Աղանդավորները ցեցի պես քայքայում են երկիրը
«Եթե տվյալ տարածքի բնակչության 30%-ը հայտնվել է տարբեր աղանդավորական կազմակերպությունների ցանցում, ուրեմն, մենք լուրջ վտանգի հետ գործ ունենք: Եվ եթե այս տեմպերով շարունակվի, Չարենցավանը, հոգևոր առումով, կդառնա կորուսյալ քաղաք»,-մեզ հետ զրույցում իր անհանգստությունը փոխանցեց քայքայիչ աղանդների գործունեության ուսունասիրությամբ զբաղվող փորձագետ Արթուր Վերդիյանը:
Չարենցավանում երեք օր շարունակ անցկացրած ուսումնասիրությունների արդյունում Ա. Վերդիյանը պարզել է , որ «կրոնական» կառույցները ցեցի պես մասնատել ու իրար մեջ են բաժանել քաղաքը, և ոչ միայն բնակիչներին, այլև քաղաքի ողջ տարածքը. ուր նայում ես` այս կամ այն աղանդավորական կառույցի շքեղ շենքն է աչքի զարնում` իր հողատարածքներով: Առանց այն էլ արտագաղթից դատարկված քաղաքում չկա մեկ ընտանիք, որի անդամները որևէ աղանդավորական կառույցի հետևորդ չլինեն: «Հայ ընտանիքները բաժանվում ու քայքայվում են նաև այս հողի վրա»,- համոզված է Վերդիյանը, «Եթե տան անդամներից մեկը մորմոն է, մյուսը` եհովայական, պատկերացնո՞ւմ եք, թե նման ընտանիքում ինչպիսի լարված վիճակ է տիրում»:
Չարենցավանւմ առավելապես ակտիվ են գործում «Եհովայի վկաներ», մորմոններ, 50-ականներ, «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպությունները:
Փորձագետն իր կատարած ուսումնասիրությունների արդյունքում նաև պարզել է, որ կորուսյալ քաղաքների թիվը մեր երկրում գնալով աճում է: Աղանդավորական կազմակերպություններն ամուր հաստատվել են Վանաձորում, Ստեփանավանում, Աշտարակում, Արտաշատում, Սյունիքի մարզի տարբեր քաղաքներում: Իրավիճակը բավական լուրջ է գյուղական շրջաններում: «Կան գյուղեր, որոնք ամբողջությամբ ընդգրկված են այս կամ այն աղադի ցանցում»:
Ա. Վերդիյանն ահազանգում է` Հայաստանում 100 000 մարդ տարբեր աղանդավորական կառույցների հետևոդ է , «Տարեկան, միջին հաշվով, մենք` հոգևոր առումով, կորցնում ենք 3000 քաղաքացիների, որոնք դառնում են տարբեր կառույցների զոհեր: Սա հսկայական թիվ է մեր փոքր հայրենիքի համար: Այսպես չի կարելի թույլ տալ , ևս 1-2 տարի ու մենք անկարող կլինենք կասեցնել անկումը»: Հիմնվելով աշխարհի փորձի վրա, փորձագետն առաջարկում է նման խոցելի քաղաքներում, Հայոց Առաքելական եկեղեցուն կից ստեղծել հավատի պաշտպանության կենտրոններ (апологетический центр). «Ամենևին պարտադիր չէ, որ նրանցում ընդգրկված լինեն միայն մեր եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչներ, հակառակը, շատ ավելի արդյունավետ կլինի, որ նման կենտրոնները ղեկավարվեն աշխարհիկ մարդկանց կողմից: Մեր ժողովուրդը շատ հարցերում անտեղյակ է, զգալի մասը չիմացության պատճառով է, որ դառնում է աղանդավորական կառույցների հետևորդ: Նման կենտրոններն անհրաժեշտ տեղեկատվությունը կփոխանցեն ժողովրդին, այդ կերպ նրան հեռու պահելով քայքայիչ աղանդների ներգործությունից»,- համոզված է փորձագետ Վերդիյանը: Քանզի դա է հուշում աշխարհի բազմաթիվ երկրներում գործող նմանատիպ կենտրոնների փորձը:
Նկարում` 50-ականների «եկեղեցին» է
Արմինե Սիմոնյան












