Հաշտութեան եւ բարեկամութեան պայմանագրերի պատմութիւնը
Այս պարտվողական դասական գործընթացի սկիզբը հայոց դիվանագիտութեան մէջ ներդրվեց 1918 թվականին եւ որին վերջ դրվեց 2011 թվականի փետրվարի 4-ին:
1918 թվականի ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասեան բանակցութիւնները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերը մայիսի 26-ին վերջնագիր ներկայացրին անդրկովկասեան պատվիրակութեանը եւ հենց նույն օրը Անդրկովկասի Սեյմը կազմալուծվեց, ինչը նշանակում էր, որ նորահռչակ հանրապետութիւններից յուրաքանչյուրն ինքն էր պարտավորված լուծել Թուրքիայի հետ պատերազմի եւ խաղաղութեան հարցը:
Այսպիսով, Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում Արեւմտեան Հայաստանը ամբողջապես եւ Արեւելեան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը եւ շուրջ 5 գավառ։ Արդյունքում՝ Հայկական Հանրապետութիւնը հաստատվեց ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածքի վրա: Ընդհանուր հաշվով հայ ժողովուրդը կորցրեց ողջ Արեւմտեան Հայաստանը եւ Արեւելեան Հայաստանից 28 հազ. քառ. կմ տարածք: Ալ. Խատիսեանը ամփոփելով հայ-թուրքական բանակցութիւնների արդյունքները իր նամակում գրում էր. “Մենք կբերենք վատ հաշտութեան պայմանագիր, բայց կբերենք նաեւ անկախ Հայաստան, տուն, բույն, որտեղ կռվում է ժողովրդական միտքը։ Այս բոլորը կկապի, կմիավորի, կբարձրացնի ոգին, իսկ դա կարեւոր է։ Ես հավատում եմ մեր պետութեանը”: Ինչ արժէ հաշմանդամի կեանքը, մի՞թէ Ալ. Խատիսեանը տեղյակ չէր: Սակայն Բաթումի պայմանագիրը ի ուրախութիւն հայ ժողովրդի չի վավերացվել ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ Թուրքիայի կառավարութիւնների կողմից եւ առկախ է մնացել մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918 թ. նոյեմբերը:
Բաթումի պայմանագրում, թուրքերի պահանջով, Հայկական Հանրապետութիւնը պարտավորվում էր զինաթափել եւ ցրել իր տարածքում գտնվող “բոլոր բանդաները”: Թուրքերը նպատակ էին դրել առաջին հերթին չեզոքացնել գեներալ Անդրանիկի գլխավորած Հայկական առանձին հարվածային զորամասը եւ նրանք հասան իրենց հետապնդած գլխավոր նպատակին, որոշ ժամանակով զրկեցին հայ ժողովրդին ինքնապաշտպանութեան իրավունքից եւ հնարավորութիւնից:
Ահա թե ինչու զորավար Անդրանիկը հրաժարվեց ճանաչել Բաթումի պայմանագիրը եւ իր 4000-անոց զորամասով եւ Արեւմտեան Հայաստանի հայ գաղթականների մի հոծ բազմութեամբ Նոր Բայազետ – Դարալագյազ – Ջուլֆա գծով 1918 թ. հունիսին փորձեց անցնել Պարսկաստան՝ միանալու դաշնակիցների բանակներին եւ շարունակելու ազատագրական պայքարը թուրք զավթիչների դեմ:
1920 թ. օգոստոսի 10-ին կնքվեց Սեւրի հաշտութեան պայմանագիրը, որին իրավական գնահատականներ տալուց չպետք է անտեսել մի կարեւոր հանգամանք: Ստորագրելով Սեւրի պայմանագիրը, ինչպես Հայկական Հանրապետութիւնն ու Թուրքիան, այնպես էլ պայմանագիրը ստորագրած մյուս բոլոր պետութիւններն ընդունեցին, որ Բաթումի պայմանագրով Թուրքիային անցնող տարածքները չեն կարող օտարվել Հայկական Հանրապետութիւնից: Միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, Բաթումի պայմանագիրը համարվեց դադարեցված: Բաթումի պայմանագրի դենոնսացիան մասնավորապես բխում է Սեւրի պայմանագրին մասնակից կողմերի գործողութիւնից եւ նրանց ցանկութիւնից, այսինքն՝ Բաթումի պայմանագիրը համարվեց առ ոչինչ եւ հայկական եւ թուրքական կողմերը ստորագրեցին միջազգայնորեն ճանաչված եզրափակիչ պայմանագիր, որտեղ հայոց պահանջատիրութեան հարցը լուծվեց միջազգային իրավունքի չափանիշների սահմաններում:
1920 թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետութեան եւ քեմալական Թուրքիայի միջեւ Ալեքսանդրապոլում ստորագրվեց հաշտութեան պայմանագիր, որը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի Խորհրդային Կառավարութիւնը չվավերացրեց այն: Թուրքիայի կողմից այն ստորագրեց թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ այս անգամ նույնպես, Ալ. Խատիսեանը։ Սույն պայմանագրով նորից Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալույի գավառը, իսկ Նախիջեւանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորութեան ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ Ինչպես տեսնում ենք Արցախի ազատագրված տարածքներում եւ բուն Արցախի տարածքում հանրաքվե անքկացնելու գաղափարը ամրագրված է Ալեքսանդրապոլի պայմանագրում:
1921-ի մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց “Ռուս-թուրքական բարեկամութեան եւ եղբայրութեան” պայմանագիրը, որի 8-րդ, 9-րդ, 15-րդ հոդվածներում մասնավորապես ասված է.
8-րդ հոդված. “Պայմանավորվող երկու կողմերը պարտավորվում են իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպութիւնների եւ խմբերի առաջացումն ու գոյութիւնը, որոնք ունեն մյուս երկրի, կամ նրա տերիտորիայի մի մասի կառավարութեան դերն ստանձնելու հավակնութիւն, ինչպես նաեւ պարտավորվում է իրեն տերիտորիայում արգելել այնպիսի խմբերի գոյութիւնը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ”:
9-րդ հոդված. “Երկու երկրների միջեւ հաղորդակցութիւնների անընդհատութիւնն ապահովելու համար, Պայմանավորվող կողմերը պարտավորվում են փոխադարձ համաձայնութեամբ երկաթուղային, հեռագրային եւ հաղորդակցութեան այլ միջոցները պահպանելու եւ որքան հնարավոր է արագ զարգացնելու, ինչպես նաեւ առանց որեւէ խափանումների երկու երկրների միջեւ մարդկանց ու ապրանքների ազատ փոխադրումն ապահովելու նպատակով ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները”:
15-րդ հոդված. “Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասեան հանրապետութիւնների նկատմամբ դիմել քայլերի, որպէսզի այդ հանրապետութիւնների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրում անպատճառ ճանաչվեն սույն Պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց”:
Մեր մեկնաբանութիւնների կարիքը չկա, ուղղակի նշենք, Ալ. Խատիսեանը թուրքերին զիջեց առավելագույնը: Ռուսաստանը իր հերթին իր անունից հայկական կողմի ստրկական համաձայնութեամբ Թուրքիային զիջեց այն ամենը՝ ինչը բխում էր ռուս-թուրքական շահերից:
1921 թվականի հոկտեմբերի 13-ին կնքվեց Կարսի պայմանագիրը մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան եւ Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան՝ բոլշեւիկեան Ռուսաստանի մասնակցութեամբ։ Կարսի պայմանագիրը հաջորդելով Մոսկվայի պայմանագրին հաստատեց վերջինիս դրույթները եւ սահմանեց ժամանակակից սահմանները Թուրքիայի եւ Անդրկովկասեան հանրապետութիւնների միջեւ: 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագիրը վավերացվել է 1922 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Երեւանում: Պայմանագրով նորից Թուրքիային անցավ Կարսի մարզը գրեթե ամբողջութեամբ եւ Սուրմալուի գավառը՝ ներառեալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջեւանի շրջանը, որը սահմանվել է որպէս ինքնավար կազմավորում:
Ասպիսով “Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին” Վիեննայի՝ 23.05.1969 թ. Կոնվենցիայի 45-րդ հոդվածի համապատասխան, պետութիւնը չի կարող հղում կատարել պայմանագրի անվավերութեան կամ դադարեցման, երբ ինքը, այսինքն՝ պետութիւնը, իր վարվելակերպով, այսինքն լռութեամբ, համաձայնվում է, որպէսզի պայմանագիրը մնա ուժի մէջ եւ իր լռութեամբ տվյալ պայմանագիրը համարում է վավեր: Այլ կերպ ասած, Հայաստանի Հանրապետութիւնը իր լռութեամբ պաշտոնապես Ճանաչում է Ալեքսանդրապոլի, Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի վավերութիւնը, ինչպես նաեւ չի պատրաստվում միջազգային ատեաններում հաստատել իր իրավահաջորդութիւնը, որն ամրագրված է Սեւրի պայմանագրում:
2004 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը՝ համաձայն Կոպենհագենեան հանձնաժողովի ներկայացրած քաղաքական չափորոշիչների, որոշում կայացրեց սկսել գործընթաց՝ Թուրքիայի Հանրապետութեան Եվրոմիութեան անդամակցութեան հարցով: Նույն օրը՝ 2004 թվականի դեկտեմբերի 17-ին, Արևմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը պաշտօնապէս հայտարարեց իր հիմնադրման մասին՝ ազատագրված Հայոց հնաբույր Շուշիում:
2009-ի ապրիլի 23-ին հայկական դիվանագիտական միտքը, դասեր չառնելով պատմութիւնից, հայ-թուրքական հարաբերութիւնների համար ընդունեց 1918 թվականի փոխհարաբերութիւնների մոդելը: Նշենք, որ 2009-ի ապրիլի 23-ին հրապարակ նետված փաստաթուղթը գալիս է լրացնելու Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի փաստաթղթերի շարքը, որոնք չորսն էլ օրինական չեն եւ հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին եւ հայոց շահերին:
Թուրքական կողմը ռեգիոնալ քաղաքականութիւն վարելու իմաստով ժամանակավորապես լուծեց իր գերխնդիրը դիվանագիտական հարթութեան վրա. Հայկական Հանրապետութիւնը հրաժարվեց Սեւրի պայմանագրից (Սեւրի պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում է ընդհանուր առմամբ 162 հազար քառ. կիլոմետր): Ուստի, ներկայի Հայաստանի Հանրապետութիւնը չի կարող հանդիսանալ Սեւրի պայմանագրի իրավահաջորդ, առանց վերանայելու Ալեքսանդրապոլի եւ հետագայում նրան փոխարինած Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը, այսինքն՝ այդ պայմանագրերի դենոնսացիան միակ պայմանն է, որպէսզի այսօրվա Հայաստանի Հանրապետութիւնը հանդիսանա Սեւրի պայմանագրի իրավահաջորդութեան կողմ:
Այսպիսով 1918 Ãվականի հունիսի 4-ին «Հաշտութեան եւ բարեկամութեան պայմնագիրը» հիմք դրեց, իսկ նրան նախորդող բոլոր դիվանագիտական հարաբերութիւնները հիմնավորեցին, որ Օսմանեան կայսերական կառավարութեան եւ նրա իրավահաջորդ Թուրքիայի համար մի կողմից եւ իրեն անկախ հռչակած Հայկական Հանրապետութեան կառավարութիւնը մյուս կողմից, մշտապես փորձ են կատարելու գալ փոխադարձ համաձայնութեան եւ երկու կողմերի միջեւ հաստատել միակողմանի եւ պարտադրված “բարեկամական, բարիդրացիական հարաբերութիւններª քաղաքական, իրավաբանական, տնտեսական եւ մտավոր բնագավառներում” շրջանցելով բուն խնդիրը:
Բաթումում սկզբնավորված հայոց դիվանագիտութեան հարյուրամյա անհեռանկար աշխատանքը ամփոփվեց 2009-ի ապրիլի 23-ին հրապարակ նետված պռոտոկոլներով:
Նշված պատմական ժամանակահատվածում հայութեան համար տեղի են ունեցել բազում կարեւոր իրադարձութիւններ, որից մենք կառանձնացնենք ինը գլխավորը: Դրանք են
1. Սարդարապատի հերոսամարտը (28 մայիս 1918 թ.),
2. Հայկական Առաջին Հանրապետութեան անկախութեան հռչակումը (28 մայիս 1918 թ.), 3. Սեւրի պայմանագիրը (10 օգոստոս 1920 թ.),
4. ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը (22 նոյեմբեր 1920 թ.),
5. Ազգային նոր զարթոնքը (1960-ական թթ.) եւ Ազգային ազատագրական պայքարի արդիականացումը (1973-1985 թթ.)
6. Հայաստանի Հանրապետութեան վերականգնումը (21 սեպտեմբեր 1991 թ.),
7. Արցախեան ազատամարտը (1988-1994 թթ.),
8. Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի ստեղծման մասին պաշտօնական հայտարարութիւնը (17 դեկտեմբեր 2004 թ., Շուշի)
9. Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան հիմնումը (4 փետրվար 2011 թ.):
Այսպիսով, վերջին հարյուրամյակի ընթացքում առաջին անգամ ռազմի դաշտում հաղթանակած հայ ժողովրդի քաղաքական գործիչները կարողացան հայոց ռազմական հաղթանակներն ամրապնդել նաեւ դիվանագիտական հաղթանակով, որն է Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան հռչակումը:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի Լրատվական Ծառայութիւն
04.06.2011 թ.
ArmAr.am












