Աննախադեպ համագործակցության հուշագիր` «Եվրանեսթի» շրջանակում
Եվրանեսթ»-ում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության եւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի միջեւ, այսօր` հոկտեմբերի 6-ին, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Այս ստորագրել են «Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ պլատֆորմի համակարգող Վաչե Քալաշյանը:
Վահան Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, որ «Եվրանեսթ» ԽՎ-ին անդամակցության կես տարվա ընթացքում արդեն հաջողվել է երկու աշխատանքային քննարկում անցկացնել ազգային պլատֆորմի հետ: Արդյունքում հայկական ազգային պլատֆորմի առաջարկները դարձել են վեհաժողովի տարբեր հանձնաժողովներում երկու առանձին զեկույցների թեմաներ: Նրա խոսքով, քաղաքացիական հասարակության հետ այսպիսի լայն համագործակցության նախադեպ «Եվրանեսթ» ԽՎ-ում դեռ չկա: Բանախոսը նշել է, որ ժամանակն է փաստաթղթով եւ նոր ձեւաչափով ամրագրել խորհրդարանական պատվիրակության եւ ազգային պլատֆորմի շարունակական համագործակցությունը:
Վաչե Քալաշյանն իր հերթին նշել է, որ ստորագրված հուշագիրը կնպաստի թե հասարակության կոնսոլիդացիային ու համերաշխությանը, եւ թե կհանգեցնի նոր գաղափարների:
Հուշագրում ամրագրված են համագործակցության հիմնական նպատակները, ուղղությունները, սկզբունքները, կողմերի պարտավորությունները: Նշված է հինգ նպատակ` կառավարման համակարգում կոռուպցիայի նվազեցում, պայքար քաղաքացիական ազատությունների եւ իրավունքների սահմանափակումների դեմ, ԵՄ առջեւ ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների մասին իրազեկում, եվրոպական արժեքների տարածում, նաեւ` ՀՀ-ի ու ԵՄ-ի միջեւ կնքված կամ կնքվելիք պայմանագրերից բխող օրենսդրության մշակում:
ArmAr.am












