Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Քադաֆիի դին հանձնեցին անապատին

Հոկտեմբեր 25, 2011թ. 13:49

00Այսօր լուսաբացին Մուամար Քադաֆիի մարմինը հողին հանձնեցին լիբիական անապատում: Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչները հայտնել են, որ գնդապետի մարմինը հուղարկավորվել է գաղտնի վայրում: Արարողությունը համեստ է եղել, ներկա է եղել ընդամենը 4 վկա: Քադաֆին ձերբակալվել էր հինգշաբթի օրը Սիրթում, իսկ ավելի ուշ՝ մահացել անհայտ հանգամանքներում ստացված գնդակից: Մահից առաջ նրան դաժանաբար ծաղրել են եւ ստորացրել: Ազգային անցումային խորհուրդը մինչ օրս հստակ բացատրություններ չի տալիս գնդապետի մահվան վերաբերյալ: Լիբիայի էքս-ղեկավարի մահվան կասկածելի հանգամանքներից հետո միջազգային հասարակայնությունը նոր ղեկավարներից պարզաբանումներ պահանջեց:

Սպանությունից անմիջապես հետո գնդապետի մարմինը տեղափոխվեց Միսուրատու, որտեղ պահվում էր հին շուկայի տարածքում գտնվող սառնարանում: Մի քանի օր շարունակ հազարավոր լիբիացիներ հերթ էին կանգնում՝ մահացած Քադաֆիին տեսնելու համար: Շատերը գալիս էին երեխաների հետ եւ լուսանկարվում՝ այդպիսով նշելով Լիբիայի «ազատագրումը»:

Երեկ կեսօրից հետո Ազգային անցումային խորհուրդը որոշեց դադարեցնել «շոուն» եւ արգելեց հանրային մուտքը գնդապետի մարմնի մոտ: Գիշերը Քադաֆիի, նրա որդու եւ նախկին ռեժիմի պաշտպանության նախարարի մարմինները դուրս են բերվել քաղաքից անհայտ ուղղությամբ:

Ըստ իսլամական ավանդույթի՝ գնդապետին պետք է թաղեին դեռեւս հինգշաբթի, մահվան օրը, մայրամուտից առաջ: Սակայն երկրի նոր իշխանությունները երկար ժամանակ չէին կողմնորոշվում՝ ինչպես վարվել Քադաֆիի մարմնի հետ՝ վախենալով, որ հրապարակային հուղարկավորությունը կարող է նրա գերեզմանը ուխտատեղի դարձնել Քադաֆիին հավատարիմ մնացած կողմնակիցների համար: ԱԱԽ ներկայացուցիչները խոստացել էին, սակայն, որ նախկին առաջնորդի մարմինը հողին կհանձնվի «արժանապատվորեն»:

Իր կյանքի մեծ մասը վրաններում անցկացրած Քադաֆին, ով սիրում էր անապատն ու, ըստ էության, բեդվինի կենսակերպ վարում, վերջին ապաստանը գտավ հայրենիքում, որը, ինչպես եւ խոստացել էր, այդպես էլ չլքեց:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն