Նոր ոստիկանապետը հեռացնում է իր համար անցանկալի անձանց
Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Սիսակ Ավետիսյանին: Պաշտոնից ազատվել է նաեւ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ Մարատ Պողոսյանը նրանց գրանցել են ոստիկանության կադրերի ռեզերվում: Մեծամորի բաժնի պետ է նշանակվել գնդապետ Մուշեղ Օհանյանը` ազատվելով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնից: Մուշեղ Օհանյանը Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ներկայումս անազատության մեջ գտնվող Մարգար Օհանյանի եղբայրն է:
Երեկ երեկոյան էլ զբաղեցրած պաշտոններից ազատվել եւ կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մանվել Շահինյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Գալստյանը, Էրեբունու բաժնի պետ, գնդապետ Գրիգոր Գրիգորյանը:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Արմեն Դավթյանը նշանակվել է Երեւանի թիվ 2-րդ հաշվառման քննական (ՄՌՈՒ) բաժանմունքի պետ, իսկ ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Գաբրիելյանը, ազատվելով Քանաքեռ Զեյթունի ոստիկանության բաժնի պետի պաշտոնից, նշանակվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնում:
ArmAr.am












