Գլխավոր » TOP, Լրահոս, Հոգևոր, Վերլուծական

Հայ Եկեղեցին հայի սրտի մեջ է

Նոյեմբեր 4, 2011թ. 10:00

7Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության «հավատացյալների» հավաքների կազմակերպումն ու կենցաղային բնույթի անկարգությունները վերացնելու նպատակով Հայ Առաքելական եկեղեցու կողմից համապատասխան քայլեր ձեռնարկվելուց հետո հարցը կարգավորվեց, սակայն մինչ այդ լրատվամիջոցներում տվյալ խնդրի արծարծումը «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությանը առիթ տվեց, որ իրենց կրկին ներկայացնեն զոհի կարգավիճակում։

Իբրեւ Հայ Առաքելական եկեղեցու զավակ ուզում եմ անդրադառնալ «Կյանքի խոսքի» կողմից վերոնշյալ հարցի առնչությամբ կատարված հաղորդագրությանը (LRAGIR.am, 06.09.2011), համաձայն որի՝ «եկեղեցական էթիկայի տեսանկյունից» իրենց համար «անընդունելի է որեւէ քրիստոնեական եկեղեցու շինության բակում կամ դրա անմիջական հարեւանությամբ կրոնական բնույթի հավաքների ու արարողությունների անցկացումը»:

Հաղորդագրության այս հատվածում թերեւս ուրախացնողը այն է, որ նրանք իրենց քսանամյա «գործունեության» ընթացքում արդեն գիտակցել են, որ գոյություն ունեն եկեղեցական էթիկայի կանոններ եւ դրանք անտեսելը պատիվ չի բերում: Ըստ իս, եկեղեցական բարոյականության տեսանկյունից «Կյանքի խոսքի» հովիվները, հարգելով կանոնները, շատ ավելի ճիշտ կվարվեն, եթե ընդհանրապես դադարեցնեն կրոնական բնույթի անօգուտ ու ավելորդ հավաքներ ու արարողություններ կազմակերպելն ու անցկացնելը, որովհետեւ էական չէ, թե եկեղեցական էթիկայի կանոնները ինչ բնույթի շինություններում կամ շինությունների բակերում են ոտնահարվում: Ցավալին այն է, որ ոտնահարվում են:

Երբ «Կյանքի խոսքը» հայաստանյան կրոնական դաշտում իր սահմաններն ընդլայնելու համար ջանք չի խնայում` օգտագործելով թույլատրելի ու անթույլատրելի հնարքներ, մեր բարեպաշտ ժողովրդին ճշմարիտ հավատքից շեղող հեռուստահաղորդումներ կազմակերպելով, ներկայանալով նաեւ իբրեւ միջազգային կրոնական կազմակերպությունների անդամ, խախտվում են եկեղեցական բարոյականության կանոնները, որովհետեւ.

«Ով ոչխարների գավիթը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է եւ ավազակ, իսկ ով դռնով է մտնում, հովիվ է ոչխարների: Դռնապանը նրա համար բացում է դուռը, եւ ոչխարները լսում են նրա ձայնը, նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում: Եվ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջեւից է գնում, եւ ոչխարները գնում են նրա ետեւից, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը: Օտարի ետեւից չեն գնա, այլ կփախչեն նրանից, որովհետեւ չեն ճանաչում օտարների ձայնը» (Հովհ. Ժ 1-5):

Իսկ դուռը հայ քրիստոնյայի սիրտն է, որտեղ 1700 տարի առաջ իր գահին է բազմել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին:

Հարգարժան «Կյանքի խոսքի» հովիվներ, հայ մարդու սրտի դռները 1700 տարի առաջ են բացվել Հայոց եկեղեցու առաջ: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հայի սրտի մեջ է, նույնիսկ այն հայի, ով իրեն առաքելական եկեղեցու հետեւորդ չի համարում: Վաղ թե ուշ մոլորված հայերը իրենց սրտի մեջ կլսեն ու կզգան եկեղեցու զանգերի ղողանջներն ու իրենց մոլորեցնողներին ու «կրակողներին» անիծելով կդառնան դեպի իրենց հարազատ եկեղեցին:

Եվ բնականաբար եկեղեցին կընդունի իր մոլորված զավակներին եւ ուրախություն կլինի, բայց դուք ջանացեք Առաքելական եկեղեցում մկրտվելով ու ձեր հետեւորդներին մկրտվելու կոչ անելով` օրհնություն ստանալ: Վստահ եմ, որ եթե «Կյանքի խոսքի» հովիվներդ փորձեք ձեր հետեւորդների սրտի մեջ նայել, կամ հենց դուք ձեր սիրտը քննեք, ապա կտեսնեք, որ այնտեղ Լուսավորչի ջահն է վառվում, ու կառաջնորդվեք հենց այդ լույսով:

Հաղորդագրությունը շարունակվում է այն մտահոգությամբ, որ «Կյանքի խոսքի» վերաբերյալ հաճախ «աղանդ» եզրույթն է օգտագործվում, ինչը արատավորում է իրենց «բարի համբավը»:

Այս մտահոգությունը թերեւս կարելի է հասկանալ:

Իսկապես վիրավորական է երբ մարմնական, մտավոր կամ հոգեւոր արատ ունեցողին անընդհատ հիշեցնում են նրա թերության մասին: Բարոյականության կանոնները պահանջում են, որ նման թերությունների իրական ու փաստացի վիճակը բնութագրելու համար օգտագործվեն ամենամեղմ հոմանիշները: Օրինակ, կույրին ասում են չտեսնող, խուլին ասում են չլսող եւ այլն:

Սակայն դրանից ի՞նչ է փոխվում: Մի՞թե կույրը դադարում է կույր լինելուց, կամ խուլը դադարում է խուլ լինելուց: Իհարկե ոչ: Միգուցե եւ «Կյանքի խոսքին» այլեւս աղանդ չասենք, բայց մի՞թե դրանով նրանց այլեւս աղանդ պիտի չհամարենք, կամ նրանք կդադարեն աղանդ լինելուց: Այսպիսի հարցերը պետական օրենքներով չեն լուծվում, այստեղ պետք է գործեն եկեղեցական բարոյականության կանոնները:

Աղանդ չլինելու հանգամանքը անիմաստ է հիմնավորել հետեւորդների ուռճացված քանակ ներկայացնելով կամ միջազգային կրոնական կազմակերպություններին անդամակցելու կասկածելի հայտարարություններով:

Աղանդ չկոչվելու համար պարզապես պետք է զերծ մնալ Լուսավորչի ջահի լույսը մեր բարեպաշտ ժողովրդից օտարացնելու մեղսական հավակնություններից ու խստորեն պահպանել ոչ միայն կրոնական դաշտը կարգավորող օրենքները, այլեւ եկեղեցական էթիկայի կանոնները:

  • ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Աստվածաբան

Դիտել TOP, Լրահոս, Հոգևոր, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն