Վիկտոր Դալլաքյան. «Հայաստանը պետք է շախմատային քայլեր կատարի ֆուտբոլի ասպարեզում»
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետը կարող է դիմել իր իռլանդացի գործընկերոջը` ֆուտբոլային հանդիպումը վերախաղարկելու խնդրանքով:
Խոսքը վերաբերում է 2012թ. Եվրոպայի մրցաշարի ընտրական փուլում Հայաստան-Իռլանդիա խաղին , իսկ այն ավարտվեց Հայստանի պարտությամբ` 1:2 հաշվով հօգուտ Իռլանդիայի: Հայաստանը չանցավ անցումային փուլ:
«Հանդիպման սկզբում դաշտ իջավ Իռլանդիայի նախագահը եւ դատավորին ու խաղացողներին մաղթեց արդար խաղ: Կամա թե ակամա, նա այդ արդարության երաշխավորը դարձավ: Հայաստանի պարտությունը հիմնականում տեղի ունեցավ դատավորի մեղքով, ով ձեռքով խաղի համար կարմիր քարտ ցույց տվեց, թեեւ դրանից առաջ ձեռքով էր խաղացել մրցակիցը: Հայ երկրպագուները կարող են ՈՒԵՖԱ-ում արդարության հասնել, առավել եւս, որ նման նախադեպեր արդեն գրանցվել են», – նշել է Վ. Դալլաքյանը: Հիշեցնենք, խոսքը Ֆրանսիայի եւ Իռլանդիայի հանդիպման մասին էր 2010թ. աշխարհի առաջնության նախընտրական փուլի ժամանակ, երբ որոշիչ գոլի փոխանցման ժամանակ ֆրանսիացի հարձակվող Տիերի Անրին ձեռքով խաղաց, ինչը խոստովանեց ավելի ուշ:
«Դրա նախադեպեր եղել են, եւ Հայաստանի ֆուտբոլասերները կարող են դիմել ՈՒԵՖԱ` հիմնվելով Իռլանդիայի նախագահի տված երաշխիքների վրա», – հայտարարել է Վ. Դալլաքյանը:
«Այս խնդրին կարող է նպաստել նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով կարող է դիմել իր իռլանդացի գործընկեր Բրայն Կոուենին` ֆուտբոլային հանդիպումը վերախաղարկելու խնդրանքով»:
«Հայաստանը պետք է շախմատային քայլեր կատարի ֆուտբոլի ասպարեզում` ելնելով գոնե հետագայում մեր հավաքականը դատավորների անարդարություններից փրկելու անհրաժեշտությունից», – ասել է պատգամավորը:
ArmAr.am












