Վահագն Չախալյանը կդադարեցնի հացադուլը
Ս.թ. հոկտեմբերի 11-ին Վահագն Չախալյանին Ռուսթավի N6 խիստ ռեժիմի բանտում տեսակցել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Տեսակցության ժամանակ Սրբազանը, հայտնելով ջավախքահայ քաղաքական գործչին իր զորակցությունը, միաժմանակ հորդորել է նրան դադարեցնել հացադուլը` հրաժարվելով իր առողջությանը վնասող այդ ծայրահեղ միջոցից: Ընդառաջելով Սրբազանի հայրական հորդորներին` Վահագն Չախալյանը որոշել է հոկտեմբերի 12-ից դադարեցնել հացադուլը:
Այդ որոշումն ընդունելիս` նա նաև հաշվի առել այն հանգամանքը, որ հացադուլ հայտարարելուց հետո բանտի ադմինիստրացիան բավարարել է նրա պահանջների մի մասը: Այսպես.
– Թույլատրվել է հայ հոգևորականների և, մասնավորապես, Վազգեն Սրբազանի հետ նրա տեսակցությունը,
– Լուծվել է բանտախցի ջրամատակարարման խնդիրը, թույլատրվել է պահել ջրի համար բաքեր,
– Վերացվել են բանտի խանութից գնումներ կատարելու սահմանափակումները,
– Վերադարձվել են բռնագրավված գրքերը:
Վահագն Չախալյանը իր փաստաբանի միջոցով փոխանցել է, որ նա հաստատակամ է շարունակելու իր նկատմամբ արդարության վերականգնման և ջավախքահայության իրավունքների պաշտպանության համար պայքարը:
Վահագն Չախալյանի գործի մասին
Ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը 2008թ. հուլիսի 21-ին ձերբակալվել և 2009թ. ապրիլի 7-ին բոլոր պատիժների գումարման սկզբունքի կիրառմամբ 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Վրաստանի Ախալցխայի շրջանի առաջին ատյանի դատարանի կողմից մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա: Էական խախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում ջավախքահայ գործիչը մեղավոր է ճանաչվել «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության» (Վրաստանի քր. օրենսգրքի 226- րդ հոդված), «իշխանության ներկայացուցչի դեմ խուլիգանության» (239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետ) և «զենք-զինամթերքի պահպանման» (236-րդ հոդվածի 1-ին մաս) համար: Բոլոր մեղադրանքները, բացառությամբ մեկի, հիմնված են 2005-06թթ. Չախալյանի քաղաքական գործունեությանն առնչվող փաստերի կողմնակալ ու խեղաթյուրված մեկնաբանման վրա:
Վահագն Չախալյանի հետ միասին «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման» և «զենք-զինամթերքի պահպանման» մեղադրանքներով արդեն պայմանական ժամկետների և տուգանքների են դատապարտվել նրա հայրը` Ռուբեն Չախալյանը, և կրտսեր եղբայրը:
Վրաստանի վերաքննիչ դատարանը 2009թ. հոկտեմբերի 30-ին անփոփոխ է թողել Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր նկատմամբ առաջին ատյանի դատավճիռը, իսկ 2010թ. հուլիսի 5-ին Վրաստանի գերագույն դատարանն ընդհանրապես հրաժարվել է վարույթ ընդունել գործը:
Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների հաշվեհարդարը հասարակական լայն հնչեղություն է ստացել Հայստանում և սփյուռքում: 2009-11թթ. մի շարք հայկական և սփյուռքյան ոչ-կառավարական կազմակերպություններ հայտարարություններ են ընդունել և այլ քայլեր ձեռնարկել ի պաշտպանություն ջավախքահայ գործչի: Չախալյանի նկատմամբ անարդար դատավճռի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել Փարիզում, Լիոնում և Երևանում:
Վահագն Չախալյանը բողոք է ներկայացրել վրաց իշխանությունների դեմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Բողոքի քննությունը ներկայումս ընթացքի մեջ է:












