տակ վերցված գույքի տեսակները, քանակությունը, գնահատված արժեքները և սեփականատերերի անունները մանրամասնությամբ պետք է արձանագրվեն մատյաններում (տոմարներում), որից հետո գույքերը եկեղեցիների, դպրոցների, խանութների և պահեստատեղիների մեջ պիտի փոխադրվեն, այնպես, որ յուրաքանչյուրի սեփականատերը հայտնի լինի: Գույքի սեփականատիրոջ և գույքի քանակության մասին տեղեկագիր պետք է պատրաստվի, որի բնագիրը պետք է հանձնվի տեղական կառավարությանը, իսկ դրա պատճեն` «Լքյալ» գույքերի վարչական հանձնախմբերին»:
Հոդված 6 – «Եկեղեցիների մեջ եղած գույքերը, նկարները, Սուրբ Գրքերը պետք է արձանագրվեին, դրանց պիտի կցվեին տեղեկագրեր և պահվեին տեղում: Երբ տարագրված բնակչությունը որևէ տեղ կհաստատվեր, յուրաքանչյուր գյուղին պատկանող եկեղեցական ունեցվածքը պետք է նրան ուղարկվեր»:
Հոդված 6 – «Եկեղեցիների մեջ եղած գույքերը, նկարները, Սուրբ Գրքերը պետք է արձանագրվեին, դրանց պիտի կցվեին տեղեկագրեր և պահվեին տեղում: Երբ տարագրված բնակչությունը որևէ տեղ կհաստատվեր, յուրաքանչյուր գյուղին պատկանող եկեղեցական ունեցվածքը պետք է նրան ուղարկվեր»:
Հոդված 11 – «Տարագրված հայերի գյուղերում, բնակարաններում և հողերի վրա պիտի բնակեցվեին թուրք մուհաջիրներ, որոնց պիտի տրվեին վկայաթղթեր»:
Հոդված 22 – «Ծախված կամ վարձով տրված կալվածքների գումարները տերերի անուններով պիտի հանձնվեին ելևմտական գանձարկղին… որոնք հետագայում… իրենց տերերին պետք է հանձնվեն»:
Իրավական ուժ չստացած տեղահանման մասին այդ ժամանակավոր օրենքի հիման վրա արդեն 1915թ. հունիսի 10-ին մտցվեց լրացուցիչ օրենք, որը ցուցումներ էր բովանդակում «պատերազմի և քաղաքական արտակարգ պայմանների հետևանքով տեղահանված հայերի թողած շարժական և անշարժ կայքի» հետ վարվելու մասին: Հայկական ամբողջ ունեցվածքը հայտարարվեց «լքյալ» և կալանք դրվեց դրա վրա: Նախատեսվում էր հատուկ կոմիտեների ստեղծում, որոնց վրա կդրվեն «լքյալ» սեփականության հաշվառումը և դրա հուսալի պահպանումը սեփականատերերի անունով: Անասունը և պահպանման ոչ ենթակա այլ ունեցվածքը պիտի վաճառվեր հանրային աճուրդով, ստացված գումարները պիտի պահվեին սեփականատերերի հաշիվներում, իբր վերադառնալուց հետո նրանց հանձնելու համար: Նախատեսվում էր նաև, որ հայերի տները և հողերը, համապատասխան արձանագրմամբ, ենթակա էին հանձնելու Բալկանյան պատերազմի ժամանակ քոչած թուրք փախստականներին: Հանձնվում էին շինություններ, տներ, ձիթենու պլանտացիաներ, խաղողի այգիներ և այլն, իսկ թուրք փախստականներին բաժանելուց հետո մնացած ունեցվածքը ենակա էր հանրային աճուրդով վաճառվելու, ստացված գումարները սեփականատերերի հաշիվների վրա գրառելով:
Բողոքելով հայերի ունեցվածքի վաճառքի դեմ, սենատոր Ռիզան հայտարարել էր. «Ոչ ոք իրավունք չունի վաճառել իմ ունեցվածքը, եթե ես չեմ կամենում: Դա արգելված է Սահմանադրության 21-րդ հոդվածով: Եթե մենք սահմանադրական ռեժիմ ունենք, որը գործում է սահմանադրական իրավունքին համապատասխան, դա անել չենք կարող: Կամայականություն է: Բռնել ինձ, դուրս քշել իմ գյուղից, հետո էլ վաճառել իմ ունեցվածքը և սեփականությունը, նման բան երբեք չի կարող թույլատրվել: Դա չի կարող թույլ տալ ոչ գիտակցությունը, ոչ օսմանյան իրավունքը»[5]:
Սակայն «Լքյալ գույքերի» օրենքը, որը պիտի պաշտպաներ տեղահանված հայերի ինչքերը, Զավեն պատրիարքի վկայությամբ «բնավ չգործադրուեցաւ… Այսպէս, ժողովուրդին բոլոր շարժական ստացուածքը կը փճանար կամ լաւ եւս թուրքերուն ձեռքը կ’անցներ: Կառավարութիւնը ոչ մէկ տեղ հոգածու գտնուեցաւ այդ գոյքերը հաւաքելու կամ դրամի վերածելու…»: [6]
Նույն Զավեն պատրիարքի 1915թ. հուլիսի 13-ի և օգոստոսի 15-ի 2 նամակների հաղորդումներից պարզվում է, որ «Եկեղեցիներ ու վանքեր կողոպտուած, քանդուած ու սրբապղծուած են: … Եկեղեցիները արդէն կողոպտուած են եւ մզկիթի, ախոռի կամ ուրիշ բաներու վերածուած են: Արդէն Պոլսոյ հրապարակներուն վրայ, սկսած են ծախուիլ հայ եկեղեցիներու անօթները եւ այլ գոյքեր…»: [7]
1915թ. սեպտեմբերի 13-ի Ունեզրկման և բռնագրավման մասին ժամանակավոր օրենքով սահմանվում էր տեղահանվածների «լքյալ» ունեցվածքի, նրանց բանկային հաշիվների և ավարների նկատմամբ հայտերի արձանագրման և քննման կարգը:[8] Այդ օրենքը հրապարակայնորեն քննարկվեց Սենատում, բայց կիրարկվեց սահմանադրական խախտմամբ` առանց խորհրդարանի քննարկման: Ըստ այդ օրենքի, հարքունիս բռնագրավվում էին բոլոր տեղահանվածների, վանքերի և եկեղեցիների շարժական և անշարժ ստացվածքները: Կ.Պոլսի մեջ կազմվեցին 4 հանձնաժողովներ (Նիկոմիդիա, Կիլիկիա, արևմտյան և արևելյան` հայկական նահանգներ)` տեղերում բռնագրավման գործողություններն իրականացնելու համար: [9]
Պետական գրավոր հրամանագրերի համաձայն, իթթիհատականները 1914-1918թթ. բռնագրավեցին, կողոպտեցին և ավերեցին` հայերին պատկանող բազմաթիվ շինություններ, 2050 հայկական եկեղեցիներ և 203 վանքեր: (Ըստ Մ.Օրմանյանի տվյալների, Արևմտյան Հայաստանի եկեղեցիների և վանքերի թիվը 1912-ին 2200 էր[10]: Իսկ Պողոս Նուբար փաշայի և Ավետիս Ահարոնյանի 1919թ. Փարիզի վեհաժողովին ներկայացված ամբողջությամբ կամ մասամբ կործանված կրոնական և ազգային կալվածքների ցանկում արձանագրված են 83 եպիսկոպոսական աթոռներ` առաջնորդարաններ, 1860 եկեղեցիներ ու մատուռներ, 229 վանական հաստատություններ, 26 բարձրագույն վարժարաններ, 1439 դպրոցներ և 42 որբանոցներ) [11]:
Վերոհիշյալ թվերի մեջ չեն մտնում Կ.Պոլսի և արվարձանների 38 եկեղեցիները, Պաղեստինի և Սիրիայի մեջ գրեթե անվթար մնացած 18 վանքերն ու եկեղեցիները: Այդ հաշվարկի մեջ չեն նաև 1921 թվականի Կարսի պայմանագրով Թուրքիային անցած 93 ավերված եկեղեցիները:
Վանքերն ու եկեղեցիները իսկական գանձարաններ էին և ճոխ մատենադարաններ և ունեին հին, անթիվ, բազմատեսակ և թանկարժեք առարկաներ և արվեստի հարուստ հավաքածուներ: Պատկերացնելու համար թալանի իրական արժեքը, դրանք պայմանականորեն կարելի է բաժանել ութ խմբի.
1) Ծիսական նպատակներով կամ եկեղեցական արարողությունների ընթացքում գործածվող արծաթե, ոսկե, պղնձե, սրբազան առարկաներ-սկիհներ, խաչեր, վարդապետական գավազաններ, բուրվառներ, խնկամաններ, արծաթապատ ավետարաններ, մյուռոնի ամաններ, աղավնիներ, տաշտեր, ջրամաններ, սափորներ, քշոցներ, աշտանակներ, ջահեր, կանթեղներ, սրբատուփեր, մասնատուփեր, մասունքի պահարաններ, գույքի և շուրջառի ճարմանդներ, արծաթե վակասներ և գոտիներ, մատանիներ, ծնծղաներ, թանաքամաններ և այլն:
Գ.Մեսրոպի մոտավոր հաշիվներով 1915թ. նախօրյակին հայ կրոնական հաստատությունների մեջ գտնված միայն արծաթյա և ոսկյա սպասքների ընդհանուր քանակը պետք է լիներ առնվազն 600 հազ. կտոր[12]:
Այսօր, եկեղեցական արվեստի և հնագիտական տեսանկյունից մեծ արժեք են ներկայացնում այս խմբին պատկանող մետաղագործական առարկաները:
Ներկայումս, մեզ հասած նմանատիպ առարկաները, որոնք համախմբված են ազգային մեր թանգարաններում, Էջմիածնի, Երուսաղեմի, Վենետիկի, Անթիլիասի, Վիեննայի և Զմմառի վանքերում, ինչպես նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի անձնական հավաքածուներում, որոշ գաղափար են տալիս անցյալի մեր գեղարվեստի գանձերի մասին:
2) Ասեղնագործ և ձեռագործ իրեր- վարագույներ, սկիհի ծածկոցներ, Ավետարանի խաչի և խորանի նուրբ լաթեր, բռնիչներ, սփռոցներ, խաչվառներ, սրբիչներ, շուրջառներ, սաղավարտներ, թագեր, վակասներ, փուրուրարներ, բազպաններ, շապիկներ, ուրարներ, հողաթափեր, ժանյակներ, դիպակներ:
3) Գորգեր և կարպետներ – Վանքերն ու եկեղեցիները չափազանց հարուստ էին հին ու թանկարժեք գորգերով ու կարպետներով:
4) Փայտափորագրական առարկաներ – դռներ, գահեր, աթոռներ, սեղաններ, գրակալներ, խաչեր, սյուներ, խոյակներ, մասունքներ, փայտյա պահպանակներ, տուփեր և այլն:
5) Սրբերի մասունքներ և քրիստոնեական այլ նվիրական առարկաներ – Կենաց փայտ կամ խաչափայտ, Նոյի տապանի մասունքներ, Հիսուսի խաչի բևեռներ, Գր.Լուսավորչի, ինչպես նաև հայ և օտար սրբերի մասունքներ և այլն, որոնք վայելում էին մեծարանք, համարվում էին սրբազան, չարխափան և հրաշագործ:
6) Ցեղասպանության տարիներին ոչնչացվեցին մեծ քանակությամբ հայկական ձեռագրեր, հնագույն տպագիր գրքեր և մանրանկարչական գործեր, որոնք պահվում էին բազմաթիվ վանքերում և եկեղեցիներում:
Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմության ընթացքում ստեղծել է պատմությանը, գրականությանը, արվեստին, բնական գիտություններին վերաբերող տասնյակ հազարավոր ձեռագիր մատյաններ, հոգևոր և աշխարհիկ բնույթի երկեր: Դրանք մարմնավորում էին հայ արվեստը, հայ մշակույթը, հայ միտքը, հայի ստեղծագործ ոգին և ազգային հարստությունը: Այդ ձեռագրերը ժամանակ առ ժամանակ ոչնչացվել են տարբեր նվաճողների կողմից, սակայն XIX դ. վերջին և XX դ. սկզբին դրանց մաքրագործումը կատարվել է մտածված և ծրագրված: 1894-96թթ.-ին և 1915-23թթ.-ին ավերելով հայկական սրբավայրերն ու բնակավայրերը` թուրքերն ու քրդերը ոչնչացրել ու հրկիզել են այնտեղ պահվող հազարավոր ձեռագրեր ու գրքեր:
Մինչև ցեղասպանությունը մեծ թվով հայկական ձեռագրեր են պահվել Սսի, Ադանայի, Կ.Պոլսի, Եվդոկիայի, Խիզանի, Տարոնի, Կարինի, Սեբաստիայի, Մալաթիայի, Վասպուրականի և Արևմտյան Հայաստանի ու Օսմանյան կայսրության այլ վայրերի վանքերում ու եկեղեցիներում և անհատ մարդկանց մոտ: Կոտորածների և տեղահանության ժամանակ իրենց բնակավայրերից հեռացող հայերը հաճախ առաջին անհրաժեշտության իրերի փոխարեն իրենց հետ վերցրել են ձեռագիր մատյաններ` փրկելու համար մարդկային մտքի այդ արգասիքները: Շատ ձեռագրեր պահվել են թաքստոցներում, սակայն թուրքերը, հայտնաբերելով դրանք ոչնրացրել են: Հրաշքով փրկված ձեռագրերի մի մասը թուրքեր վաճառել են Եվրոպայում, իսկ շատ ձեռագրերի ու գրքերի թերթերն ու էջերը Մուշի, Կարինի և այլ վայրերի շուկաներում գործածել են որպես փաթեթավորման թուղթ:
Ոչնչացված ձեռագիր մատյանների մեջ եղել են հազվագյուտ, անփոխարինելի և անվերադառնալի Աստվածաշունչներ, սաղմոսներ, մաշտոցներ, ճաշոցներ, ժամագրքեր, պատարագամատույցներ, շարակնոցներ, հայսմավուրքներ, ճառընտիրներ, քարոզագրքեր, տոնացույցներ, օրացույցներ, կանոնագրքեր, վարքեր, հայ, հույն, ասորի, հրեա, հռոմեացի հեղինակների (Փավստոս Բուզանդ, Կորյուն, Եղիշե, Մովսես Խորենացի, Դավիթ Անհաղթ, Մովսես Կաղանկատվացի, Հովհաննես Դրասխանակերտցի, Թովմա Արծրունի, Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Մագիստրոս, Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի, Վարդան Այգեկցի, Գրիգոր Տաթևացի, Առաքել Սյունեցի, Թովմա Մեծոփեցի, Հակոբ Թոխաթեցի, Ստեփանոս Լեհացի, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նազիանզացի, Հովհան Ոսկեբերան, Պրոկղ (Պրոկղես), Միքայել Ասորի, Նանա Ասորի, Կյուրեղ Երուսաղեմացի, Դիոնիսիոս Արեոպագացի, Եվագրոս, Հերոնիմոս, Կոռնելիոս Լատինացի, Թովմա Աքվինացի և այլք) պատմական, փիլիսոփայական, բնագիտական բնույթի գործեր, հայկական մանրանկար¬չության գլուխգործոցներ: 1894-96թթ.-ին և 1915-23 թթ.-ին հայկական ձեռագրերի ոչնչացումը խոշոր հարված էր ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթին ու գիտությանը, և անդառնալի կորուստ մարդկության համար, քանի որ դրանք սրբազնագույն էին, մեծ մասամբ հազվագյուտ և անգնահատելի:
Հայ գաղթականների անձնազոհության, մտավորականության ջանքերի շնորհիվ, այնուամենայնիվ, Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող ձեռագրերի մի մասը փրկվել է ոչնչացումից: Այդպիսք, ինչպես նաև հայկական այլ ձեռագրեր պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում, Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարաններում, Երուսաղեմի և Կ.Պոլսի հայոց պատրիարքարաններում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների մատենադարաններում, աշխարհի խոշորոգույն գրադարաններում և թանգարաններում:
Թեև ոչնչացված ձեռագիր մատյանների թվի մասին կան որոշ տվյալներ (Վասպուրականում` շուրջ 3000, Տարոնում` շուրջ 2000, Կեսարիայում և շրջակայքում` 700, Անկարայում և շրջակայքում` ավելի քան 300, Արմաշում` շուրջ 250, Սեբաստիայում և շրջակայքում` շուրջ 170 և այլն), այնուամենայնիվ եղեռնի ժամանակ թուրքերի կողմից ոչնչացված հայկական հոգևոր մշակույթի այդ հուշարձանների ճշգրիտ թվաքանակը անհայտ է, որովհետև XIX դ. սկզբին դեռևս չկար հայկական բոլոր ձեռագրերի համահավաք ցուցակը, որի հետ համեմատվեր ոչնչացումից փրկվածների թիվը:
Սակայն նախորդ ժամանակաշրջանին վերաբերող տվյալները թույլ են տալիս հաստատել, որ Թուրքիայի տարածքում ոչնչացվել է ավելի քան 20 հազար հայկական ձեռագիր և հին տպագիր գիրք:
7) Արվեստի այլ գործեր և սրբազան պատկերներ – հին և միջնադարյան ժամանակներից պահպանված և ժողովրդական ու ավանդական մեծ համբավ ձեռքբերած նկարներ, որմնանկարներ, պատկերաքանդակներ, խաչքարեր, տապանաքարեր, վիմական արձանագրություններ և այլն:
8) Վանական և եկեղեցական կալվածներ – այդ թվում նաև վարժարաններ, իջևաններ, տներ, խանութներ, այգիներ, պարտեզներ, անտառներ, ջրաղացներ, որոնք իբրև հասույթ ծառայում էին վանքերին, վանականներին և եկեղեցական հաստատություններին: Ըստ Գ. Մեսրոպի, եթե ժամանակին յուրաքանչյուր վանք և եկեղեցի 10-20 մասունք ունենար «Հայոց կորսնցուցած թանկագին մասունքներուն թիւը երեսուն հազարը կ’անցնի»[13]:
Դեռևս, 1915թ. փետրվարի 14-ին Թուրքիայի ՆԳ նախարար` Թալեաթին ուղղված ծածկագիր հեռագրում Օսմանյան խորհրդարանի անդամ Ա. Վռամյանն ու Օնիկ Դերձակյանն առաջարկում էին գտնել ու հետ վերադարձնել միայն 1914-1915 թթ. թալանված եկեղեցիների ու վանքերի գույքը: Սակայն հեռագիրը մնում է անպատասխան[14]:
Մշակութային կորուստը, դուրս գալով ազգային սահմաններից, ունի նաև միջազգային նկարագիր: Այն իրապես, անփոխարինելի կորուստ է միջազգային չափանիշներով և մարդկային բովանդակ քաղաքակրթության առումով: Թուրքը բռնագրավելով հայ դարավոր մշակույթի գանձերը, դրանք չպահեց, այլ «ականահարեց, քանդեց, այրեց, փճացուց»[15]:
Գ.Մեսրոպի հավաստմամբ` «Թուրք բարբարոսը եթե միայն հայ վանքերէն ու եկեղեցիներէն հաւաքէր բազմադարեան նկարները, հնութիւնները, մասունքները, գեղարուեստական առարկաները, յիշատակարանները, գերեզմանա¬քարերը, գրչագիրները, հին գորգերը, հնակերտ գործուածքները, գոհարազարդ, գոհարակուռ առարկաները եւ բոլորը ծախէր քաղաքակիրթ պետութեան մը` եթէ ինք չէր ուզեր կամ չէր համարձակեր պահել զանոնք, մեծարժէք թանգարան մը պահպանած պիտի ըլլար մարդկային քաղաքակրթութեան համար»[16]:
Կորստի մեծությունն այնքան ահավոր է, որ չափազանց դժվար է որոշել եկեղեցական ու վանական հաստատությունների մշակութային և արվեստի գանձերի նյութական ամբողջական արժեքը և դրանց համապատասխան հաշիվները:
Ըստ Լևոն Վարդանի, մեր ընդհանուր կորուստը կկազմի աստղաբաշխական այնպիսի մի գումար, որ ընկալելու համար «անզօր պիտի մնայ ուղեղը պատմութեան…» [17]:
1919թ. կատարված հաշվարկների համաձայն, թուրքերի կողմից 1915-1918թթ. ընթացքում հայերին հասցված նյութական ընդհանուր վնասը կազմել է 19 մլրդ ֆրանկ[18]:
Հ. Ղազարյանի մոտավոր հաշվարկների համաձայն, Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի մյուս վայրերի մեջ գտնված հայ վանական ու եկեղեցական շենքերի կամ համալիրների շարժական և անշարժ կալվածքների, դրանց մեջ հավաքված ոսկյա, արծաթյա, պղնձյա ապրանքների և առարկաների, ձեռագրերի, արվեստի զանազան գործերի և զանազան հնությունների մոտավոր արժեքն իր ժամանակաշրջանում կազմել է` նվազագույնը 1.000.000.000 (1 մլրդ) դոլար: Իսկ հայերի նյութական ընդհանուր կորուստը անշուշտ իր ժամանակաշրջանում գնահատվում էր 5.000.000.000 (5 մլրդ) ոսկի դոլարով[19]: Ըստ Երվանդ Խաթանասյանի հաղորդում¬ների, կորուստը գնահատվում է շուրջ 3 մլրդ 750 մլն դոլար[20]:
Սակայն, հայկական հուշարձանների ոգեղեն արժեքների մեծ մասի կողոպուտը հնարավոր չէ փոխարինել ոչ դոլարներով և ոչ էլ ձուլակտոր ոսկու հազարավոր կիլոգրամներով:
Եթե մարդկության և մտավորականության կորուստը կարելի է ժամանակի ընթացքում մասամբ դարմանել, իսկ համառ աշխատանքով վերականգնել նաև կորսված հարստությունները, ապա վայրագությունների և կողոպուտի հետևանքով մեզ պատճառած քաղաքակրթական կորուստն անկարելի է ո՜չ կշռել, ո՜չ փոխանակել և ո՜չ էլ վերականգնել: Դրանք անսրբագրելի են և անվերադարձ:
Այդուհանդերձ, կարծում ենք, որ ժամանակն է լուրջ հաշվեկշիռ կատարելու ազգային և մշակութային անվերադարձ մեր կորուստների` վանքերի, եկեղեցիների, մատուռների, գրադարանների, վարժարանների, դպրևանքների, ձեռագիր մատյանների, տպագիր գրքերի, ոսկերչական և արծաթագործական աշխատանքների, մետաղագործական կամ պղնձագործական տնային ու կենցաղային առարկաների, եկեղեցական սպասքների և սրբազան այլ առարկաների, գորգերի, ասեղնագործական իրերի, հնությունների, հնախոսական կառույցների, քանդակների, խաչքարերի, տապանաքարերի, արձանների, վիմագիր արձանագրությունների, նկարների, որմնանկարների և այլնի, որոնց քանակը և պատմական ու մշակութային արժեքը դժվար, գրեթե անկարելի է ճշգրտորեն հաշվարկել: Սակայն ակնհայտ է, որ դրանց փոխհատուցման իրավական հիմքերն այսօր առկա են:
1918թ. նոյեմբերի 4-ին, երբ Թուրքիան պարտություն կրեց պատերազմում և երիտթուրքական կառավարության անդամները փախան երկրից, Օսմանյան կայսրության խորհրդարանն այդ փաստաթուղթը ճանաչեց ոչ սահմանադրական և իրավական առումով անվավեր:
Իսկ սա նշանակում է, որ դեռևս Առաջին աշխարհամարտի տարիներից Թուրքիան պատասխանատվություն է վերցրել իր ոճիրների և կողոպուտների համար, և վաղ թե ուշ նա պարտավոր է այն հատուցել: Դա նշանակում է, նաև, որ հայը շարունակելու է մնալ պահանջատեր:
ԱՎԵՏԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ, ԴԵՑԵՆՏ
ArmAr.am
[1] Ըստ Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի դիվանական աղբյուրների Մեծ Եղեռնից առաջ Օսմանյան Թուրքիայում գործում էր 2538 հայ առաքելական եկեղեցի:
[2]Զաւէն Արքեպս., Պատրիարքական Յուշերս. վաւերագիրներ եւ վկայութիւններ, Գահիրե, 1947, էջ 317-322:
[3] Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Երևան, 1991, էջ 562:
[4] Հայկազն Գ. Ղազարեան, Ցեղասպան թուրքը, Պեյրութ, 1968, էջ …….:
[5] Յու. Բարսեղով, Հայերի ցեղասպանության համար նյութական պատասխանատվությունը, Երևան, 1999, էջ 6:
[6] Զաւէն Արքեպս., Պատրիարքական Յուշերս. վաւերագիրներ եւ վկայութիւններ, էջ 317-322:
[7] Գ. Ահարոնյան, 1915-1965, Յուշամատեան Մեծ Եղեռնի, Պեյրութ, 1965, էջ 501:
[8] Յու. Բարսեղով, Հայերի ցեղասպանության համար նյութական պատասխանատվությունը, էջ 6:
[9] ՊԲՀ, 1965, թիվ 1, էջ 99-100:
[10] Օրմանյան Մ., Հայոց եկեղեցին, Կ.Պոլիս, 1913, էջ 259-269:
[11] Հ.Տ. Ծ. վրդ. Եարտըմեան, Հայաստանի վանքերուն եւ եկեղեցիներուն մշակութային կորուստը 1894-1896 եւ 1915-1925 տարիներուն, Վենետիկ – ս. Ղազար, 2001, էջ 69:
[12] Գէորգ Մեսրոպ, Թուրքիոյ Հայոց Կորուստները, էջ 809:
[13] Գէորգ Մեսրոպ, Թուրքիոյ Հայոց Կորուստները, էջ 808:
[14] ՙՀայրենիք՚, Բոստոն, 1924թ. ապրիլ, թիվ 6, էջ 98-101:
[15] Հ.Տ. Ծ. վրդ. Եարտըմեան, Հայաստանի վանքերուն եւ եկեղեցիներուն մշակութային կորուստը 1894-1896 եւ 1915-1925 տարիներուն, էջ 100:
[16] Գէորգ Մեսրոպ, Թուրքիոյ Հայոց Կորուստները, էջ 811:
[17] Լեւոն Վարդան, Հայկական Տասնհինգը և Հայերու Լքեալ Գոյքերը, Պեյրութ, 1970, էջ 321-322:
[18] ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 35, թ. 150:
[19] Հայկազն Գ. Ղազարեան, Ցեղասպան թուրքը, էջ 212 և 217:
[20] Երվ. Խաթանասյան, Հայոց թիվը, Պոստըն, 1965, էջ 22-23:












