Ո՞վ պետք է ապահովի մեր հոգևոր անվտանգությունը
Սոցիալական վիճակն այն գործոնն է, որը խելամիտ մարդուն առաջնորդում է ճանաչելու շրջապատող աշխարհն ու ինքն իրեն: Աշխարհընկալման ու ինքնաճանաչման այս ճանապարհին մարդը անխուսափելիորեն բախվում է աստվածճանաչողության խնդրին և հաճախ այդ հարցում նրան օգնելու անհրաժեշտություն է լինում, որովհետև նա հայտնվում է իր համար անսովոր հոգեբանական վիճակում: Քանի որ այս կարևորագույն ճանապարհը տարբեր մարդիկ անցնում են տարբեր տարիքում, տարբեր միջավայրում, տարբեր ֆիզիկական ու մտավոր մակարդակներում, տարբեր կենցաղային ու սոցիալական պայմաններում, հետևաբար, ամեն մարդ Աստծու մասին ունենում է իր ուրույն պատկերացումները, որոնք համահունչ են իր իսկ անհատական իրականությանը:
Յուրաքանչյուր մարդ առավել հակված է գտնվել այնպիսի միջավայրում, որտեղ կարող է ապրել բարեկեցիկ ու ապահով կյանքով: Այլևս ոչ մի գաղափարախոսություն մարդուն չի կարող ետ պահել այս ձգտումից: Ոչ ոք ջանք չի գործադրի հանուն ոչնչի կամ ի վնաս իրեն, մինչդեռ յուրաքանչյուր ողջամիտ անձնավորություն սիրով է լծվում մի գործի, որը օգտակար է իր մարմնի ու հոգու համար:
Հայտնի ճշմարտություն է` ովքեր փնտրում են, նրանք գտնում են: Սակայն, թե ով ինչ է գտնում, մեծ մասամբ պայմանավորված է նաև այն հանգամանքով, թե ով ո՞ւմ է հանդիպում: Շատ կարևոր է, որպեսզի որոնումների մեջ ոչ ստանդարտ հոգեբանական վիճակում գտնվող մեր հայրենակիցները հանդիպեն այնպիսի մարդու, որը նրանց չի սնի բարեկեցիկ կյանքի սին երազանքներով ու չի օտարացնի Հայոց եկեղեցուց ու հայ աշխարհից: Ցավալի է, բայց նման վիճակում գտնվող հայ մարդը կարող է ընկնել նաև այնպիսի կրոնական հոսանքների ազդեցության տակ, որոնք նրան կվստահեցնեն, թե իրենց հավաքատեղին հենց այն վայրն է, որտեղ ինքը կճանաչի շրջապատող աշխարհը, կճանաչի ինքն իրեն, կգտնի բարեկեցիկ կյանք, կապահովի իր հոգու փրկությունը:
Խեղդվողի փրկությունը խեղդվողի ձեռքերում է, սակայն եթե խեղդվողն ի վիճակի չէ փրկել ինքն իրեն, ապա իր համար այլևս էական չէ, թե ով կփրկի իրեն: Ով էլ փրկի, նա իր փրկությունը կվերագրի Աստծուն ու փառք կտա Նրան: Բայց որտե՞ղ նա փառք կտա Աստծուն, Եհովայի վկաների հավաքատեղիներո՞ւմ, թե՞ մորմոնների կամ մեկ այլ կրոնական կազմակերպության շրջանակներում: Ահա այստեղ է, որ մենք խնդիր ունենք հայ ժողովրդի հոգևոր անվտանգության հետ: Հայ եկեղեցուց դուրս որտեղ էլ հայտնվի հայ մարդը, դա կնշանակի, որ նա կտրեց իր բնական կապը Հայ Առաքելական Եկեղեցու հետ, այսինքն նա չգտավ այն, ինչ իրեն էր պետք:
Տխուր ու անհերքելի փաստ է, որ հիմնականում վերը նշված հոգեբանական բարդ իրավիճակներում են մարդիկ մոլորվում ու խորթանում հայ իրականությունից. ոմանք դառնում են կրոնական, քաղաքական, ոմանք էլ մշակութային, շոու բիզնեսի, մարզական, բժշկական ու Հայաստանում ակտիվացած տարաբնույթի աղանդավորական կազմակերպությունների զոհերը: Այսինքն, ակնհատորեն տեղի է ունենում հոգևորսություն:
Աղանդավորներն արդեն մասնագիտացել են աշխարհընկալման ու ինքնաճանաչման ճանապարհին գտնվող մարդկանց որսալու գործի մեջ, նրանք շատ հեշտությամբ կարողանում են «լուծել» մեր հայրենակիցների խնդիրները` կիրառելով հոգեբանական տարբեր հնարքներ ու տեխնոլոգիաներ: Նրանց սոցիալական հայեցակարգի հոռետեսական ազդեցությունը զարմանալիորեն տարածվել է նաև այնպիսի անձանց վրա, ովքեր իրենց քաղաքական գործիչ են համարում:
Հայ եկեղեցին այս չարիքին հակազդելու համար անում է հնարավորը, սակայն պետք է անել նաև անհնարինը, իսկ անհնարինը հնարավոր է դառնում միայն միասնական ուժերով:
Իբրև Հայ եկեղեցու զավակ, ես կարծում եմ, որ մեր հայրենակիցներին աղանդավորներից պաշտպանելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայ եկեղեցու հետևորդները, առավել ևս սպասավորները, և մասնավորապես, ծխատեր հոգևորականները, կրկնապատկեն իրենց ջանքերը և իրենց ընտանիքների հոգսերը հոգալուն զուգընթաց ավելի ակտիվացնեն իրենց ներգործությունը հասարակական ու սոցիալական բոլոր խավերի շրջանում: Այս գործում նպատակահարմար ու արդյունավետ կարող է լինել, մանավանդ, ծխատեր հոգևորականների կողմից անհատական զրույցների հաճախակի կազմակերպումը ծխի անդամներից յուրաքանչյուրի հետ: Նման հանդիպումները կնպաստեն, որ ծխատեր հոգևորականը առավել մոտիկից ծանոթանա իր ծխի անդամների հոգսերին ու խնդիրներին, իսկ հարկ եղած դեպքում նաև իր խորհուրդներով օգնի նրանց դուրս գալ հոգեբանական դժվարին իրավիճակներից: Արդյունքում, հայ մարդն այլևս իր հոգևոր խնդիրներին բավարարվածություն տալու համար ակամա չի դառան այս կամ այն օտարածին «կրոնական» կառույցի հետևորդն ու չի կտրի իր հոգևոր կապը Հայ Առաքելական եկեղեցուց:
Ոչ ոք հոգևորականից նյութական օգնություն չի ակնկալում, փոխարենը մշտապես ակնկալում ու պատրա’ստ են հոգևոր սնունդ ընդունել և` շնորհակալ լինել: Պարզապես անհրաժեշտ է հաղթահարել ծուլությունը: Հայ եկեղեցին լինելով ազգային, հոգևորի հետ զուգահեռ ի վիճակի է իրականացնել նաև սոցիալական ու բարոյահոգեբանական գործառույթներ, մանավանդ, որ գոյություն ունի դրան նպաստող օրինական դաշտ:
Հայ եկեղեցու ազգային լինելու հանգամանքը նախ և առաջ հաստատված է հենց հայ ժողովրդի վերաբերմունքով իր հարազատ եկեղեցու նկատմամբ, և հետո միայն` պետական օրենքով: 2007 թվականի փետրվարի 22-ին ընդունված Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին օրենքով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` որպես ազգային եկեղեցի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունների նվիրապետական աթոռներով: Ճանաչում է նաև նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Վերը նշած օրենքով հաստատված է նաև, որ` որպես ազգային եկեղեցի, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին գործում է նաև այլ երկրներում և գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո` միջազգային իրավական նորմերին համապատասխան:
Իհարկե, ժամանակի մարտահրավերները հնարավոր է որոշ փոփոխություններ մտցնեն Հայաստանի կրոնական դաշտն ավելի կանխատեսելի դարձնելու և պետություն-եկեղեցի հարաբերությունների առավել տրամաբանական ու հաստատուն մոդել ձևավորելու համար: Սակայն եղածն էլ բավարար է, որպեսզի հասկանալի լինի բոլորին, որ հայ ժողովուրդը որբ չէ ու կարիք չկա նրան որդեգրել, հայոց պետությունն անզավակ չէ ու կարիք չկա, որ օտարները «հոգան» նրա մասին: Եւ մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մենք Հայոց Եկեղեցին ենք, մենք Հայոց Պետությունն ենք, մենք Հայ Ժողովուրդն ենք, և պարտավո’ր ենք ապահովել մեր հոգևոր անվտանգությունը: Այս առթիվ կրոնական ու, մանավանդ, ազգային փոքրամասնությունները բացարձակապես մտահոգվելու առիթ չունեն: Այստեղ որևէ խտրականություն չկա, սա է իսկական ժողովրդավարությունը: Մենք, պարզապես, ուզում ենք հաղորդակցվենք Խրիմյան Հայրիկի արդարության ու ազատության իդեալների հետ ու հիշենք Պետրոս առաքյալի խոսքերը, որը ամբողջ մարդկությանն է ուղղած. «Ապրեցե’ք իբրև ազատներ և ազատությունն իբրև չարիքի պատրվակ մի’ բռնեք, այլ ապրեցե’ք որպես Աստծու ծառաներ» (Ա Պետրոս Բ 16):
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
աստվածաբանության մագիստրոս
ArmAr.am












