Արամ Կարապետյան.«ՀՀ-ն պետք է ստեղծի ազգային նոր գաղափարախոսություն»
«ՀՀ-ն պետք է ստեղծի ազգային նոր գաղափարախոսություն, որովհետև առանց դրա Հայաստանը չի կարող առաջընթաց ունենալ: Իսկ ազգային գաղափարախոսության հիմքում պետք է ընկած լինի այն լավը, որ մենք` հայերս, երբևէ ստեղծել ենք: 21-րդ դարում առաջնորդվել 20-րդ դարի ազգային գաղափարախոսությամբ սխալ է:
Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ աշխարհի հզոր էլիտաներն աշխարհն ուղղորդում են համաշխարհային ընդհանուր պետության ստեղծման ճանապարհով, իսկ ինքը մասնիկն է համաշխարհային գործընթացների: Մենք մեզ հարց պիտի տանք` կարո՞ղ ենք այդ գործընթացների դեմն առնել ճակատային մեթոդներով, ինչպես ասում են ազգայնականները: Իմ կարծիքով, դա անհնար է, մեքենան շատ մեծ է, կատարվող քայլերն էլ շատ լուրջ, գերհզոր ուժեր են ներգրավված: ՈՒրեմն, հայերս պետք է լինենք պրագմատիկ, կարողանանք այնպես համադրել շահերը, որ մեր ազգային օգուտները քաղենք: Եվ վերջապես, արդյունավետ է այն պետությունը, որն ունի արդյունավետ պետական, քաղաքական, տնտեսական համակարգեր, արդյունավետ սահմանադրություն: Ցավոք, այսօրվա եռանկյունը (իմա` 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահները) մեզ ամբողջովին զրկում է այդ արդյունավետությունից ու հետ մղում: Երկիրը խեղդվում է, բայց ոչ մի կերպ չես կարողանում այս երեք էլիտաներին բացատրել, որ այսպես ամեն ինչ է խորտակվելու: Չե՛ն հասկանում: Կրակել են հասարակության վրա ու եկել այսօր ասում են` հասարակությունը մեզ սիրում է: Այդ բուրգը պետք է քանդվի»:
ArmAr.am












