Նամակ` Արցախից. «Մենք` թշնամուն հանձնելու ոչինչ չունենք»
Ես բնակվում եմ Քարվաճառի շրջանի Վերինշեն համայնքում` արդեն ութ տարի: Երբ 2001 թ. նոյեմբերին մենք մշտական բնակություն հաստատեցինք այստեղ, ու առաջին իսկ օրից բախվեցինք բազում դժվարությունների: Այդ դժվարություններից շատերը կարող էին նաև չլինել, սակայն մեր ընտանիքն արժանապատվորեն հաղթահարեց և այսօր ես իմ կյանքն առանց Քարվաճառի պարզապես չեմ պատկերացնում: Այս տարածքը մեզ դիմավորեց խիստ աշունով և ցրտաշունչ ձմեռով, որը մեզ անտանելի էր թվացել: Մենք պատրաստ չէինք այն ձմռանը ոչ հոգեբանորեն և ոչ էլ նյութապես: Չկար էլեկտրականություն, հեռախոսակապ, գրեթե բացակայում էր ուղևորատար հաղորդակցությունը: Շրջանում բոլոր խանութները պատկանում էին մի մարդու և դրանցից ամենամոտը գտնվում էր մեր տանից 10 կմ հեռավորության վրա: Թե ինչպիսի գներով էին այնտեղ ապրանք վաճառում` ես խոնարհաբար կլռեմ: Բարեբախտաբար, այսօր դրանք այլևս հեռավոր և հաճախ անիրական թվացող հիշողություններ են: Մեր կողքին ապրող մարդիկ մեր նման աշխատում և մաքառում էին` արարելով սեփական ապագան: Շատերը, չդիմանալով փորձություններին, հեռացան, սակայն նրանց փոխարինելու եկան նոր ընտանիքներ:
Անցան տարիներ: Մենք ունեցանք դպրոց, էլեկտրականություն, բջջային հեռախոսակապ: Տրանսպորտի հարցը դեռևս շատ լուրջ է, սակայն ամեն դեպքում ավելի լավ է, քան նախկինում: Քարվաճառում այսօր ծնվում են երեխաներ` երկհարյուրամյա ընդմիջումից հետո այս հողի առաջին հայ երեխաները, որոնց ծննդյան վկայականներում որպես ծննդավայր նշվում էր Քարվաճառը:
Յուրաքանչյուր տան ու գոմի պատերից, փողոցների սալահատակից վերաբնակները դուրս էին հանում խաչքարեր ու տապանաքարեր` Հայոց միջնադարյան վիմագրերով: Դրանցից շատերը տառացիորեն ստիպված էինք հավաքել մասունք առ մասունք:
Այս հողի վերածնունդը դարձել է իմ կյանքի իմաստը, որի զոհասեղանին ես կարողացել եմ ընծայել ընդամենը դպրոցում իմ ուսուցչությունը, իմ քրտինքը, իսկ երբեմն էլ արցունքս: Իմ քույրերն ընտանիք կազմեցին այս հողում և նվիրեցին նրան իրենց անդրանիկ զավակներին:
Ոմանց իմ խոսքերը կարող են չափազանց զգացմունքային թվալ, բայց ես դրանցից չեմ ամաչում, քանի որ անկախ մեր անձնական վաստակից և արժանիքներից, դրանք ունեն ոչ միայն ազգային-պետական, այլև պատմական կտրվածքով սրբազան և իմաստակիր խորհուրդ: Մեր զինվորների արյունը և նորածին հայ մանուկների ճիչն ազատագրված եզերքում վերադարձրին մեզ մեր ոտնահարված պատիվն ու իրավունքը` քայլելու ազատարարի հպարտությամբ: Ինձ` որպես կնոջը, ավելի հեշտ է հասկանալ և զգալ, թե որչափ մեծ է այդ պարգևը` լինել քույրը կամ կինը անհավասար մարտում թշնամուն հաղթած հայ տղամարդու և կյանք պարգևել նրա երեխաներին: Այսօր հայ կանանցից շատերը երբևէ մտածե՞լ են, թե ով է փրկել նրանց անպատվությունից` բառիս ուղիղ իմաստով: Սրանք դատարկ խոսքեր չեն, սրանք զուրկ են ճարտասանական հնարքներից և արտացոլում են իրականությունը: Աշխարհը նույն է մնացել, թուրքերը` նույնպես: Խաղաղությունը և Հայաստանի վերածնունդը հնարավոր են միայն եթե մեր երկրի դարպասներն աննկունորեն կնքված լինեն հայ տղամարդկանց զենքով` նրանց կամքով առ կյանք և առ պատիվ:
Ցավոք, վերջին շրջանում Երևանում տեղի ունեցողն ինձ, մեղմ ասած, շատ է վրդովեցնում: Այդ անհույս պարտվողականությունը` թշնամուն մահացու զիջումներ կատարելու միջոցով խաղաղություն և բարօրություն գտնելու անհեթեթ երազանքը, պարզապես նողկալի է: Զարմանալ կարելի է, թե ինչպես հասարակության և ղեկավարության մեծ մասը կարող է այդչափ կուրացած և իրականությունից կտրված լինի: Արդյո՞ք այնքան միամիտ ենք, որպեսզի հավատանք միջազգային հորջորջվող երաշխիքներին: Դուք չգիտե՞ք, որ այն օրը, երբ մեր զինվորը կլքի իր ներկայիս պաշտպանական դիրքերը` մենք կկորցնենք տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների զրկանքների և նահատակության գնով վաստակած խաղաղությունը և Հայստանը կրկին կգահավիժի արյան հեղեղի մեջ: Ահա թե ինչու ես` Արցախի բոլոր կանանց և ազատագրված տարածքների բոլոր բնակիչների անունից, հայտարարում եմ, որ չենք ճանաչի այդ արձանագրությունները, թույլ չենք տա հանձնել մեր ազատագրված տարածքները: Մեր սրբավայրերի, գերեզմանների և ազատարար արյունը սրբապղծող «Մադրիդյան սկզբունքները»` մեր կողմից մերժելի են: Ուստի ես որպես կին տկար, բայց և ոգով զորեղ լինելով, ասում եմ ոչ ոք իրավունք չունի Հայրենիքիս միասնությունը խաթարել: Ոչ մի թիզ հող թշնամուն չի հանձնվելու:
Խանդութ Ավետյան և ողջ Արցախի կանայք












