Irish Independent. Երբ հայերը արցունքախառն աչքերով հրաժեշտ տվեցին…
Երեկվա հանդիպումը ոչ թե իռլանդական գերազանցության, այլ հայկական ողբերգության պատմություն էր, գրում է Irish Independent-ը:
Իռլանդական մամուլը հեղեղված է երեկվա խաղի գնահատականներով, որոնք հիմնականում նույնն են` հայերի բախտը չբերեց, ու ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ մրցավարն անարդարացիորեն դաշտից հեռացրեց Բերեզովսկիին:
«Հայաստանն այդ խաղում հաստատեց ճարպիկ և տեխնիկական ֆուտբոլ խաղացողի իր համբավը, և Տրապատոնին ստիպված էր ընդունել, որ նրանք «լավ, շատ լավ» ֆուտբոլ խաղացին», և նույնիսկ գերազանցում էին իռլանդացիներին»,- գրում է բրիտանական Guardian-ը` ավելացնելով, որ իռլանդացիները, բացի երկրորդ խաղակեսի սկզբնամասից, գեղեցիկ ֆուտբոլ չցուցադրեցին, ինչը սովորական բան է Տրապատոնիի թիմի համար:
«Տառապեք, փոքր ազգեր: Փոքրիկ, դյուրահավատ Հայաստանը մեր քաղաք էր եկել երկրորդական խաղացողի բարդույթից ազատվելու համար, իսկ մենք անամոթաբար մանրացնում ենք մեր երբեմնի կարգավիճակը ` որպես ձեռքով խաղի դավադրության միջազգային զոհեր»,- գրում է Irish Independent-ի մեկնաբան Դևիդ Քելլին` վերլուծելով երեկվա հանդիպումը:
Ըստ հոդվածագրի, Իռլանդիան հույսը դրել է բախտի վրա և հրաժարվում է ընդունել, որ իր մարզչական սխալները շարունակվում են քավության փլեյ-օֆին ընդառաջ: «Երբ խիզախ հայերը արցունքախառն աչքերով հրաժեշտ տվեցին, բոլորիս մեջ ֆուտբոլի երկրպագուից ինչ-որ բան մահացավ»,- գրում է հեղինակը:
ArmAr.am












