Հայ-թուրքական սահմանի բացումը Վրաստանում սարսափով են ընդունում
«Հայաստանը աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների շեմին» խորագրով ամեն ամիս ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարահը հրավիրելու են կլոր-սեղան քննարկումներ:
Այսօր տեղի ունեցավ առաջին նիստը, որը նվիրված է հայ-վրացական հարաբերություններին: Ելույթ ունեցողներն անդրադարձան Հայաստանի համար մի քանի կարևորագույն սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային խնդիրների, որոնք առաջին հերթին վերաբերում են վիրահայությանը, հատկապես, ջավախահայությանը:
Բացի այդ, խոսվեց Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու ցավալի կարգավիճակի մասին. հայկական եկեղեցիները վերափոխվում են վրացականի՝ հարցականի տակ դնելով հայկական մշակութային ժառանգությունն այդ տարածքներում:
Քննարկվեց նաև մեր օրերի համար կարևորագույն` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, հետևյալ դիտանկյունով, թե Վրաստանն ինչպե՞ս է վերաբերվում ընթացող գործընթացներին:
Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Պավել Չոբանյանը շեշտեց, որ արձանագրությունները, և ընդհանրապես, հայ-թուրքական սահմանի բացումը Վրաստանը սարսափով է ընդունում, քանի որ գիտակցում է, որ այդ դեպքում ֆինանսական հսկայական կորուստներ կունենա, և կկորցնի տարածաշրջանում իր առաջատարի դերը: Մինչդեռ Հայաստանը, Չոբանյանի համոզմամբ, կազատվի մինչ օրս Վրաստանից ունեցած կախվածությունից:
Քրիստինե Մելքոնյան












