Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Լրահոս

Կստեղծվի «ՀՀ-ում արևմտահայերի ժառանգների հայրենակցական միություն»

Նոյեմբեր 21, 2011թ. 12:41

2011թ նոյեմբերի 20-ին Երևանում կայացավ ՀՀ-ում արևմտահայերի ժառանգների հայրենակցական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների Համագումարը, որին մասնակցել են Արևմտյան Հայաստանը ներկայացնող 10 հայրենակցական կազմակերպությունների և արևմտահայերի ժառանգների անհատ ներկայացուցիչների 87 պատվիրակներ: Համագումարը ընդունել է որոշում` հիմնադրել «ՀՀ-ում արևմտահայերի ժառանգների հայրենակցական միություն՚»:

Միաժամանակ ընտրել է 30 պատգամավոր, որոնք 2011թ. դեկտեմբերի 10-ին կմասնակցեն Փարիզում (Սևրում) կայանալիք Արևմտահայերի երրորդ համագումարին: Ի դեպ, երրորդ համագումարի անցկացումը նախապատրաստել է 2007թ. Փարիզում որպես հ/կ գրանցված Միջազգային կազմկոմիտեն: Ինչպես հայտնի է, արևմտահայերի առաջին և երկրորդ համագումարները կայացել են 1917 և 1919 թվականներին Երևանում ` զորավար Անդրանիկի նախաձեռնությամբ, որոնց մասնակցել են Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից փրկվածների ներկայացուցիչները:

Իսկ Արևմտահայերի հրավիրվելիք երրորդ համագումարի նպատակը կլինի Արևմտահայերի Ազգային Խորհրդի ստեղծումը: Նախաձեռնության հեղինակների համոզմամբ, տևական և հետևողական աշխատանքների շնորհիվ, ինչպես նաև համապատասխան միջազգային կարգավիճակի ձեռքբերումով, արևմտահայերի լիազոր ներկայացուցչական մարմինը հնարավորություն կստանա անմիջականորեն հետամուտ լինել միջազգային կազմակերպություններում և այլ կառույցներում արևմտահայերի ժառանգների օրինական իրավունքների պաշտպանությանը: Նաև շահագրգիռ ուժերի հետ համատեղ կմասնակցի թուրքական իշխանությունների և այլ կողմերի հետ բանակցություններին, երկխոսություններին` նպատակ հետապնդելով Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության փաստացի ճանաչման ու դատապարտման, բարոյական, նյութական և տարածքային վնասի փոխհատուցման:

Արմինե Սիմոնյան


Դիտել Արևմտյան Հայաստան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն