Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր, Վերլուծական

Հայ Եկեղեցին հայ ժողովուրդն է

Նոյեմբեր 1, 2011թ. 11:56

GenadiՀայաստանյայց առաքելական եկեղեցուն պատկանող գույքի համար հարկային արտոնություններ նախատեսող օրենսդրական փոփոխությունը կյանքի կոչելու Հայաստանի կառավարության նախաձեռնությունը միգուցե մի քիչ ուշացած, բայց շատ տեղին ու նպատակահարմար է: Այն նպատակահարմար է Հայ եկեղեցու համար` իր հոգևոր գործառույթները ավելի լայնամասշտաբ ու անկաշկանդ իրականացնելու տեսակետից: Անկաշկանդ, որովհետև մինչ այս հարկային դաշտում պետության կողմից եկեղեցուն օժանդակելու կամքը արտահայտող իրավիճակը ամրագրվում է նաև պետական օրենքով, որպեսզի բարոյական օրենքները անտեսող մարդիկ այլևս չասեն, թե եկեղեցին հարկերից խուսափում է: Նշած օրենսդրական փոփոխությունը նպատակահարմար է մանավանդ ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու տեսակետից: Ինչու՞: Որովհետև Հայ եկեղեցու սեփականությունը հայ ժողովրդի սեփականությունն է: Այս փաստը ապացուցելու անհրաժեշտություն չկա: Պարզապես իրեն հայ համարող ամեն մարդ, եթե իր սեփական սիրտը քննի ու իր մտքի ու խղճի հետ խորհրդակցի, ապա վստահաբար կհամոզվի, որ այն ինչ անում է կառավարությունը Հայ եկեղեցու համար` դա նվազագույնն է, որ կարող է անել:

Քույր եկեղեցիները Հայ եկեղեցու հզորացմանը միտված յուրաքանչյուր ընդունված օրենքի համար միայն շնորհավորանքներ կարող են ուղղել հայ ժողովրդին ու մաղթել Տիրոջ զորակցությունը, իսկ նրանք, ովքեր իրենց համար վտանգ են տեսնում Հայ եկեղեցուն հարկային կամ այլ կարգի արտոնություններ տալու մեջ, ուրեմն պետք է վերանայեն հայաստանյան կրոնական դաշտում  իրենց գործունեության նպատակահարմարությունը: Այստեղ որևէ խտրականություն չկա, ով ինչ ցանել է այն էլ հնձում է, սա պարզ, օբյեկտիվ ու հեռատեսական մոտեցում է, որով ոչ մի կերպ չեն ոտնահարվում նաև իրական ժողովրդավարության սկզբունքները, իսկ պարտադրվող «ժողովրդավարությունը» անհանդուրժելի է: Ժամանակն է հասկանան կեղծ ժողովրդավարները, որ Հայ եկեղեցին հայ ժողովուրդն է և Հայ եկեղեցին տեր է իր ժողովրդին` լինեն կաթոլիկացված, մահմեդականացված կամ «կրակված»: Հայ եկեղեցուց սխալմամբ օտարացված բոլոր հայերի Մայր եկեղեցու գիրկը վերադառնալը ժամանակի հարց է և դա անպայման տեղի կունենա:

Հայաստանից դուրս գտնվող հայկական համայնքները Հայաստանյայց եկեղեցու գործունեության համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու ճանապարհին բազմաթիվ խոչնդոտների են հանդիպում, որոնք ի պատիվ հայ համայնքների պետք է նշենք, որ հիմնականում հաղթահարվում են, բնականաբար ոչ առանց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցության: Խանգարողները հիմնականում մեզ հայտնի ազգերի ներկայացուցիչներն են լինում կամ էլ նրանց կողմից դրդված կասկածելի ծագում ունեցող մարդիկ, որոնք տարբեր բնույթի սադրանքների ու կեղտոտ հնարքների միջոցով փորձում են խաթարել հայկական եկեղեցիների կառուցմանը, հայ համայնքների ու Հայ եկեղեցու նվիրապետական աթոռների ավելի ակտիվ գործունեությանը: Եթե սփյուռքի պարագայում նման իրավիճակները ինչ որ տեղ հասկանալի է, ապա տրամաբանորեն Հայաստանում նման խնդիրներ չպետք է լինեն և պետաեկեղեցական հարաբերությունները քայլ առ քայլ պետք է ձևավորվի ու ստանա այն մոդելը, որով Հայ եկեղեցին ավելի արդյունավետ կարող է դարձնել իր հոգևոր կրթադաստիարակչական աշխատանքները, ամբողջությամբ բավարարել հայ ժողովրդի բարոյահոգեբանական պահանջներն ու որ ոչ պակաս կարևոր է` ավելի բարձրացնել իր դերակատարումը սոցիալական հարցերում: Իսկ դրա համար հնարավոր են տարբեր տեսակի օրենսդրական փոփոխություններ, որով պետությունը իրավացիորեն միշտ պատրաստ է աջակցելու եկեղեցուն:  Այս փաստը Հայաստանում գործող Հայ առաքելական եկեղեցու քույր եկեղեցիներին ու կրոնական ու ազգային փոքրամասնություններին բացարձակապես մտահոգվելու առիթ չպետք է տա:

Այնուամենայնիվ, ինչու՞ են աղմկում օրենքով աղանդները: Մի՞թե Հայաստանից դուրս գտնվող վերը նշած մեզ հայտնի ազգերի ներկայացուցիչների ձեռքերը արդեն Հայաստան էլ են հասել և հասցրել են սեղմել կասկածելի ծագում ունեցող մարդկանց ձեռքերն ու պայմանավորվել, որ ամեն կերպ խանգարեն Հայ եկեղեցու հեղինակության բարձրացմանն ու հզորացմանը, քաջ գիտակցելով, որ Հայ եկեղեցու հզորությունը հայ ժողովրդի հզորությունն է: Պետք է զգոն լինենք, որովհետև գառան մորթով գայլերը շատ ակտիվ հակաեկեղեցական, իսկ ենթատեքստում` նաև հակապետական քարոզչություն են իրականացնում:

Հայ եկեղեցու կողմից կատարվող բարեգործությունների, ազգօգուտ ծրագրերի իրականացման, բազմաթիվ մշակութային և այլ միջոցառումների կազմակերպումների և ամբողջ աշխարհում հայ ժողղովրդի հեղինակության բարձրացմանը նպաստող գործերի մասին, մեծ հաշվով կարելի է ասել, հայաստանյան զանգվածային լրատվամիջոցները լռում կամ շատ պասիվ են արձագանքում, մինչդեռ որոշ աղանդավորական (ոչ միայն կրոնական) կազմակերպություններ չեն զլանում ամեն մի պատեհ առիթ օգտագործել ու «տժվժիկ» – ի պատմություններով վիրավորել սոցիալապես անապահով ու խոցելի խավի  ինքնասիրությունը: Արդյունքում Հայ եկեղեցու գործունեության մասին հայաստանի քաղաքացին տեղեկանում է կամ փողոցներում չարամտորեն բամբասող աղանդավորներից, կամ ի սկզբանե Հայ եկեղեցու մասին բացասական կարծիք ունեցող «մտավորականներից», կամ կերած ուրացած ու նեղացած եկեղեցականներից, կամ էլ գառան մորթով գայլերից, որոնք հոտ առաջնորդելու մեղսական հավակնություններ ունեն: Հայ եկեղեցու գովասանքի արժանի գործերը հասարակության համար մեծ մասամբ մնում են անհայտ կամ մնում են հակաքարոզչության ստվերում, մինչդեռ բուռն քննարկումների են ենթարկվում կամ քննադատվում այն օրենքներն ու օրինագծերը, որոնք միտված են է’լ ավելի հնարավորություն ընձեռել Հայ եկեղեցուն` իր հոգևոր գործառույթների հետ զուգահեռ իրականացնելու հայ ժողովրդի սոցիալական վիճակը բարելավող ծրագրեր: Լրատվական այս ոչ բնական իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է լրատվական դաշտի առողջ ուժերի համախմբում ու կազմակերպվածություն, որպեսզի մեր ժողովրդի համար պարզ ու հասկանալի լինի, որ Հայ եկեղեցու հզորությունը հայ ժողովրդի հզորությունն է, որովհետև Հայ եկեղեցին հայ ժողովուրդն է և վերջապես, որովհետև.

«Մի հաց, մի մարմին ենք բոլորս, քանի որ բոլորս էլ նույն հացից ենք վայելում» (Ա Կորնթ. Ժ 19):

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

աստվածաբանության մագիստրոս


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն