Հատված «Նզովյալները» գրքից. «Առաջին հաղթանակները»
Շարունակում ենք ներկայացնել հատվածներ Գևորգ Հովհաննիսյանի «Նզովյալները» գրքից
ԳԼՈՒԽ ԺԷ.
Պատմիչներն հիշատակում են քսանից ավելի մեծ ճակատամարտեր, որտեղ հայոց զորքերին անձամբ գլխավորել է Վասակ սպարապետը: Որոշ ճակատամարտերին, ըստ Փավստոսի, երկու կողմերից զորքերը գլխավորել են Արշակն ու Շապուհը: Բնականաբար, ավելի քան չորս տարի տևած հայ -պարսկական պատերազմում անհաշիվ էին սահմանային նշանակության ընդհարումներն ու հետախուզական բնույթի արշավանքները: Հարկ եմ համարում անդրադառնալ մի քանի խոշոր ճակատամարտերի, որոնք, ըստ իս, լավագու՛յնս են արտացոլում հայոց բանակի և նրա ղեկավարության մարտական կորովը, ինչպես նաև, Արշակ արքայի որդեգրած մարտավարությունը՝ ողջ պատերազմի ընթացքում(1):
«Ամոթալի» պայմանագրի կնքումից շատ չանցած, ինչպես և սպասվում էր, պատերազմական գործողությունները սկսվեցին հայոց և պարսից միջև: Առաջին ճակատամարտը տեղի ունեցավ Ատրպատականի Գանձակ քաղաքի մատույցներում ՝ Թավրիզից հարավ ընկած շրջանում: Տիզբոնից հայ սահմանապահներին հայտնում են, որ պարսկական մի մեծ զորաբանակ արշավում է դեպի Հայաստան ՝ Ատրպատականի ուղղությամբ : Վասակ սպարապետը՝ ոտքի հանելով Հայոց Գունդը, սրընթաց շարժվում է թշնամուն ընդառաջ: Երկու բանակները հանդիպում են Գանձակի մատույցներում: Թեպետ պարսկական բոլոր ուժերը դեռ չէին հասցրել միավորվել նույն տեղում, բայց ժամանածնե՛րն էլ արդեն քանակապես գերազանցում էին հայկական ուժերին: Չնայած դրան, Վասակը հարձակման հրաման է տալիս: Ճակատամարտի հենց սկզբից, հայոց այրուձին աննկարագրելի խուճապ է առաջացնում թշնամու շարքերում: Հայոց Գունդն իր տարերքի մեջ էր: Անխնա սրի են քաշում անասնական վախով համակված պարսից բյուրավոր զինվորներին՝ սոսկալի սպանդ առաջացնելով թշնամու բանակում: Հաղթանակը կատարյալ էր և անգերագնահատելի: Վասակը, սակայն, չգոհացավ փառավոր հաղթանակով: Հայոց արքան պաշտպանվելու համար չէ, որ Հայքի սահմաններից դուրս էր ուղարկել իր զինվորներին: Արշակի հրամանով, Հայոց գունդը մի քանի ամիս շարունակ ասպատակում, ավարառում ու գերեվարում էր պարսից աշխարհը: Ատրպատականին սահմանակից պարսից քաղաքներն ու գավառները հրի ու սրի մատնելուց հետո, Վասակը առավել ուժեղացրեց սահմանապահ զորքերի դիրքերը՝ խստացնելով պետական սահմանի հսկողությունը:
Շուտով Տիզբոնից հայկական հետախուզությանը տեղեկացվում է, որ Շապուհն անձամբ, հսկայական զորքով, արշավում է Հայաստան: Ստացված տեղեկատվության կատարյալ մանրամասնությունն ու զարմանալի ճշգրտությունը (կասկածից վեր է, որ այն ուղարկվել էր Մեհրուժան Արծրունու կողմից) թույլ են տալիս Արշակ արքային՝ մշակելու և իրագործելու ռազմական մի բարդ ու հանճարեղ գործողություն, որն համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ իր նախադեպը չի՛ ունեցել՝ մինչև չորրորդ դար: Հայոց արքայի զորավարական տաղանդն ու անձնական արիությունն, իրականում, ոչնչով չե՛ն զիջել հանճարեղագույն զորավարներին:
Հայոց արքային տեղեկացնում են, որ Շապուհն իր բանակը բաժանելով երեք մասի՝ վճռել է Հայաստան ներխուժել երեք ուղղությամբ: Նման դեպքերում, սովորաբար, հակառակորդի անլիարժեք տեղեկացվածության պայմաններում, հաղթանակն ապահովված էր: Սակայն, հայոց արքան վաղօրոք գիտեր ո՛չ միայն պարսից բանակի՝ երեք կողմից Հայաստան ներխուժելու ծրագրի, այլև՝ բոլոր երեք զորասյուների ճշգրիտ երթուղիների մասին: Առաջին զորաբանակը Շապուհը վստահում է Հազարավուխտին, որն արշավում է Վանանդի ուղղությամբ: Երկրորդ զորաբանակը՝ Անդիկանի գլխավորությամբ, արշավում է դեպի Առբերանի գավառ: Զորքի երրորդ մասը, որ գլխավորում էր ինքը՝ Շապուհը, շտապում է դեպի Այրարատ՝ երկրի սիրտը: Բոլոր երեք զորաբանակներն էլ համալրված էին մարտական փղերով:
Արշակը, համապատասխանաբար, հայոց զորքը բաժանում է երեք մասի: Առաջին զորաբանակը՝ սպարապետ Վասակի առաջնորդությամբ, պետք է դիմավորեր Հազարավուխտին: Երկրորդ զորաբանակի հրամանատար է նշանակվում Բագոս Մամիկոնյանը՝ Վասակի եղբայրը: Նա պետք է չափվեր Անդիկանի հետ: Արշակը ստանձնեց երրո՛րդ զորաբանակի առաջնորդությունը: Հայոց արքայի մշակած ծրագրի համաձայն, բոլոր երեք զորաբանակներն էլ, տարբեր ուղղություններով անցնելով գրեթե հավասարաչափ տարածություն, միևնույն օրը պետք է բախվեին թշնամու զորախմբերի հետ: Հայոց աշխարհում միևնույն օրը պետք է տարվեր երեք հաղթանակ:
Սպարապետ Վասակ Մամիկոնյանն իր զորքով Հազարավուխտին հանդիպում է Վանանդ գավառի Երևյալ կոչված վայրում: Երկար արշավից հետո, առանց դադար առնելու, Վասակը հարձակման հրաման է տալիս: Հայոց այրուձին սրընթաց գրոհում է թշնամու կենտրոնական ուժերի վրա: Ճեղքելով պարսիկների մարտակարգը, հայկական զորասյուներն ստիպում են հակառակորդին անկանոն կերպով նահանջել: Ներդաշնակ համերաշխությամբ գործող հայոց զորքի բոլոր թևերի գրոհն այնքա՛ն ուժգին էր և անսպասելի, որ պարսիկները չե՛ն հասցնում անգամ կռվի մեջ ներքաշել մարտական փղերին: Անկանոն նահանջը՝ հաշվված րոպեների ընթացքում, վեր է ածվում խուճապահար փախուստի: Հազարավուխտի զորաթևերը փախչում են մի քանի ուղղությամբ: Հայոց կողմից իրականացված հետապնդումն այնքան գրագետ էր և ճիշտ կազմակերպված, որ պարսիկներն այդպես էլ, մինչև վերջ, չկարողացան միավորել իրենց անջատ ուժերն ու միասնական ճակատով դիմադրել Վասակի ուղարկած հետապնդող ջոկատներին: Հաղթանակը կատարյալ էր: Հազարավուխտի բանակից պարսկական սահմանը կարողացան անցնել միայն չնչին փշրանքներ: Վասակի ձեռքն է անցնում հսկայական ռազմավար, որի մեջ Բուզանդն հատկապես ընդգծում է մարտական փղերին(2):
Միևնույն օրը, հասնելով Առբերանի գավառ՝ Բագոս Մամիկոնյանի գլխավորած զորաբանակը Անդիկանի զորքերին հանդիպում է Վանա լճի ափին գտնվող Առեստ ձկնորսական ավանում: Պարսիկներն արդեն հասցրել էին մարտական ճակատ կազմել և սպասում էին հայկական ուժերին: Հարձակումը սկսում են հայկական զորաթևերը: Հենց սկզբից հայոց այրուձին կարողանում է ճեղքել թշնամու ճակատային գիծն ու խառնել նրա մարտակարգը: Հրամանատարական դիտակետի ուղղությամբ կատաղի գրոհ ձեռնարկած հայկական մի զորախմբի հաջողվում է հասնել Անդիկանին և ճակատամարտի հենց սկզբում սպանել նրան: Սակայն, պարսից զորքը խուճապի չի մատնվում: Բագոսի զորաբանակին թվով մի քանի անգամ գերազանցող պարսիկները կարողանում են պահեստազորի օգնությամբ վերականգնել մարտական կարգը, կռվի մեջ ներքաշել թարմ ուժերի և մարտական փղերի զորամասով անցնել հակագրոհի: Բագոսը, սուրը ձեռքին, իր զինվորների առաջին շարքերում, կասեցնում է թշնամու կատաղի հակագրոհը: Կռիվը տևում է մի քանի ժամ: Տեսնելով Անդիկանի մահից հետո պարսից հրամանատարությունը ստանձնած զորավարին, որը մարտական փղի վրա նստած ղեկավարում էր հակագրոհը՝ Բագոսը նետվում է նրան ընդառաջ: Մտնելով փղի տակ՝ Բագոսը սրով զարկում է փղին փորից, նրա հետ տապալելով և պարսից զորավարին, որն իսկույն ոտնատակ է լինում հայոց հեծելեզորին: Հրամանատարի մահն այս անգամ ճակատագրական է լինում պարսիկների համար, որոնք սկսում են նահանջել: Հայոց զորաթևերի ուժեղ հակագրոհն այդ նահանջը շուտով վերածում է փախուստի: Պարսկական զորքերի մնացորդները հետապնդվում են մինչև սահման: Սակայն, այս փառահեղ հաղթությունը շատ ծանր նստեց հայոց վրա. Բագոս Մամիկոնյանը չհասցրեց դուրս գալ փղի տակից: Ճակատամարտի հենց սկզբից սուրը ձեռքին՝ շարքային զինվորի հետ կողք -կողքի կռիվ տվող այս աննվեր զորավարն, իր մահով շահեց սեփական զորքի հաղթանակը:
Մեկ դա՛ր էլ չի անցնի, երբ Մամիկոնյան մե՛կ այլ զորավար՝ Տարոնցի Վարդանը, Սյունյաց գնդի «օգնությամբ», կհայտնվի փղերի ոտքերի տակ: Հայոց սպարապետներին և անձամբ ի՛ր զորավարական բարձր որակներին անհարիր մի անփութությամբ, Վարդանը՝ զորքը թողած անտեր, բախման հե՛նց սկզբից կգնա անիմաստ ինքնասպանության(3): Վարդանանք կդիմեն անկանոն փախուստի, չի՛ գտնվի մեկը, որ փոխարինի նահատակված սպարապետին, և … Վարդանը կհերոսացվի, ավելին՝ կդասվի սրբերի շարքը: Իսկ Բագո՛սը, որ իր քայլով ապահովեց պարսկական բանակի կատարյալ ջախջախումը, Բագո՜սը, որ առաջի՛նն էր կռվի դաշտ մտնում և հաճախ, ձին թողած , պայքարում հետևակ զինվորի հետ կողք-կողքի, Բագո՜սը, որի քաջության համբավը թնդում էր Հայքի սահմաններից շա՜տ ու շատ հեռու… «Ժողովուրդը Բագոս Մամիկոնյանի մասին հյուսել է հերոսապատումներ»(4):
ՈՒ՜ր էր թե… Բագոսը մոռացվե՛ց սերունդների կողմից: Նա չհերոսացվեց ու, բնականաբար, չդասվե՛ց սրբերի շարքը: Որովհետև վանքերու՛մ է գրվել Հայոց պատմությունը:Լսենք Բուզանդին. «Բագոսը… քաջության և արիության մեջ նմանը չուներ, բայց խելքի կողմից պակասավոր էր»(5): Ահա՛ Բագոսի արարքի գնահատականը: Բագոսը խելքից պակասավո՜ր էր, որովհետև հանուն հայոց պետականության հզորության մղվող պայքարում, նախապես փայլուն կերպով կազմակերպելով իր զորքի ղեկավարությունը՝ մե՛ն -մենակ դուրս եկավ մարտական փղերի զորամասի դեմ՝ հայոց արքայի փառքի՛ն նվիրաբերելով իր կյանքը: Վարդանը սու՜րբ էր, քանզի զորքը թողած բախտի քմահաճույքին, փոխանակ մտածելու հաղթանակի մասին ՝ հայ զինվորին նահատակության անձնական օրինա՛կ էր ցույց տալիս՝ սեփական մահով ապահովելով հայրապետական գայիսոնի հաստատունությունը: Բագոսը Հայոց Պետականությա՛ն կերտողն էր. այդպիսիք երբե՛ք չեն հերոսացվել կղերական մատենագիրների կողմից: Վարդանը եկեղեցակա՛ն նահատակ էր. այդպիսինների օրինակներո՛վ են դարեր շարունակ դաստիարակվել մեր սերունդները:
Հաղթական մարտերից հետո, Վասակի և Բագոսի զորախմբերը դադար են տալիս հայոց սահմանների մոտ՝ սպասելով արքայի հետագա հրահանգներին:
Նույն օրը, Արշակ արքայի գլխավորած զորաբանակը հասնում է Այրարատի Բասեն գավառ, ուր Ոսխա ավանի մոտ Շապուհը տեղաբաշխել էր իր հսկայաքանակ զորքերը: Դա մարտավարական մեծ սխալ էր Շապուհի կողմից, որն անփութացած իր բանակի քանակական գերազանցության պատճառով, կուտակել էր ուժերը փոքրիկ դաշտավայրում ՝ կաշկանդելով սեփական զորամասերի ազատ գործողությունները: Արշակը սթափ գնահատական է տալիս իրավիճակին՝ մի քանի ժամ հետաձգելով հարձակումը: Գիշերն անփութորեն քնած պարսկական բանակն արթնանում է ահավոր դղրդյունից ու սոսկալի աղմուկ -աղաղակից: Արշակ արքան՝ իր զորաբանակի առաջին շարքերում, ներխուժում է թշնամու ճամբար: Դժոխային աղմուկն ու հայերի անսպասելի հարձակումն անում են իրենց գործը. Շապուհի մի քանի բյուրերով հաշվվող քնահարամ զորքն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է տեղի ունենում: Չկա՛ր մեկը, որ կազմակերպեր և մարտական կարգի բերեր ոչխարի հոտի վերածված զորամասերին: Պարսից զորքը մինչև վե՛րջ էլ դիմադրություն ցույց չտվեց: Արշակը կազմակերպել էր մի սպանդ, որի նմանը Շապուհը երբեք չէ՛ր տեսել իր երկարատև գահակալության ողջ ընթացքում: Մինչև լույս հայ զինվորներն անխնա կոտորում էին խելահեղ սարսափի մեջ դեսուդեն վազվզող պարսկական բանակի լավագույն զորամասերին: Արևելքի հզոր տիրակալը՝ մի կերպ հաջողեցնելով դուրս սպրդել այդ ջարդից , հազիվհազ իրեն նետեց Պարսից աշխարհ:
Գիշերային հարձակման մարտավարությունը միշտ էլ ընդունված է եղել և հնարավորինս հաճախակի գործածվել է հին աշխարհի շատ զորավարների կողմից: Հայ ռազմական պատմությունը նու՛յնպես լի է նման հարձակումներով: Բայց առաջին անգամ Արշակ արքայի օրո՛ք էր, որ հայոց մեջ մշակվեց գիշերային հարձակումների ժամանակ բանակի բոլոր զորատեսակների ներդաշնակ մասնակցությունը: Շապուհի բանակի ջախջախմանը մասնակցում էին Հայոց Գնդի բոլո՛ր զորատեսակները: Դրանում մենք պարտական ենք Վասակ սպարապետին: Տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում, հայոց բանակը հրաշալի մարտարվեստ էր ցուցադրում՝ նաև մթության քողի տակ կանոնավոր կերպով կռվելով, ինչպես դա կաներ ցերեկը: Ընդհանրապես, առանց վարանելու կարելի է ասել, որ Վասակ Մամիկոնյանը կատարելության նոր բարձունքների հասցրեց միջնադարյան հայոց բանակը, և ոչ միայն. համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ ցայժմ տեղ գտած մարտավարական որոշ հնարքներ ծնունդ են առել հենց Արշակի ու Վասակի՛ ժամանակների հայոց բանակում:
Հայոց արքայի սուրհանդակն հանդիպեց Վասակի ու Բագոսի հաղթական զորաբանակների ավետաբերներին՝ նրանց հաղորդելով արքայի կամքը. հայկական երեք զորաբանակները՝ երեք տարբեր ուղղություններով, պետք է ներխուժեին Պարսկաստան: Սարսափելի պարտությունից դեռ ուշքի չեկած Շապուհին հրամցվում էր նրա՛ իսկ ծրագրած արշավանքի հայկակա՛ն տարբերակը: Եվ հայ-պարսկական սահմանի երեք տարբեր հատվածներից սկսվեց հայկական զորախմբերի ավերիչ արշավանքը: Այս արշավանքն ահավոր կորուստներ պատճառեց Պարսից աշխարհին: Հայոց զորքերն ավերեցին ու կործանեցին հազարավոր շեն բնակավայրեր և հարուստ ավարով վերադարձան Հայրենիք:
Եթե 363 թվականին դեպի Հյուսիսային Միջագետք իր արշավանքով Արշակ արքան ցույց տվեց հռոմեացիներին, որ այս պատերազմում հետապնդում է իր երկրի քաղաքական շահը և որ ամենևին էլ չի՛ պատրաստվում այդ շահը զոհաբերել կայսերական զենքի հաղթանակին, ապա Գանձակի, Երևյալի, Առեստի ու Ոսխայի ճակատամարտերը հայ-պարսկական պատերազմի հենց սկզբում՝ հայոց արքայի պատասխանն էին հռոմեա- պարսկական «ամոթալի» պայմանագրին: Այդ հաղթանակներով հայոց արքունիքը ցույց տվեց, որ իր կողմից մղվող պատերազմում ինքը հուսահատ ինքնապաշտպանության չէ՛, որ դուրս է եկել, այլ ունի լուրջ մտադրություններ՝ հայոց գերիշխանությունն Արևելքում վերականգնելու ուղղությամբ: Իսկ որ Արշակի այդ մտադրություններն ամենևին էլ հիմնազուրկ չէին, ցույց է տալիս պատերազմի ողջ ընթացքն ու հայոց արքայի վարած՝ բացառապես հարձակողական մարտավարությունը:
Գևորգ Հովհաննիսյան , «Նզովյալներ»
Ծանոթություն
(1) Այս և հետագա բոլոր խոշոր մարտերի նկարագրության համար՝ իբրև աղբյուր, օգտվել եմ նաև «Մեր Հաղթանակները» ժողովածուից: Մեր Հաղթանակները. Հատոր 2. «Նորավանք» ԳԿՀ. 2009
(2) Փավստոս Բուզանդ. Հայոց Պատմություն. ԻԲ
(3) Համլետ Մխիթարյան. Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը. Երևան. Նոյյան Տապան. 2007. 101-120
(4) Մեր Հաղթանակները. Հատոր 2. 19
(5) Փավստոս Բուզանդ. Հայոց Պատմություն. ԻԲ
ArmAr.am
Թեգեր` Գևորգ Հովհաննիսյան













