Մարինե Պետրոսյան.«Հայ ազգային կոնգրեսը ղեկավարում է մի քաղաքական գործիչ, որը չի հավատում հայ ազգի ներուժին»
Շատ ժամանակ չի անցել, շատերը կհիշեն, որ անգամ 88-ի շարժման սկզբի տարիներին, երբ որ կոմունիստներն էին դեռ իշխանության գլուխ, Հայոց համազգային շարժման քննադատության հիմնական թիրախը կոմունիստական գաղափարախոսությունը չէր, այլ հայ քաղաքական մտքի «արկածախնդիր» ավանդույթը: Սկզբում որպես էդ «արկածախնդիր» ավանդույթի կրողներ հանդես էին գալիս դաշնակցականները, հետո որպես քննադատության թիրախ նրանց միացավ Վազգեն Մանուկյանը, որի «համաշխարհային ազգի» գաղափարը որակվեց, ոչ ավել ոչ պակաս, որպես «ֆաշիստական»: Հենց էս «ֆաշիստական» գաղափարին հակադրվելով էլ լույս աշխարհ եկավ «սովորական երկրի», կամ, հետագա ձեւակերպմամբ, «նորմալ երկրի» տերպետրոսյանական տեսությունը:
Էսօր դաշնակցությունն արդեն մարգինալ կարգավիճակ ունի հայոց քաղաքական դաշտում, իսկ Վազգեն Մանուկյանն ընդհանրապես դուրս ա դրել իրան քաղաքականությունից: Փաստորեն, ՀՀՇ-ականների ճակատամարտն ընդդեմ «ազգայնական արկածախնդիրների» ավարտվեց առաջիններիս կատարյալ հաղթանակով: Բայց էդ հաղթանակի պտուղները, մեղմ ասած, քաղցր չեն:
Որ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը վերցված էր Տեր-Պետրոսյանից, դա հասկացան բոլորը: Բայց շատ քչերն են նկատում էն սարսափելի փաստը, որ ներքին քաղաքականության մեջ նույնպես Հայաստանում էսօր փաստորեն գործում ա Տեր-Պետրոսյանի «նորմալ երկրի» պատկերացումը:
Գիտեմ, ընթերցողներիս մեջ կգտնվեն շատերը, որ կասեն. բա սա նորմալ երկի՞ր ա, սրանից էլ աննորմալ երկի՞ր: Ամբողջ խնդիրն էն ա, որ հակաազգայնական կոնտեքստում, որտեղ ստեղծվել եւ գործում ա Տեր-Պետրոսյանի «սովորական երկրի» կամ «նորմալ երկրի» պատկերացումը, նորմալ երկիրը նշանակում ա ոչ թե աննորմալ երկրի հակառակը, այլ «արկածախնդրական» երազանքների հակառակը: Իսկ եթե հանում ես երազանքը, տակը մնում ա էն, ինչը որ ունես: Մնում են դեգեներատ պատգամավորները, քառակուսի դեմքերով կոմերիտջահելները, ամեն ինչի վրա թքած ունեցած քաղքենին: Ու հենց էս էլ դառնում ա մեր «նորմալ երկիրը»: Ու ստացվում ա, որ մեր նորմալը աննորմալն ա: Ստացվում ա, որ Հայաստանը ռեսուրս չունի լիարժեք պետություն լինելու համար:
Հայաստանի առաջին նախագահը ունի առեղծվածային թվացող մի կողմ: Զարմանք ա պատճառում էն ինտենսիվությունը, որով մարդիկ նախ սիրում, հետո սկսում են ատել Տեր-Պետրոսյանին: Առեղծվածային թվացող էս երեւույթի պատճառն էն ա, որ Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը կատարում ա երկու հակադիր գործառույթ. նախ արթնացնում ա հայկական երազանքը, որ հետո սպանի:
Հայկական երազանքի հիմքում ընկած ա շատ պարզ մի ցանկություն. ապրել էն տեսակ Հայաստանում, որը կհամապատասխաներ մեր մարդկային հնարավորություններին ու մեզ կլիներ արժանի: Եւ քանի որ հսկայական ճեղքվածք կա մեր հնարավորությունների եւ հայաստանյան իրականության միջեւ, էս ցանկությունը, եթե դրա հարյուր հազարավոր կրողներ հավաքվում են միասին, առաջացնում ա հեղափոխական իրավիճակ: 2007 թվականի աշնանից մինչեւ 2008 թվականի աշուն, մեկ տարի շարունակ, Երեւանի հրապարակներում կար էնքան հեղափոխական լիցք, որ կհերիքեր մեկի տեղ մի քանի հեղափոխության: Բայց Տեր-Պետրոսյանի ղեկավարման արդյունքում ոչ միայն հեղափոխությունը տեղի չունեցավ, այլ հանկարծ պարզվեց, որ Հայաստանում փոփոխությունների հնարավորություն չկա, որովհետեւ մենք ունենք, աթոռից բռնվեք որ ցած չընկնեք, «անտարբեր ժողովուրդ»: Դուրս ա գալիս’ էդ հրապարակներից տուն գնալ չուզեցող ժողովուրդը չէր, որ շարժման ղեկավարից մի տարի շարունակ վճռական գործողություններ էր պահանջում, այլ ղեկավարն էր ժողովրդին համոզում, որ տեղից շարժվի, բայց արձագանք չստացավ: Վերջին ամիսներին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների բերանից «անտարբեր ժողովրդի» մասին էս զառանցական միտքը ես լսած կլինեմ տասնյակ անգամներ: Ո՞վ շրջանառության մեջ դրեց էս միտքը: Եւ ո՞նց եղավ, որ ահագին թվով մարդիկ դրան հավատացին: Գեբելսի ականջը կանչի, երեւի ճիշտ էր ասում’ եթե ուզում ես քեզ հավատան, փոքր սուտ մի ասա, ասա շատ մեծ սուտ:
Նորից կրկնեմ սկզբում տվածս հարցը. բա հիմա ի՞նչ ա լինելու: Տարբերակները շատ չեն, կա ընդամենը երկու ճանապարհ: Կամ Հայաստանը գնում ա դեպի ոչնչացում, կամ կտրուկ շրջադարձ ա կատարում ու շարժվում ա դեպի վեր: Առաջին տարբերակի համար ոչ մի բան անել պետք չի, ընդամենը թողնենք շարունակվի էսօրվա վիճակը, ու մեր հավաքական մարմինը, ֆիզիկայի օրենքների համաձայն, սահուն անկում կկատարի դեպի ցած: Իսկ որպեսզի տեղի ունենա երկրորդ տարբերակը, պահանջվում ա ջանք ու էներգիա, որովհետեւ մարմինները ինքնաբերաբար ներքեւից վերեւ չեն շարժվում: Հայաստանը նավթ չունի, մեր ունեցած էներգիան մարդկանց մեջ ա, ոչ թե ծովի խորքում: Էդ էներգիայի անունն ա’ հայկական երազանք: Թվում էր, մարդու մեջ եղած էներգիան ավելի ապահով ռեսուրս պետք ա լինի, քան ծովի խորքինը: Բայց պարզվեց’ չէ, պարզվեց’ մարդու ներսի երազանքն էլ հնարավոր ա նախ պատանդ վերցնել, հետո թափել ծովը:
ՀԱԿ-ի վերջին’ սեպտեմբերի 17-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանն արեց մի բացահայտում, որը ստվերի տակ թողեց անգամ նախորդ’ ՀՀՇ համագումարում ունեցած ելույթի չարագուշակ դրույթը Հայաստանի դատապարտվածության մասին: Պարզվեց’ մենք, որ 2007-2008-ի ցրտաշունչ ձմռանը դուրս էինք եկել Ազատության հրապարակ, ոչ թե մեր ազատության համար էինք ոտքի կանգնել, այլ … Մայիսյան ապստամբություն էինք անում: Նրանց համար, ովքեր երիտասարդ տարիքի պատճառով գուցե չգիտեն դա ինչ ա, ասեմ, որ 1920 թվականի Մայիսյան ապստամբությունը Հայաստանի անկախությանը դեմ հանդես եկող հայ բոլշեւիկների մահացու հարվածն էր Հայաստանի Հանրապետության սրտին: Երկու տարեկան պետությունն էդ հարվածից ուշքի չկարողացավ գալ, նույն տարվա աշնանը սովետականացավ ու կորցրեց անկախությունը:
Նրանք, ովքեր Տեր-Պետրոսյանի էս ինքնաբացահայտումից հետո էլ կշարունակեն մնալ ՀԱԿ-ում կամ ՀԱԿ-ի կողքին, արդեն չեն կարող չքմեղանալ, թե չեն գիտակցում’ ինչ են անում: Հայ ազգային կոնգրեսը ղեկավարում ա մի քաղաքական գործիչ, որը չի հավատում հայ ազգի ներուժին, անհնար ա համարում Հայաստանի անկախությունը եւ բոլոր հույսերը կապում ա դրսի ուժերի, էսօրվա վիճակով’ Ռուսաստանի հետ:
Եթե հայաստանցին էս անգամ էլ չկարողացավ տեր կանգնել սեփական երազանքին, եթե հայ միտքը չկարողացավ ստեղծել հայկական երազանքը քաղաքականապես իրագործելի դարձնող ժամանակակից պատկերացում, ուրեմն ճիշտ դուրս կգա Տեր-Պետրոսյանը, ուրեմն մենք ընդունակ չենք, եւ արժանի չենք, անկախության:
Մարինե Պետրոսյան












