Lragir. Զենք ու զրահաբաճկոն տվեք Շաբոյանին
Հայաստանի կառավարության այսօրվա նիստում հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի միջեւ: Խոսելով տնտեսական մրցակցության հրատապությունից, վարչապետն ասել է, որ «Եթե մեզ հաջողվի ապահովել մրցակցության արդար պայմաններ, ապա հասկանալի է, որ մենք կունենանք ավելի բարձր տնտեսական աճ»։ Այնուհետեւ նա նշել է, որ Հանձնաժողովին տրվել են լրացուցիչ լիազորություններ ու գործիքներ, եւ հարցրել է Շաբոյանին, թե որքանով են այդ գործիքները օգնել գործին, «ի՞նչ էական փոփոխությունների հանգեցրեց մրցակցային դաշտում, և 2011 թվականին մենք ի վիճակի՞ ենք լինելու ապահովել էական առաջընթաց այդ բնագավառում»:
Շաբոյանը պատասխանել է, որ ուսումնասիրվել է 13 ապրանքային շուկա, որոնցից 12-ը ունեն գերկենտրոնացում: Նա թվարկել է այդ շուկաները, որոնց մենատերերը պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են: Այս վերջինը նա իհարկե չի ասել: Վարչապետը հարցրել է՝ իսկ ի՞նչ եք արել: Տուգանել ենք, ասել է Շաբոյանը եւ թվարկել տուգանքների չափը նախորդ տարիների համեմատ: Իսկ ի՞նչ եք անելու, բացի տուգանելուց, որ գները չթանկանան, հարցրել է վարչապետը: Եսիմ ինչ ենք անելու, մոտավորապես պատասխանել է Շաբոյանը:
Վարչապետն ասել է, որ եթե պետք լինի, Հանձնաժողովին կօժտեն լրացուցիչ լիազորություններով: Սակայն, թե ինչ տեսակի՝ չի մանրամասնել:
Արտակ Շաբոյանը ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում փոխարինեց Դավիթ Հարությունյանին (չշփոթել պատգամավորի հետ): Դավիթ Հարությունյանը հասցրեց աշխատել երեք ամիս, փորձեց մրցակցությունը պաշտպանել, սակայն Հայաստանի մենատերերից մեկը՝ պատգամավոր Սամվել Ալքեսանյանը, ըստ մամուլի հրապարակումների, անձամբ էր գնացել հանձնաժողով եւ ատրճանակը դեմ տվել Դավիթի ճակատին: Դավիթը հրաժարական տվեց, եկավ Արտակը, ով, ըստ մամուլի հրապարակումների, պայմանավորվել է մենատերերի հետ՝ շատ «համը չհանել», ձեռքի հետ էլ մեկ-մեկ տուգանել: Ըստ մամուլի, մենատերերը հաճույքով են համաձայնել խաղի «նոր կանոններին», քանի որ մտածել են, որ այդ ձեւով մեղմում են իրենց հանդեպ դժգոհությունը: Բոլորը մնում են իրենց տեղում, ոչինչ չի փոխվում:
Հիմա, ի՞նչ գործիքների մասին է խոսքը, որ տրվել են ու կրկին կտրվեն հանձնաժողովին: Կամ, այդ ինչ լիազորություններ պետք է տրվեն խեղճ Արտակին, որի աչքի առաջից թերեւս չի անցնում իր նախորդի «ուրվականը»:
lragir.am
ArmAr.am












