Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ

Բանաձևը համարժեք է հայաստանյան իրողություններին

Հոկտեմբեր 13, 2011թ. 20:18

ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանի «անցուդարձի» վերաբերյալ «Հայոց աշխարհի» հարցազրույցը հայաստանյան պատվիրակության անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ

– ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանում ընդունվեց տրամագծորեն միմյանց հակասող երկու փաստաթուղթ. մեկը` Պաղեստինին «ժողովրդավարության գործընկերոջ» կարգավիճակ շնորհելու վերաբերյալ, մյուսը` «ազգային ինքնիշխանության եւ պետականության» մասին, որով ԵԽ անդամ երկրներին խորհուրդ է տրվում զերծ մնալ ինքնորոշման իրավունքն իրացրած սուբյեկտների անկախության ճանաչումից։ Այստեղ Ղարաբաղին ուղղված սպառնալիք չե՞ք տեսնում։
-Բացարձակ ոչ մի վտանգ չեմ տեսնում։ Դա գերմանացի պատգամավոր Մարինա Շուստերի ներկայացրած նախագիծն էր, որ տիկինը ժառանգել էր նախորդ զեկուցողից, այսինքն` ուղղակիորեն չէր տիրապետում խնդրին։ Շատ ցավում եմ, որ նման լրջագույն խնդիրները ոչ պրոֆեսիոնալներին եւ նորելուկներին վստահելը վերջին շրջանում սկսում է ավանդույթ դառնալ ԵԽ ԽՎ-ում, ինչը, կարծում եմ, կոպտագույն սխալ է։
Ըստ իս` տիկինը ուղղակիորեն շիլաշփոթ էր սարքել, ինչին իրենց ելույթներում անդրադարձան ոչ միայն Հայաստանի պատվիրակության անդամները, այլեւ բազմաթիվ եվրոպացի պատգամավորներ` փաստելով զեկույցում առկա բազմաթիվ հակասությունները։ Կարծում եմ` տիկին Շուստերն անպայման կվերանայի իր զեկույցը։ Դա ընդամենը տեսակետ էր, որ որեւէ իրավական ուժ, բնականաբար, չի կարող ունենալ։ Այսինքն` այնպես չէ, թե այդ բանաձեւի ընդունմամբ վերանայվում է ինքնորոշման սկզբունքի կարեւորությունը։
Ինչ վերաբերում է Պաղեստինի Ազգային խորհրդին ժողովրդավարական գործընկերոջ կարգավիճակ տալու իրողությանը` մենք ողջունում ենք այդ մոտեցումը։ Այո, եթե երկիրը փորձում է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել, շատ կարեւոր է, որ միջազգային հեղինակավոր կառույցները, այս դեպքում` Եվրախորհուրդը, ճանաչեն նրան որպես ժողովրդավարական գործընկեր։
Բայց հարց է առաջանում` ինչո՞ւ նույն մոտեցումը չի կարելի կիրառել Արցախի նկատմամբ։ Եվ մենք այդ հարցը բարձրացրինք վեհաժողովի ամբիոնից` առաջարկելով նման կարգավիճակ տալ նաեւ ԼՂՀ խորհրդարանին, որպեսզի մեր արցախցի գործընկերները կարողանան մասնակցել քննարկումներին, գոնե այն դեպքերում, երբ խնդիրը վերաբերում է Արցախի շահերին։ Կարծում եմ, սա շատ լավ նախադեպ կարող է լինել Լեռնային Ղարաբաղի համար։
-Չավուշօղլուի լիազորությունների ժամկետի սպառվելուց հետո Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը վերակենդանացնելու էպոպեան կարո՞ղ ենք ավարտված համարել։
-Թույլ կտամ ինձ լավատես լինել այդ հարցում։ Չավուշօղլուի էպոպեան ավարտվում է` հաջորդ տարի ԵԽ ԽՎ նախագահի պաշտոնը ռոտացիայի կարգով փոխանցվում է Եվրոպական ժողովրդական կուսակցությանը, եւ այդ խմբակցության փակ, գաղտնի քվեարկությամբ այդ պաշտոնում առաջադրվել է Ժան Կլոդ Մինյոնը։
Այսինքն` հունվարից ԵԽ ԽՎ նախագահությունն անցնում է նրան, եւ լիահույս եմ, որ ֆրանսիացի պատգամավորը, ի տարբերություն Չավուշօղլուի, որ սպասարկում էր կոնկրետ երկրների շատ կոնկրետ շահեր, հավատարիմ կմնա եվրոպական հիմնարար արժեքներին։ Համենայն դեպս, իմ տեւական շփումները նրա հետ հույս են ներշնչում, որ նա անաչառ կլինի այդ պաշտոնում։
Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցով այդ չարաբաստիկ ենթահանձնաժողովին, գիտեք, որ հայկական պատվիրակությունը նիստին չի մասնակցել։ Քննարկումը շատ կարճ է տեւել` ընդամենը 20-25 րոպե, եւ որոշվել է հարցը վերադարձնել բյուրո` հետագա քննարկումների համար։ Նոյեմբերի սկզբներին Էդինբուրգում տեղի է ունենալու ԵԽ ԽՎ բյուրոյի նիստը, որտեղ անդրադարձ է լինելու այդ ենթահանձնաժողովի հետագա ճակատագրին։
Գրեթե համոզված եմ, որ բյուրոյում այդ հարցը «մեռնելու» է. վստահ եմ` Մինյոնը, որի հետ բազմիցս խոսել եմ այդ ենթահանձնաժողովի անհեռանկարայնության, ավելին` վտանգավորության մասին, չի շարունակի Չավուշօղլուի կիսատ թողածը, ինչպես ժամանակին լորդ Ռասել Ջոնսթոնը խոհեմաբար ընդունեց այդ գաղափարի սնանկությունը եւ սառեցրեց ենթահանձնաժողովի աշխատանքը «անորոշ ժամանակով»։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն