Ինչպես կրկնապատկել բյուջեն եւ ինչպես այն ծախսել
«Ժառանգության» առաջարկները
Մինչեւ «Ժառանգության» բուն առաջարկներին անցնելը, երկու բառով անդրադառնանք Կառավարության ներկայացրած բյուջետային փաթեթին, որի ամենապարզ վերլուծությունն անգամ ցույց է տալիս, որ այստեղ ոչ թե բյուջեի իրական ավելացում կա, այլ պարզ քարոզչություն` չեղած տեղը: Վարչապետն ասում է, որ իրենք ներկայացնում են այնպիսի փաթեթ, որի նպատակն է բարձր եկամուտներ ունեցողներից ավելի շատ հարկային եկամուտներ հավաքագրել եւ այդ եկամուտները բերել պետական բյուջե: Իսկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի այն մտահոգությանը, թե ռիսկային է 101 մլրդ դրամ հարկերի հավաքագրումը, վարչապետը հակադարձում է, որ «դեռեւս ունենք բավականին մեծ ստվերային տնտեսություն եւ ջանքերն առաջին հերթին պետք է ուղղել ստվերային տնտեսության կրճատմանն ու արդարության սկզբունքի ներդրմանը հարկային դաշտում»: Ինչպիսի~ հրաշալի խոսքեր: Իսկ այժմ` թվեր:
Ըստ կառավարության ներկայացրած ՀՆԱ-ի աճի 2012թ. կանխատեսման, որի հիման վրա կազմվել է բյուջեն, այդ աճը կազմելու է 4,4%, ընդ որում այդ ցուցանիշն իրատեսական են համարում միջազգային մի շարք ֆինանսական կառույցներ, այդ թվում ՀԲ-ն: Այսպիսով` բյուջեի հարկային եկամուտներում 101 միլիարդանոց աճից շուրջ 28,6 միլիարդ տեղի կունենա ոչ թե Կառավարության առաջարկած հարկային փաթեթի, այլ հարկվող ՀՆԱ-ի բազայի պարզ ավելացման հաշվին, եւս 30 մլրդ-ը` ինֆլյացիայի հաշվին (ՀՆԱ-ի դեֆլյատորի ցուցանիշը հավասար է լինելու 4,6%-ի): Այսինքն` ստվերի կրճատման եւ խոշոր բիզնեսի/շատ եկամուտներ ունեցողների լրացուցիչ հարկման հաշվին բյուջե է գանձվելու հավելյալ ընդամենը 41 մլրդ դրամ: Դա էլ տեղի կունենա միայն այն դեպքում, եթե ինֆլյացիայի կանխատեսումը իրական է: Շատ ավելի հավանական է ինֆլյացիայի շատ ավելի բարձր ցուցանիշը: Մինչդեռ ինֆլյացիայի` 2012թ. բյուջեում դրված կանխատեսման համեմատ կրկնակի ավելի ցուցնիշի դեպքում կառավարությունը կկարողանա «հանգիստ խղճով» ընդհանրապես չդիպչել հարազատ ստվերին եւ անգամ այդ դեպքում հարկերի հավաքագրման աճ արձանագրել:
Այն, որ Կառավարությունն իրականում ոչ մի մտադրություն կամ կարողություն չի ունեցել «կպնել» խոշոր բիզնեսին, երեւում է նաեւ նոր «Շքեղության» հարկից, ըստ որի` շքեղություն են համարվում բացառապես 90 հազար դոլարից թանկ ավտոմեքենաները: Այսինքն, ըստ կառավարության, 80, 70, 60 հազար դոլարանոց մեքենաները շքեղություն չեն: Ընդ որում` խոսքը ոչ թե Հայաստանում արդեն գտնվող գերթանկարժեք մեքենաները հարկելու, այլ ընդամենը այսուհետ ներկրվող նման մեքենաների վրա մաքսային արժեքն ավելացնելու մասին է: Այնպես որ, «ախպեր տղերք», դուք պրոբլեմ չունեք` չեք ուզում պետությանը մի քանի կոպեկ ավելի փող տաք շքեղության համար` յոլա գնացեք 89.000 դոլարանոց «էժան» մեքենաներով կամ արդեն Հայաստան ներկրված «Համմերներով» ու «Բենդլիներով»: Իսկ միլիոնավոր դոլարների արժողությամբ անշարժ գույքը շքեղություն համարելու եւ հարկելու մասին ընդհանրապես խոսք չկա: Իմիտացիայի ավելի դասական օրինակ դժվար է գտնել:
Իսկ այդ ընթացքում թոշակները խոստանում են բարձրացնել 10%-ով, այն դեպքում երբ վերջին 3 տարիների 50%-ոց գնաճը արդեն կերել է դրա հնգապատիկ ավելին եւ այդքան էլ դեռ ուտելու է 2012թ.-ին: Կենսապահովման նվազագույն զամբյուղի` այս բյուջեի դեպքում թոշակառուների եւ նպաստառուների համար անհասանելի 65000 դրամին հասցնելու մասին, խոսք եւս չի կարող լինել:
Այժմ հիշենք, թե ՀՀ գործող, 12-րդ կառավարությունը 2008թ. հնգամյա (2008-2012թթ.) ծրագրով ինչ պարտավորություններ էր ստանձնել, իսկ ավելի պարզ ասած` խոստումներ էր տվել երկրի քաղաքացիներին, սակայն այդպես էլ չի կատարել:
• Համախառն ներքին արդյունքի իրական ամենամյա աճ` 8-10% (չի կատարվել. 2007թ.-ին արձանագրվել է 6,9 % աճ, 2009-ին` 14,1 % անկում, 2010թ.-ին` 2,1% աճ).
• ներդրումների ծավալների ամենամյա աճ` ոչ պակաս 10 %-ից (չի կատարվել).
• տարածքային տնտեսական անհամամասնությունների էական նվազեցում (չի կատարվել).
• ոչ գյուղատնտեսական զբաղվածության 10% աճ (չի կատարվել).
• պետական եկամուտների (հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր) հավաքագրելիության մակարդակի բարձրացում` տարեկան ՀՆԱ-ի 0,3-0,4 տոկոսի չափով (չի կատարվել. 2007թ. այն կազմել է 16,7%, 2008թ.` 17 %, 2009թ.` 16,6 %, 2010թ.` 16,88 %, 2011թ. սպասվում է 16,79%, 2012թ. բյուջեով առաջարկվում է 17,36%, մինչդեռ 2007թ.` 16,7%-ի համեմատ, եթե անգամ ավելանար տարեկան նվազագույնը 0,3 %-ով, այն պետք է 2012թ.-ին լիներ 18,2%).
• աղքատության էական հաղթահարում` արդյունքում ապահովելով ընդհանուր աղքատության ցուցանիշի նվազում` 11,2%-ից ցածր, իսկ ծայրահեղ աղքատության ցուցանիշի նվազում` 1,6%-ից ցածր մակարդակի վրա (չի կատարվել. այսօր ընդհանուր աղքատության ցուցանիշը կազմում է 34%` խոստացվող 11,2%-ի փոխարեն).
• կենսաթոշակների մակարդակի ամենամյա աճ` 2012թ. միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակը հասցնելով կենսապահովման նվազագույն զամբյուղին (չի կատարվել. վճարվող կենսաթոշակների մակարդակը այս տարի անգամ ավելի հեռու է կենսապահովման նվազագույն զամբյուղի մակարդակից, քան 2007թ.-ին էր եւ կազմում է խոստացվածի մոտավորապես կեսը).
• առողջապահության ոլորտի պետական ֆինանսավորման ծախսերի աճ` մինչեւ ՀՆԱ-ի 2,2% (չի կատարվել. ըստ 2012թ. բյուջեի նախագծի, կկազմի ՀՆԱ 1,6%).
• կրթության ոլորտում պետական ծախսերի ֆինանսավորման աճ` նվազագույնը մինչեւ ՀՆԱ-ի 3,5% (չի կատարվել, ըստ 2012թ. բյուջեի նախագծի, կկազմի ՀՆԱ 2,7%):
Եվ այսպիսի ցուցանիշներով, ավելի ճիշտ այսպիսի խայտառակ ձախողմամբ կոալիցիոն կառավարությունը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ժողովրդից նորից քվե՞ հայցել: Թե՞ այդ քվեն նորից գողացվելու է, զավթվելու եւ/կամ` գնվելու:
Իսկ այժմ ներկայացնենք «Ժառանգության» կողմից Կառավարությանը ներկայացված բյուջետային հիմնական առաջարկները` ոլորտ առ ոլորտ, որոնք պահանջում են համապատասխան օրենսդրական փոփոխությունների մի ամբողջ փաթեթի ընդունում: Նախ` ներկայացնենք բյուջեի եկամուտների ավելացման աղբյուրներին վերաբերող առաջարկները եւ ապա նրանք, որոնք վերաբերում են բյուջեի ծախսային մասին (ՀՀ 2012թ. պետական բյուջեում փոփոխություններ կատարելու «Ժառանգության» առաջարկների ամբողջական փաթեթին կարող եք ծանոթանալ «Ժառանգության» պաշտոնական կայքում` http://heritage.am/pr/221111/2012_budget.pdf հասցեով):
Ինչպես կրկնապատկել բյուջեն
Ստվերային տնտեսության հարկում
1. Ստվերային տնտեսության մեջ գտնվող օլիգարխներին եւ խոշոր բիզնեսը հարկման դաշտ բերման գործընթացը սկսելու հաշվին արդեն 2012թ.-ին հարկերի մասնաբաժինը ՀՆԱ-ում 16,8%-ից հասցնել ոչ թե 17,36%-ի, ինչպես որ կառավարությունն է առաջարկում 2012թ.-ի բյուջեի նախագծում, այլ մինչեւ 23%, որի շնորհիվ բյուջե մուտքագրել հավելյալ շուրջ 245 մլրդ դրամ գումար:
Ըստ Համաշխարհային բանկի գնահատականի, լիովին իրատեսական է արդեն 2012թ. Հայաստանում ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունն ավելացնել 5,8%-ով: Այսինքն` հասցնել այն շուրջ 23%-ի: Միեւնույն ժամանակ, ՀՀ կառավարության` 2009-2011թ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով, որն, ի դեպ, ընդունվել էր արդեն համաշխարհային ճգնաժամը սկսվելուց հետո, այսինքն` դրա հետեւանքների հաշվառմամբ ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունն արդեն 2011թ. պետք է հասներ 19%-ի: Մինչդեռ 2010թ.-ին այն փաստացի կազմել է ընդամենը 16,88%, 2011թ.-ին, ըստ «ՀՀ 2011թ. Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի, պետք է կազմեր 17,27%, սակայն սպասվում է, որ փաստացի կկազմի ընդամենը 16,79%, իսկ 2012թ.-ի համար Կառավարությունն առաջարկում է 17,36%: Փաստորեն, ոչ միայն կատարված չէ «ՀՀ 2011թ. Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը, այլեւ կառավարությունը ստվերի դեմ պայքարի ուղղությամբ որեւէ կամք կամ ունակություն չի ցուցաբերում:
Այսպիսով` այս դեպքում պահանջվում է ընդամենը գործող օրենքների կիրառում, որի շնորհիվ բյուջե կմուտքագրվի հավելյալ շուրջ 245 մլրդ դրամ:
2. Հաջորդը` «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի Հոդված 3-ի պահանջվող շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց բնապահպանական վճարների ամբողջական գանձման արդյունքում մետաղական հանքերը շահագործող տնտեսվարող սուբյեկտներից գանձել պետական բյուջե 418 մլրդ դրամ գումար:
«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի Հոդված 3-ի` պահանջվող շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց բնապահպանական վճարների ամբողջական գանձման արդյունքում միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, որը 2010թ. արդյունահանել է շուրջ 16 մլն տոննա հանքանյութ եւ շրջակա միջավայրում տեղադրել գրեթե նույնքան առնվազն 2-րդ կարգի թափոններ, պետք է ՀՀ պետբյուջե մուտքագրվեր 384 մլրդ դրամ գումար (այդ գումարները պետք է նախատեսվեն ոչ մետաղական հանքերի դեպքում առաջիկա 100 տարվա, իսկ մետաղական հանքերի դեպքում` առաջիկա 1000 տարվա համար պոչանքների պահպանության եւ սպասարկման, շրջակա միջավայրի աղտոտման կառավարման համար): Իսկ ընդհանուր առմամբ` 2001թ.-ից ի վեր պոչամբարներում տեղադրվել են շուրջ 100 մլն տոննա թափոններ: 2007թ.-ից ի վեր, երբ ընդունվել է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տեղադրել է ավելի քան 55 մլն տոննա թափոններ, որի համար պարտավոր էր, սակայն չի վճարել Հայաստանի Հանրապետությանը 1,3 տրլն դրամ կամ շուրջ 4 միլիարդ դոլար: Այս պարտքը լիովին բավարար է, որպեսզի այս ձեռնարկությունը պետականացվի, իսկ Հայաստանի ազգային հարստության անխնա շահագործումից նրա ստացված տարեկան հարյուր միլիոնավոր դոլարների հասնող շահույթը այսուհետ ուղղվեն պետական բյուջե:
Բացի դրանից, պոչամբարների համար` ըստ դրանցում վնասակար նյութերի չափաբաժնի, բնապահպանական վճարների գանձումը ոչ միայն արդար ու տրամաբանական է, այլեւ շահավետ է պետության երկարաժամկետ շահերի տեսանկյունից. դա կխթանի, որպեսզի արդյունահանողներն առավել խորը վերամշակման ենթարկեն հանքանյութը եւ առավել մեծ քանակությամբ վնասակար նյութեր կորզեն դրանից` ստեղծելով հավելյալ ավելացված արժեք ու աշխատատեղեր: Հանքանյութի առավել խորը վերամշակումն իր հերթին կստիպի հանքարդյունահանողներին ներդրումներ իրականացնել կլաստերների` փոխկապակցված արդյունաբերական ձեռնարկությունների համալիրի ձեւավորման համար:
Սոթքի եւ Մեղրաձորի ոսկու հանքերը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը, որը 2004թ.-ից ի վեր արդյունահանել է գրեթե 1 մլն տոննա հանքանյութ եւ շրջակա միջավայրում տեղադրել նույնքան 1-ին կարգի թափոններ, պետք է ՀՀ պետբյուջե մուտքագրեր 48 մլրդ դրամ գումար (որից շուրջ 14 մլրդ վերջին տարվա համար): Պաշտոնապես գրանցված մյուս 12 պոչամբարների «տեղադրման» համար դրանց մայր հանքերը շահագործող տնտեսվարող սուբյեկտները 2011թ. արդյունահանման ծավալները պահպանելու դեպքում 2012թ.-ին պարտավոր կլինեն վճարել պետությանը եւս ավելի քան 20 մլրդ դրամ:
Այսպիսով` «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի Հոդված 3-ի` պահանջվող շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց միայն նշված հանքարդյունահանողներից բնապահպանական վճարների ամբողջական գանձման արդյունքում 2012թ.-ին հնարավոր է բյուջե մուտքագրել հավելյալ առնվազն 428 մլրդ դրամ, այն է` շուրջ 1,1 մլրդ դոլար, ընդ որում, դրա մի մասը` գույքի եւ բաժնեթղթերի ձեւով:
Առայժմ չենք անդրադառնում ՀՀ տարածքում հաշվառված 470 հանքարդյունաբերական օբյեկտների շահագործման արդյունքում գոյացող «դատարկ ապարների» տեղահանման եւ տեղադրման համար դրանց շահագործող տնտեսվարող սուբյեկտներից բնապահպանական վճարների գանձման անհրաժեշտության եւ այդ նպատակով օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը: Ընդամենը պահանջվում է գործող օրենքի լիարժեք կիրառում:
Ապօրինի մասնավորեցումների արդյունքների վերանայում
Բյուջետային հավելյալ եկամուտներ է հնարավոր ապահովել` պետական ձեռնարկությունների եւ հանքավայրերի ապօրինի, չհիմնավորված ցածր գներով, պետությանը հասցված խոշոր չափերի վնասի ուղեկցությամբ իրականացված մասնավորեցումների վերանայման, պետականացման եւ նոր մասնավորեցման հաշվին` բաց եւ թափանցիկ մրցույթների հիման վրա: Միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Հրազդան, Աբովյան քաղաքներում եւ Սյունիքի մարզի Սվարանց գյուղում գտնվող երեք երկաթահանքերի հետ կապված ապօրինի եւ ստվերային գործարքների վերանայման շնորհիվ հնարավոր է պետության բյուջե վերադարձնել ավելի քան 266 մլրդ դրամ գումար:
1. 2004 թվականի դեկտեմբերին կնքված գործարքի համաձայն` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 132 մլն ԱՄՆ դոլարով վաճառվել է` 60%-ը «գերմանական» «Chronomet»-ին, 15%-ը «Մաքուր երկաթ» ԲԲԸ-ին, 12,5-ական տոկոսը «Armenian Molybdenum Production» ՓԲԸ եւ «Zangezur Mining» ՍՊԸ-ին: Ընդ որում` գնորդները 2004թ. վերջին վճարել են ընդամենը 42 մլն ԱՄՆ դոլարը, մնացյալ 90 մլն-ը վճարել են արդեն 2005թ. հանքից ստացված 120 մլն դոլար շահույթից: Փաստորեն շահութաբեր ձեռնարկությունը մասնավորեցվել է մի խումբ «անհայտ», իսկ իրականում քաջ հայտնի ծագում ունեցող ընկերությունների, որոնք պետությանը այդ ձեռնարկության դիմաց վճարել են վերջինի ընդամենը մեկուկես տարվա շահույթի հաշվին, ապա ստանձնած ներդրումային պարտավորությունները եւս սկսել են իրականացնել հետագա շահույթի ընդամենը մի մասի հաշվին: Պետական ունեցվածքի նման ակնհայտ կողոպուտ հնարավոր էր միայն քոչարյանական Հայաստանում եւ որոշ աֆրիկյան երկրներում: Երբ մեկը բարձրաստիճան կոռուպցիոների տնից մի քանի հազար դոլարի ապրանք է գողանում` նրան գտնելու աշխատանքներին լծվում են ողջ իրավապահ համակարգը, անվտանգության մարմինները, սակայն երբ այս դեպքում մեկը կամ մի քանիսը կողոպտել են ՀՀ ունեցվածքը, որի հետեւանքով ամեն տարի Հայաստանի բյուջե չի մուտքագրվում հարյուրավոր միլիոն դոլարների եկամուտ, այսինքն` ամեն տարի կողոպտվում են մեր թոշակառուները, դպրոցները եւ համալսարանները, մեր բանակն ու անվտանգությունը` դրա համար որեւէ մեկը պատասխան չի տալիս: Ավելին` պետական մեքենան ամբողջ թափով պայքարում է նրանց դեմ, ովքեր փորձում են բարձրաձայնել այս հարցը եւ/կամ հալածում է նրանց, կամ էլ փորձում լռեցնել` կաշառելով կամ պաշտոններ տալով: Ուրեմն ինչո՞ւ ենք զարմանում, երբ միջազգային «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» (Transparency International) հակակոռուպցիոն կազմակերպությունը Հայաստանը դասում է «զավթված պետությունների» շարքը:
Աշխարհի մոլիբդենի պաշարների 7%-ի պարունակությամբ հանքի 25 տարվա շահագործման իրավունքով` կոնցեսիոն պայմանագրով հանդերձ ԶՊՄԿ-ի իրական շուկայական արժեքը 2004թ. դրությամբ, ըստ տարբեր փորձագիտական գնահատականների, տատանվել է 1-1,5 մլրդ դոլարի շրջանակներում, իսկ այժմ պղնձի եւ մոլիբդենի գների էական աճի եւ միջազգային շուկաներում դոլարի սղաճի արդյունքում այն անցնում է 2 մլրդ դոլարից: Այնպես որ, անգամ ներկա սեփականատերերին իրենց կատարած ներդրումների հաշվին վերջիններիս այդ ձեռնարկության շուրջ 20%-ի փայաբաժին թողնելու դեպքում էլ հնարավոր է մնացած 29% փայաբաժնի վաճառքից մուտքագրել բյուջե շուրջ 600 մլն դոլարին համարժեք 228 մլրդ դրամ, իսկ վերահսկիչ փաթեթը պահպանելով պետության սեփականության ներքո, ապահովել կայուն ամենամյա բյուջետային մուտքեր 60 մլն դոլարին համարժեք շուրջ 23 մլրդ դրամի չափով:
2. Հրազդան, Աբովյան քաղաքներում եւ Սյունիքի մարզի Սվարանց գյուղում գտնվող երեք երկաթահանքերը, որոնք չնչին գումարներով մասնավորեցվել էին Nagin եւ «Սփայս Սթիլ Արմենիա» ՓԲԸ-ներին: Վերավաճառքների արդյունքում 2011թ. հանքերի բաժնետոմսերի 50%-ը 40 մլն դոլարով վաճառվել է Լոնդոնի բորսայում գնանշվող չինական Fortune Oil ընկերությանը: Այս գործարքը եւս, որպես կոռուպցիոն ռիսկ պարունակող, վերանայելու միջոցով հնարավոր է Nagin եւ «Սփայս Սթիլ Արմենիա»/Bounty Resources Armenia ընկերություններից պետբյուջե գանձել 80 մլն դոլարին համարժեք շուրջ 30 մլրդ դրամ, որից 15 մլրդ-ը` դրամի, իսկ մնացածը` 50% բաժնեմասի տեսքով:
Այսպիսով` միայն այս երկու գործարքների վերանայման արդյունքում հնարավոր է 2012թ. բյուջե մուտքագրել 266 մլրդ դրամ գումար` ներառյալ նույն թվականին ԶՊՄԿ-ի պետականացված բաժնեմասից ստացված շահույթը:
Չհիմնավորված ցածր գներով պետությանը հասցված խոշոր չափերի վնասի ուղեկցությամբ իրականացված մյուս նմանատիպ մասնավորեցումների (Ագարակի լեռնահարստացուցիչ ֆաբրիկա, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատ, Հայկական ԲԷՑ-եր, «TWT»-«Արմենթել», Հրազդան գետի ՀԷԿ-երի կասկադ, Հրազդանի ՊՇԷԿ, «Հայռուսգազարդ» եւ այլն) վերանայման արդյունքում բյուջե մուտքագրվելիք գումարները կարող են հասնել հարյուր միլիարդավոր դրամների:
Պրոգրեսիվ հարկ` տնտեսվարող սուբյեկտների շրջանառության վրա
Անհրաժեշտ է իրավաբանական անձ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների շրջանառության հանդեպ կիրառել պրոգրեսիվ հարկ` սկսած 30 մլն դրամ շրջանառությունից` արտադրական եւ սպասարկման ոլորտի ընկերությունների դեպքում, եւ 60 մլն դրամ շրջանառությունից` առեւտրով զբաղվող ընկերությունների դեպքում, միաժամանակ լիովին ազատելով շահութահարկից տարեկան մինչեւ 30 մլն դրամ շրջանառություն ունեցող արտադրական եւ սպասարկման ոլորտի ընկերությունները եւ մինչեւ 60 մլն դրամ շրջանառություն ունեցող առեւտրով զբաղվող ընկերությունները: Թեեւ այս հարկի կիրառումից բյուջե մուտքագրվող գումարները կմնան անփոփոխ, սակայն այն նպատակահարմար է հարկային բեռը փոքր բիզնեսից դեպի խոշոր բիզնես տեղափոխելու առումով, ինչը կնպաստի հավելյալ աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության կառուցվածքի փոփոխությանը եւ ճկունացմանը, օլիգոպոլ տնտեսությունից ազատ շուկայականի անցմանը, ինչպես նաեւ սոցիալական գերբեւեռացումը մեղմելուն ու արտագաղթի կասեցմանը: Շրջանառության վրա պրոգրեսիվ հարկի կիրառում իրավաբանական անձ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների հանդեպ` տարեկան 30 (առեւտրի դեպքում` 60)-100 մլն շրջանառության դեպքում առաջարկվում է սահմանել 0,25% դրույքաչափով, 100-250 մլն դեպքում` 0,5%, 250-500 մլն դեպքում` 0,75%, 500-750 մլն դեպքում` 1%, 750-1000 մլն դեպքում` 1,25%, 1000-1500 մլն դեպքում` 1,5%, 1500-2000 մլն դեպքում` 1,75%, 2000-3000 մլն դեպքում` 2%, 3000-5000 մլն դեպքում` 2,25%, 5000-7500 մլն դեպքում` 2,5%, 7500-10000 մլն դեպքում` 2,75%, 10000-15000 մլն դեպքում` 3%, 15000-20000 մլն դեպքում` 3,25%, 20000-30000 մլն դեպքում` 3,5%, 30000-40000 մլն դեպքում` 3,75%, 40000-50000 մլն դեպքում` 4%, 50000-75000 մլն դեպքում` 4,25%, 75000-100000 մլն դեպքում` 4,5% եւ 100000 մլն-ից ավելի շրջանառության դեպքում` 4,75% դրույքաչափով: Մյուս կողմից` լիովին ազատել շահութահարկից տարեկան մինչեւ 30 մլն դրամ շրջանառություն ունեցող արտադրական եւ սպասարկման ոլորտի ընկերությունները եւ մինչեւ 60 մլն դրամ շրջանառություն ունեցող առեւտրով զբաղվող ընկերությունները: Նշված տոկոսադրույքները պայմանական են եւ կարող են վերանայվել այնքանով, որ դրանց արդյունքում, ընդհանուր առմամբ, բյուջե մուտքագրվող գումարները չավելանան, այսինքն` հաշվարկը պետք է կատարվի այնպես, որ նոր պրոգրեսիվ հարկի կիրառումից գոյանա այնքան գումար, որը կփոխհատուցի մինչեւ 30/60 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունները շահութահարկից ազատելու արդյունքում բյուջե թերմուտքագրված գումարը:
Շքեղության միանվագ գույքահարկի կիրառում
Առաջարկվում է շքեղության միանվագ գույքահարկի կիրառում ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց` 700 մլն դրամը (շուրջ 1,8 մլն դոլարը) գերազանցող սեփականության` անշարժ գույքի, ներառյալ հողի եւ ավտոմեքենաների հանդեպ: Ակնկալվող բյուջետային նվազագույն մուտքերը` 200 մլրդ դրամ:
Շքեղության միանվագ հարկը միտված է մինչ այժմ ապօրինի, «վայրի կապիտալիզմի» շրջանում կուտակած սեփականության հանդեպ յուրահատուկ «համաներման» կիրառմանը` որոշակի գումար գանձելուց հետո, ինչպես նաեւ սոցիալական գերբեւեռացումը մեղմելուն եւ արտագաղթի կասեցմանը: Միանվագությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս հարկի` շարունակական լինելու դեպքում այն կարող է դառնալ խոչընդոտ անշարժ գույքի մեջ ներդրումներ իրականացնելու առումով եւ խթանել կապիտալի արտահոսքը երկրից: Շքեղության միանվագ հարկը առաջարկվում է կիրառել հետեւյալ սանդղակով. 700-1000 մլն դրամի դեպքում` 3%, 1-1,5 մլրդ դրամի դեպքում` 5%, 1,5-2 մլրդ դրամի դեպքում` 7%, 2-3 մլրդ դրամի դեպքում` 9%, 3 մլրդ դրամից ավելի` 10%: Իսկ մեքենաների (բացի էկոլոգիապես անվտանգ վառելանյութ/էներգիա օգտագործող շարժիչ ունեցողներից) դեպքում առաջարկվում է կիրառել հետեւյալ սանդղակով. 15-25 մլն դրամ ($40000-$66000) արժողությամբ մեքենայի դեպքում` 10%, 25-35 մլն դրամ ($66000-$92000) արժողությամբ մեքենայի դեպքում` 15%, 35-50 մլն դրամ ($92000-$131000) արժողությամբ մեքենայի դեպքում` 20%, 50 մլն դրամից բարձր արժողությամբ մեքենայի դեպքում` 30%:
Չաշխատող ակտիվների վրա գույքահարկի ավելացում
Առաջարկվում է ավելացնել գույքահարկը 200 մլն դրամը գերազանցող այն չաշխատող ակտիվների, այսինքն` ոչ բնակելի այն անշարժ գույքի վրա, որի գործարկումից այլ հարկային մուտքեր բյուջե չեն կատարվում, իսկ առաջացած գումարներն ուղղել համայնքային բյուջեներ:
Առաջարկի նպատակը ոչ այնքան ֆիսկալ է, որքան` տնտեսական, այն է` չաշխատող ակտիվների գործարկման խթանումը, իսկ անհնարինության դեպքում` դրանց վաճառքը ավելի արդյունավետ սեփականատերերի, ընկերությունների, որոնք կկարողանան գործարկել: Այդ իսկ պատճառով այս միջոցառման կիրառման արդյունքում ակնկալվող հավելյալ մուտքերը, որպես բյուջետային եկամուտներ, չեն հաշվարկվում, այլ ուղղվում են անմիջականորեն ՀՀ պահուստային հիմնադրամ: Գույքահարկի նշված ավելացումն առաջարկվում է իրականացնել 2012թ. համար 20%-ով` ամեն հաջորդ տարի ավելացնելով եւս 20%-ով մինչեւ 100%` 2015թ. համար: Հողի հարկի դեպքում գույքահարկի ավելացումը կիրառելիս առաջարկվում է հաշվի առնել հողի կատեգորիաները:
Շահույթով վիճակախաղերի (լոտոների) հանդեպ պետական վերահսկողության հաստատում
Առաջարկվում է զարգացած շուկայական երկրներում (ԱՄՆ, եվրոպական երկրներ) գործող սխեմաներով շահույթով վիճակախաղերի (լոտոների) հանդեպ պետական վերահսկողության եւ կարգավորման հաստատում եւ դրանից գոյացած շահույթի ուղղում արտաբյուջետային հատուկ հիմնադրամ` արդեն 2012թ.-ին մուտքագրելով այդ հիմնադրամին 10-15 մլրդ դրամ: Հատուկ հիմնադրամում կուտակված գումարն առաջարկվում է երեք հավասար մասնաբաժիններով ուղղել կրթության, գիտության եւ պաշտպանության հավելյալ/հատուկ ծրագրերի ֆինանսավորմանը: Որպես օրինակ առաջարկվում է վերցնել «Եվրամիլիոն» լոտոն: Դա եվրոպական լոտոյի տեսակ է, որը ստեղծվել է Ֆրանսիայում «Française des Jeux»-ի, Իսպանիայում` «The Loterías y Apuestas del Estado»-ի եւ Միացյալ Թագավորությունում` «Camelot»-ի կողմից, 2004թ. փետրվարի 7-ին: 2004թ. օգոստոսի 8-ից նրանց են միացել Իռլանդիան, Բելգիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը: Բոլոր շահումները, բացառությամբ Շվեյցարիայի, ենթակա չեն հարկման եւ վճարվում են միանվագ ձեւով: Միացյալ Թագավորությունում «Եվրամիլիոնից» ստացված եկամուտներն օգտագործվում են հետեւյալ կերպ. 0,5%-ը «Camelot»-ի շահույթն է, 4,5%-ն oգտագործվում է ծախսերի, 5%-ը` վաճառքի համար, 12%-ն ուղղվում է Կառավարությանը, 28%-ը` Բարեգործությանը, 50%-ը` մրցանակային հիմնադրամին: Հայաստանի դեպքում մրցանակային հիմնադրամն առաջարկվում է նվազեցնել մինչեւ 40%, իսկ Կառավարությանը գումարներ չտրամադրել, փոխարենը կրթության, գիտության եւ պաշտպանության հավելյալ/հատուկ ծրագրերի ֆինանսավորմանն ուղղել 40%-ը:
Ոչ գյուղատնտեսական նպատակներով պետական հողերի վարձակալության համար գանձվող վարձավճարների ավելացում 5 անգամ
Ոչ գյուղատնտեսական նպատակներով պետական հողերի վարձակալության վարձավճարների դրույքաչափերը շատ փոքր են, ինչը բերում է մեծ հողակտորների երկարաժամկետ վարձակալության շահավետության` երբեմն առանց այդ հողերի արդյունավետ օգտագործման, երբեմն էլ հսկայական տարածքների` շարքային քաղաքացիների համար փակ գոտիների վերածման: Վարձավճարների դրույքաչափի ավելացումը կբերի նշված խնդրի մասնակի լուծմանը, դրա հետեւանքների մեղմացմանը: Այս միջոցառման արդյունքում գոյացած գումարներն առաջարկվում է ուղղել համայնքային բյուջեներ:
Եկամտահարկի պրոգրեսիվ սանդղակի կիրառում
Եկամտահարկի պրոգրեսիվ սանդղակի կիրառման` Կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է երկաստիճան պրոգրեսիա, ընդ որում 2 մլն դրամ սահմանագծով` արդարացված չէ, անչափ կտրուկ լինելու, միանգամից շատ բարձր նշաձող սահմանելու, նաեւ գերբարձր եկամուտների հանդեպ պրոգրեսիա չկիրառելու պատճառով: Մեր կողմից առաջարկվող սանդղակը/պրոգրեսիան առավել սահուն, ճկուն եւ եկամտի չափերի աճին համարժեք ու համամասնորեն անդրադարձող է: Առաջարկվում է եկամտահարկի պրոգրեսիվ սանդղակի կիրառում հետեւյալ կերպ. մինչեւ 70 հազար դրամը` 0%, 70-300 հազար դրամը` 3500 դրամ գումարած 70.000 դրամը գերազանցող գումարի 3 %, 300-800 հազար դրամը` 30.000 գումարած 300.000 դրամը գերազանցող գումարի 15%, 800.000-1,5 մլն դրամը` 120.000 գումարած 800.000 դրամը գերազանցող գումարի 20%, 1,5-5 մլն դրամը` 300.000 գումարած 1,5 մլն դրամը գերազանցող գումարի 25%, 5-10 մլն դրամը` 1,25 մլն դրամ գումարած 5 մլն դրամը գերազանցող գումարի 30%, 10 մլն դրամից ավելի գումարից` 3,5 մլն դրամ գումարած 10 մլն դրամը գերազանցող գումարի 35%:
Ինչպես ծախսել բյուջեն. «Ժառանգության» առաջարկները
Պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի բարձրացում 30%-ով
Այդ նպատակով առաջարկվում է բյուջեից հատկացնել հավելյալ 32 մլրդ դրամ: «Ժառանգության» առաջարկած եւ բյուջեի եկամտային մասի ավելացմանն ուղղված միջոցառումների շնորհիվ 2012թ. բյուջե հավելյալ մուտքագրված 1 մլրդ 129 մլն դրամի մի մասի հաշվին հնարավոր կդառնա պետական հատվածի աշխատողների աշխատավարձերը բարձրացնել 30%-ով, ինչը կբերի ոչ միայն սոցիալական բեւեռացման նվազմանը եւ սոցիալական լարվածության թուլացմանը, այլեւ պետական հատվածի աշխատողների աշխատանքի արդյունավետության եւ նրանց պատասխանատվության բարձրացմանը: Պետական հատվածի աշխատողների թվում պետական ծառայողների եւ քաղծառայողների բազային պաշտոնային դրույքաչափն առաջարկվում է սահմանել 111.000 դրամ, իսկ միջին աշխատավարձը հասցնել 210.000 դրամի: Դա կապահովի պետական հատվածի մրցունակության ավելացումը մասնավորի հանդեպ եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքի կանխումը պետական հատվածից դեպի մասնավորը, ինչպեսեւ երկրից նրանց արտագաղթի դադարեցմանը:
Նվազագույն աշխատավարձի ավելացում 32.500 դրամով` մինչեւ 65.000 դրամ, այսինքն` մինչեւ նվազագույն կենսապահովման զամբյուղի ցուցանիշը
Կենսապահովման զամբյուղը հաշվարկված է որպես մեկ անձի կենսագործունեության համար անհրաժեշտ նվազագույն գումար, որից ցածր նվազագույն աշխատավարձի շեմ սահմանելը հակատրամաբանական է, հակամարդկային, հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ-ի կողմից վավերացված բազմաթիվ միջազգային կոնվենցիաների դրույթներին: Բացի դրանից, նվազագույն աշխատավարձի ավելացումը 32.500 դրամով ոչ պետական ոլորտի գործատուների կողմից սոցիալական վճարների ավելացման շնորհիվ բյուջե կբերի ավելի մեծ գումար, քան կպահանջվի նվազագույն աշխատավարձի առաջարկվող ավելացումն ապահովելու համար:
Կենսաթոշակների նվազագույն չափը հասցնել նվազագույն կենսապահովման զամբյուղի ցուցանիշին` 65.000 դրամի
Այդ նպատակով ծերության տողով նախատեսվող գումարներն ավելացնել 184 մլրդ դրամով (450.000 թոշակառուի հաշվարկով): Կենսաթոշակների նվազագույն չափի համապատասխանեցումը նվազագույն կենսապահովման զամբյուղի ցուցանիշին մշտապես եղել է «Ժառանգության» պահանջը: Միեւնույն ժամանակ այս միջոցառումը 2007թ. եւ 2008թ. ընտրություններից առաջ խոստացել էին իրականացնել համապատասխանաբար իշխող կուսակցությունն ու ՀՀ գործող նախագահը: Կենսապահովման զամբյուղը հաշվարկված է որպես մեկ անձի կենսագործունեության համար անհրաժեշտ նվազագույն գումար, որից ցածր կենսաթոշակի շեմ սահմանելը հակատրամաբանական է, հակամարդկային, հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ-ի կողմից վավերացված բազմաթիվ միջազգային կոնվենցիաների դրույթներին, հումանիստական եւ սոցիալական համերաշխության տարրական սկզբունքներին: Ի վերջո` այսօրվա թոշակառուների քրտինքով են ժամանակին ստեղծվել այն հսկայական ենթակառույցները, որոնց անխնա շահագործման միջոցով հարստացել են եւ շարունակում են գերշահույթներ ստանալ մերօրյա օլիգարխները:
Գիտությանն ուղղված հատկացումները 2012թ. համար հասցնել բյուջեի 3 տոկոսին, գիտնականների աշխատավարձը բարձրացնել 3 անգամ
Այդ նպատակով առաջարկվում է գիտությանը հատկացնել հավելյալ 20 մլրդ դրամ:
Համաձայն միջազգային հեղինակավոր հետազոտությունների, որեւէ երկրի զարգացման համար անհրաժեշտ է, որ նրանում գիտությանը հատկացվի ՀՆԱ-ի 2-3%-ը, մինչդեռ ՀՆԱ-ի 1%-ն այն շեմն է, որն անհրաժեշտ է, որպեսզի երկիրը գոնե պահպանի իր առկա մակարդակը, իսկ դրանից ցածր ֆինանսավորում ունենալու դեպքում երկրին սպասում է հետընթաց: Գիտությունը պետության ամենաարդյունավետ, ռազմավարական ներդրումն է, որը թե’ կարճաժամկետ եւ թե’ երկարաժամկետ կտրվածքով հանգեցնում է մյուս բոլոր ճյուղերի առաջընթացին եւ ներդաշնակ զարգացմանը: Հայաստանում գիտության ֆինանսավորման ներկայիս մակարդակն անընդունելի է, այն կարող է պատճառ դառնալ մեր երկրի ունեցած հզոր գիտական ներուժի ոչնչացման, բազմաթիվ փայլուն գիտնականների արտագաղթի` «ուղեղների արտահոսքի» համար:
Նաեւ առաջարկվում է Գիտնականների կենսաթոշակներին զուգահեռ` հավելավճարներ սահմանել կենսաթոշակի կեսի չափով:
2000թ. Ազգային ժողովի ընդունած` «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով գիտական կոչում ունեցող անձանց կենսաթոշակից բացի, նախատեսված հավելավճարի չափով ավելացում:
Գրահրատարակչության ոլորտի լիովին ազատում ավելացված արժեքի հարկից եւ շահութահարկից
2012թ.-ին Երեւանը հայտարարված է Գրքի միջազգային մայրաքաղաք: Սակայն Հայաստանում վերջին տարիներին մեկը մյուսի հետեւից սկսել են փակվել գրախանութները, իսկ գրադարանները չեն համալրվում նորագույն գրականությամբ: Դրա գլխավոր պատճառներից մեկը գրահրատարակչության ոլորտում կիրառվող հարկերի արդյունքում գրքերի բարձր գներն են: Դա հանգեցնում է գրքերի ցածր տպաքանակների, գրահրատարակչության ցածր շահութաբերության, չի նպաստում նորագույն արտասահմանյան գեղարվեստական եւ գիտահանրամատչելի գրականության թարգմանությանը:
Սահմանամերձ եւ բարձրլեռնային բոլոր բնակավայրերի ազատում գույքահարկից եւ հողի հարկից
Առաջարկվում է այդ բնակավայրերում հաշվառված մեկ անձին սեփականության իրավունքով պատկանող մինչեւ 700 մլն արժողությամբ գույքի եւ մինչեւ 30 հա հողատարածքների հանդեպ հարկման զրոյական դրույքաչափերի կիրառում: Այս առաջարկությունը կթեթեւացնի սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի բնակչության սոցիալական վիճակը եւ կխրախուսի նրանց մնալ իրենց հայրենի տարածաշրջաններում:
ՏՏ ոլորտում (ներառյալ ինտերնետ տիրույթը) ծավալվող ցանկացած ձեռնարկատիրական գործունեության (բացի ինտերնետում շահումով խաղերից) ազատում ԱԱՀ-ից եւ շահութահարկից` 4 տարով
Ըստ միջազգային հեղինակավոր փորձագիտական կազմակերպությունների հաշվարկների` 2050թ. աշխարհում ՏՏ ոլորտում արտադրված ՀՆԱ-ն կգերազանցի վառելիքաէներգետիկ ոլորտում արտադրվող ՀՆԱ-ին: ՏՏ ոլորտը Հայաստանում իշխանությունների կողմից հռչակվել է որպես գերակա, սակայն այն խթանող պետական ծրագրերը խիստ անբավարար են այդ ոլորտի ողջ ներուժի բացահայտման եւ առաջանցիկ տեմպերով դրա զարգացման համար: Մինչդեռ` լինելով գիտելիքահենք, գիտության եւ կրթության զարգացումը խթանող, տրանսպորտային ծախսեր չպահանջող, տնտեսության եւ կառավարման արդյունավետության բարձրացմանը նպաստող ոլորտ` ՏՏ-ն ունի զարգանալու առավել մեծ հեռանկար եւ ամենաբարձր մակարդակով խրախուսման առավել մեծ կարիք:
Մարմնամարզության գործունեության կազմակերպման մասով ձեռնարկությունների ազատում ԱԱՀ–ից եւ շահութահարկից
Մարմնամարզական գործունեությունից ԱԱՀ-ի եւ շահութահարկի հանումը կհանգեցնի այդ ոլորտում բազմապիսի հաստատությունների խրախուսմանը` ընդլայնելու իրենց գործունեությունը, ինչն ավելի մեծ թվով քաղաքացիների, հատկապես երիտասարդների ներգրավելու խթան է: Դա, իր հերթին, կնպաստի մեր երկրում առողջ ապրելակերպի հաստատմանը, երիտասարդների մարզական պատրաստվածության, ուստիեւ` բանակի ու պահեստազորի մարտունակության բարձրացմանը:
Ավտոմեքենաների պարտադիր տեխզննման դրույթի կիրառության դադարեցում
Տեխզննման վերջին տարիների պրակտիկան ցույց տվեց դրա անարդյունավետությունը եւ ձեւական բնույթը: Ավտոմեքենաների տեխնիկական վիճակի կազմակերպումն ու վերահսկողությունը անհրաժեշտ է օրենքով ամրագրել դրանք ապահովագրող ընկերությունների վրա:
Արտաքին հարաբերությունների համար հատկացվող գումարների ծավալի ավելացում 3 մլրդ դրամով
Վերջին շրջանում արտաքին հարաբերությունների ոլորտում Հայաստանի անհաջողությունները որոշ առումով պայմանավորված են անբավարար ֆինանսավորմամբ, ինչը պարտավորեցնում է ՀՀ-ին ավելացնել այս ոլորտին հատկացվող համապատասխան բյուջետային մասհանումները:
Բանակի բյուջետային ֆինանսավորման ավելացում հավելյալ 42 մլրդ դրամով (շուրջ 111 մլն դոլար)
Նշված գումարից ռազմական պաշտպանության համար տրամադրել 30 մլրդ դրամ, արտաքին ռազմական օգնության համար` 2 մլրդ դրամ, պաշտպանական ոլորտում հետազոտական եւ նախագծային աշխատանքների համար` 10 մլրդ դրամ: Ադրբեջանի կողմից պարտադրված սպառազինությունների մրցավազքի ընթացքում հավասարակշռության պահպանումը ՀՀ անվտանգության կարեւոր պայմանն է, ինչը ստիպում է ավելի մեծածավալ միջոցներ տրամադրել հատկապես ռազմական արդյունաբերության զարգացմանը, պաշտպանական ոլորտում հետազոտական ու նախագծային աշխատանքներին, որի արդյունքում Հայաստանը տեսանելի ապագայում կկարողանա սպառազինությունների իր պահանջմունքը բավարարել սեփական արտադրության հաշվին, գոնե մասնակիորեն ձերբազատվել սպառազինությունների արտաքին մատակարարումների առումով վտանգավոր եւ անկանխատեսելի հետեւանքներով հղի կախվածությունից: Արդյունաբերության մեջ ռազմական պատվերների ավելացումը միաժամանակ կծառայի իբրեւ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման, սոցիալական լարվածության նվազման, գիտության խթանման հուսալի գործոն:
Ազգային անվտանգության ծառայության բյուջետային ֆինանսավորումը արտաքին հետախուզության եւ հակահետախուզության մասով ավելացնել 7,6 մլրդ դրամով (շուրջ 20 մլն դոլարով)
Մի կողմից` Ադրբեջանի ռազմական սպառնալիքի ավելացման, մյուս կողմից` սահմանները հատող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ցածր վերահսկողության պայմաններում անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ հատկացնել Ազգային անվտանգության ծառայությանը` արտաքին հետախուզության եւ հակահետախուզության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Նախատեսվող միջոցների մի մասն ուղղել ՙԼյուստրացիայի (գաղտնազերծման) մասին՚ օրենքով նախատեսվող միջոցառումների իրականացմանը:
Կալանավայրերին հատկացվող գումարի ավելացում 2 մլրդ դրամով
ՀՀ տարածքում գործող կալանավայրերի մշտադիտարկում իրականացնող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները բազմիցս ահազանգել են դրանցում բանտախցերի գերբեռնվածության, այդ խցերի հակասանիտարական վիճակի, կոմունալ-կենցաղային պայմանների անբավարար մակարդակի մասին: Նշված գումարներն անհրաժեշտ է ուղղել կալանավայրերի վերանորոգման, կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման եւ բանտախցերի տարածքների ավելացման նպատակին:
Գյուղատնտեսության սուբսիդավորման նպատակով հատկացվող միջոցների կրկնապատկում` ավելացնելով դրանք 10 մլրդ դրամով
Մաքսային գերազատական ռեժիմի եւ Հայաստանի հետ առեւտուր անող որոշ երկրների` իրենց գյուղատնտեսական արտադրողների հանդեպ սուբսիդավորման ու հովանավորչության քաղաքականության կիրառման պայմաններում Հայաստանի գյուղատնտեսական արտադրությունը շատ դեպքերում անմրցունակ է դառնում ներկրվող էժան գյուղատնտեսական մթերքների համեմատ, ինչը հարվածում է տեղական արտադրողին` նրան թույլ չտալով զարգացնել իր արտադրական ենթակառույցները:
Ոռոգման նպատակով հատկացվող բյուջետային միջոցների ավելացում 5 մլրդ դրամով
Այս միջոցներն առաջարկվում է ուղղել բարձրլեռնային եւ սահմանամերձ բնակավայրերի ջրօգտագործումն ամբողջությամբ սուբսիդավորելուն` խթանելով այդ տարածքներում գյուղմթերքների արտադրության աճը, ինչն էապես կբարելավի տեղի բնակչության սոցիալական վիճակը, կպահի գյուղացուն հայրենի բնակավայրում: Սա, իր հերթին, սահմանների ամրապնդման կարեւոր պայման է:
Հավելյալ 2 մլրդ դրամի հատկացում շրջակա միջավայրի, այդ թվում` օդի աղտոտման դեմ պայքարի համար
Շրջակա միջավայրի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում եւ հատկապես նրա քաղաքներում անմխիթար վիճակում է: Առաջարկվում է հավելյալ միջոցներն ուղղել համապատասխան գիտահետազոտական ինստիտուտներին` նրանց ապահովելով պահանջվող հետազոտություններ կատարելու համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներով: Այդ հետազոտությունների արդյունքում կառավարությանը, մյուս պետական մարմիններին կառաջարկվեն բնության պահպանության համալիր ծրագրեր` հատկապես պոչամբարների բացասական ազդեցությունը մեղմելու եւ ձեռնարկությունների էկոլոգիապես վտանգավոր արտանետումները չեզոքացնելու ուղղությամբ: Հատկացվող գումարներից 100 մլն դրամը դրամաշնորհների տեսքով առաջարկվում է ուղղել բնապահպանական հասարակական կազմակերպություններին` առավել արդյունավետ բնապահպանական ծրագրեր իրականացնելու, շրջակա միջավայրին վտանգ սպառնացող ծրագրերի հանդեպ հասարակական վերահսկողություն ապահովելու նպատակով:
Կենսաբազմազանության եւ բնության պաշտպանության համար հատկացնել հավելյալ 1 մլրդ դրամ
Հայաստանի բնությունը աշխարհի գիտնականներին հայտնի է որպես կենսաբազմազանությամբ առավել հարուստներից մեկը, ինչը սակայն վտանգված է անվերահսկելի որսորդությամբ, ձկնորսությամբ եւ բնական պաշարների անխնա շահագործմամբ: Կենսաբազմազանության եւ բնության պաշտպանության համար բյուջեով նախատեսված 3,8 մլրդ դրամը անբավարար է այս խնդիրը լուծելու համար:
Հայաստանում շրջակա միջավայրի համալիր մշտադիտարկման (մոնիթորինգի) եւ գնահատման իրականացման նպատակով հատկացնել 900 մլն դրամ
Առաջարկվող բյուջետային հատկացումն անհրաժեշտ է «Ժառանգություն» կուսակցության կողմից 2012թ. բյուջեի համար առաջարկված բնապահպանական վճարների գանձման չափերի ավելացման, բնապահպանական միջոցառումների համար կատարվող ծախսերի մեծացման համատեքստում: Հատկացվող միջոցներից 100 մլն դրամը տրամադրել 2012թ.-ին ճանապարհներն ու բնակավայրերին մերձակա սողանքավտանգ գոտիները մշտադիտարկման ռեժիմի տակ պահելու նպատակով:
Էկոլոգիապես մաքուր քաղաքային տրանսպորտի (մետրո եւ տրոլեյբուս) զարգացմանն ուղղել լրացուցիչ միջոցներ` 500 մլն դրամի չափով
Էլեկտրաէներգիայով սնուցվող շարժիչներով աշխատող, էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաներն ազատել ներկրման բոլոր տեսակի մաքսերից, իսկ այդ ավտոմեքենաների Էլեկտրասնուցման կայանների կառուցումը սուբսիդավորելու նպատակով հատկացնել 500 մլն դրամ:
Միջոցառման նպատակն է խրախուսել էլեկտրաէներգիայով սնուցվող շարժիչներով աշխատող, էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների ներկրումը հանրապետություն, ինչը երկարաժամկետ կտրվածքով դրական ազդեցություն կունենա քաղաքների օդի աղտոտվածության նվազեցման առումով:
ՀՀ համայնքներին տրվող սուբվենցիաների ավելացում 10 մլրդ դրամով
Առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N1 հավելվածի 05 բաժնի 06 խմբի 01 դասի ««Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն բնապահպանական ծրագրերի իրականացման համար ՀՀ համայնքներին սուբվենցիաների տրամադրում» ծրագրի շրջանակներում համայնքներին տրվող 233,8 մլն դրամ սուբվենցիաների գումարը ավելացնել 10 մլրդ դրամով:
ՀՀ ազգային հանքային պաշարները շահագործող ձեռնարկություններից բնապահպանական վճարների` օրենքով սահմանված չափաբաժինները գանձելու արդյունքում առաջացած գումարների հաշվին հնարավոր է էապես ավելացնել այն համայնքներին տրամադրվող բյուջետային սուբվենցիաների ծավալները, որոնք առավել մեծ չափով են տուժում հանքարդյունահանումից եւ շրջակա միջավայրի աղտոտումից, այդ թվում` առողջապահական ենթակառույցների վերազինման եւ տեղի բնակչության հանգստի կազմակերպման նպատակով: Այս հավելյալ հատկացումներից 9 միլիարդն ուղղել Սյունիքի եւ Լոռու մարզերի համապատասխան համայնքներին:
Առողջապահությանը հատկացվող գումարների ավելացում 12 մլրդ դրամով
Ըստ գործող` ՀՀ 12-րդ կառավարության 2007թ. ընդունած 5-ամյա ծրագրի, նախատեսվում էր առողջապահության վրա կատարվող ծախսերը ՀՆԱ-ի 1,6%-ից հասցնել 2,2%-ի, ինչը չի կատարվել: Մինչդեռ անհրաժեշտ է ոչ թե բնակչությանը թողնել իշխող կուսակցությունների «բարեգործական առողջապահության» հույսին, այլ պետականորեն հոգալ մարդկանց առողջապահական կարիքները` բարձր պահելով ՀՀ քաղաքացիների արժանապատվությունը:
Առաջարկվում է հիվանդանոցային ծառայությունների հատկացվող գումարների ավելացում 7 մլրդ դրամով, մոր եւ մանկան բժշկական ծառայությունների համար հատկացվող գումարներն ավելացնել 3 մլրդ դրամով, հանրային առողջապահության ծառայություններն ավելացնել 2 մլրդ դրամով:
Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց պետական օժանդակության ծավալների ավելացում
Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համակարգչային տեխնիկայով եւ այլ օժանդակ սարքերով ապահովման նպատակով հատկացվող 4,26 մլն դրամ գումարն ավելացնել 30 մլն դրամով:
Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց գործունեությանը եւ հասարակությանը լիարժեք ինտեգրմանն անհրաժեշտ տարրական սարքավորումներով ապահովելը չի կարող կրել փուլային բնույթ, մինչդեռ Կառավարության կողմից այս նպատակով առաջարկվող 4,26 մլն դրամը խիստ անբավարար է խնդրի համալիր լուծման համար:
Մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար Կառավարության առաջարկած 2,327 մլրդ դրամ գումարի ավելացում 14 մլրդ դրամով
Հավելյալ հատկացվելիք գումարն առաջարկվում է ուղղել սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգմանը, ինչը կապահովի այդ համայնքներում գյուղատնտեսական եւ այլ տիպի արտադրությունների զարգացման համար անհրաժեշտ տարրական ենթակառույցների բարելավվում:
Երեւան քաղաքի համար սահմանված հատկացումների ավելացում 2,7 մլրդ դրամով
«ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N1 հավելվածով «Համայնքների բյուջեներին նպատակային հատկացումների` սուբվենցիաների տրամադրում» ծրագրով Երեւան քաղաքի համար սահմանված հատկացումների ավելացում 2,7 մլրդ դրամով: Ընդ որում, առաջարկվում է նշված գումարը բաշխել հետեւյալ կերպ.
- «Վերգետնյա էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրման ծառայությունների սուբսիդավորում»` 700 մլն դրամ,
- Երեւան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի շահագործման եւ պահպանման աշխատանքներ` 2 մլրդ դրամ, ուղղելով դրանք Երեւանի (հատկապես ծայրամասերի) բակերում արտաքին լուսավորության ապահովմանը:
Ազգային ժողովին տրամադրվող 2,95 մլրդ դրամ գումարը ավելացնել 500 մլն դրամով
Գումարն առաջարկվում է ուղղել պառլամենտարիզմի զարգացմանը, ԱԺ գործունեության արդյունավետության բարձրացմանը եւ դրա` որպես իշխանության առանձին ու ինքնուրույն ճյուղի, կայացմանը.
1. Կրկնապատկել ԱԺ պատգամավորների օգնականների, ԱԺ եւ խմբակցությունների փորձագետների աշխատավարձերը, ինչը թույլ կտա ներգրավել առավել փորձառու եւ բարձր պատրաստություն ունեցող մասնագետների:
2. ԱԺ պատգամավորների համար հատկացնել եւս մեկ լրիվ դրույքով վարձատրվող օգնականի հաստիքներ:
3 Յուրաքանչյուր խմբակցությանը հավելյալ 9-10 փորձագետի լրիվ դրույքով հաստիքի հատկացում` հասցնելով այդ թիվը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների թվին:
Սփյուռքի նախարարությանը հատկացվող 54 մլն դրամ բյուջետային միջոցների ավելացում 246 մլն դրամով
Այս գումարն առաջարկվում է ուղղել Սփյուռքի, ինչպես նաեւ Հայաստանի զարգացման գործում նրա ներգրավման հնարավորությունների եւ գործիքակազմերի հետազոտմանը, հայրենադարձությանը նվիրված ծրագրերի, նախարարության աշխատակազմի ավելացման, աշխատավարձերի բարձրացմանն ու աշխատանքների արդյունավետությանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:
Գրադարաններին հատկացվող գումարն ավելացնել եւս 1 մլրդ դրամով
Հայկական տպագրության 500-ամյակի կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երեւանը հռչակել է 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Հայաստանի գրադարաններին հատկացնելու համար բյուջեի նախագծում նախատեսված 460 մլն դրամը բավարար չէ բոլոր գրադարանների վերազինման եւ արդիականացման, անհրաժեշտ նորագույն գրականությամբ համալրման համար: Այս առաջարկը պետք է դիտարկել նաեւ Հայաստանի տնտեսությունը գիտելիքահենք դարձնելու ռազմավարության շրջանակներում:
Թանգարաններին եւ ցուցասրահներին հատկացվող 1,713 մլրդ դրամ գումարն ավելացնել 2 մլրդ դրամով
Այս առաջարկը միտված է Հայաստանի թանգարաններն ու ցուցասրահները ամբողջությամբ վերանորոգելուն, վերազինելուն, ընդարձակելուն, նոր ցուցանմուշներով ապահովելուն, անվտանգության եւ պահպանության ենթակառույցներն ու միջոցառումները բարելավվելուն: Առաջարկն անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն նոր սերունդների հայրենասիրական դաստիարակության, այլեւ տուրիզմի զարգացման ռազմավարության համատեքստում:
Հուշարձանների եւ մշակութային արժեքների պահպանությանն ու վերականգնմանը հատկացվող 356 մլն դրամ գումարն ավելացնել 644 մլն դրամով
Այս հավելման շնորհիվ առաջարկվում է ընդլայնել վերականգնվելիք հուշարձանների եւ մշակութային արժեքների ցանկը` հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների առաջարկները:
Քաղաքական կուսակցություններին հատկացվող պետական ֆինանսավորման ավելացում
Քաղաքական համակարգի զարգացումը խոչընդոտված է գործադիր իշխանության կողմից` հասարակության առավել լայն շերտերի շահերը ներկայացնող (խորհրդարանական ընտրությունների ընթացքում 3%-ոց շեմը հաղթահարած) կուսակցությունների խորհրդանշական, թերի ֆինանսավորմամբ: Մյուս կողմից` բիզնեսը չի համարձակվում օրենքով թույլատրված ձեւով եւ շրջանակներում ֆինանսավորել ընդդիմադիր կուսակցություններին: Արդյունքում ընդդիմադիր կուսակցությունները չեն ստանում որեւէ էական ֆինանսավորում` իրենց քաղաքական պարտականությունները պատշաճ մակարդակով կատարելու համար, իսկ իշխող կուսակցություններն ամբողջությամբ ընկնում են իրենց ֆինանսավորող օլիգարխների ազդեցության տակ` ըստ էության խորհրդարանում սպասարկելով վերջինների շահերը: Որպես վառ օրինակ նշենք, որ Հանրապետական կուսակցության երիտթեւի համար կազմակերպած մեկ համերգի կամ Հանրապետական կուսակցական 3-4 հոգուց կազմված պատվիրակության մեկ արտասահմանյան ուղեւորության վրա պետության միջոցներից ավելի շատ փող է ծախսվում, քան ընդդիմադիր խորհրդարանական մի կուսակցության տարվա պետական ֆինանսավորումն է («Ժառանգություն» խորհրդարանական կուսակցության տարեկան պետական ֆինանսավորումը կազմում է 4,5 մլն դրամ, կամ 11.800 ԱՄՆ դոլար. մի գումար, որը բավարարում է կուսակցության կենտրոնական գրասենյակի համար ընդամենը մեկ 4-սենյականոց բնակարան վարձելուն): Քաղաքական կուսակցություններին հատկացվող պետական ֆինանսավորումն անհրաժեշտ է ավելացնել 760 մլն դրամով, ինչը թեեւ եւս շատ փոքր գումար է, սակայն կարող է սկզբի համար ապահովել կուսակցությունների կայացմանն ուղղված նվազագույն ծախսերը:
Նախադպրոցական կրթությանը հատկացվող գումարների ավելացում 3 մլրդ դրամով
Առաջարկի նպատակը նախադպրոցական կրթօջախների` մանկապարտեզների ցանցի ընդլայնումն ու բարելավումն է: Այս միջոցառումը լուծելու է սոցիալական եւ ռազմավարական կարեւորագույն խնդիրներ:
ԽՍՀՄ փլուզման արդյունքում արժեզրկված ավանդների` ներառյալ 1990-ականների խաբված ավանդատուների կորցրած գումարների փոխհատուցմանն ուղղված գումարների ավելացում
Առաջարկվում է այս նպատակով հատկացնել հավելյալ 3,8 մլրդ դրամ (Կառավարության կողմից առաջարկվող բյուջեի նախագծում նախատեսված 1,7 մլրդ դրամի փոխարեն): Անհրաժեշտ է կրկնապատկել փոխհատուցման գործակիցները, սահմանել փոխհատուցման ժամկետների հստակ ժամանակացույցեր: Մնացած տուժված ավանդատուների հասանելիք գումարները` վերը նշված գործակցով հաշվառելուց հետո, ճանաչել որպես ներքին պարտք եւ տրամադրել նրանց հատուկ այդ նպատակով թողարկված համապատասխան ներքին փոխառության պարտատոմսեր:
Մանկատների շրջանավարտներին բնակարան տրամադրելու նպատակով հատկացնել 1,237 մլրդ դրամ
«Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով 2007-2009թթ. ընթացքում նախատեսվել էր 1.178,5 մլն դրամ, որից 953,7 մլն դրամը չի ծախսվել: «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարանի հետ կապված ծախսեր» ծրագրով 2007-2009թթ. ընթացքում նախատեսվել էր 333,5 մլն դրամ գումար, որից 283,8 մլն դրամը չի ծախսվել: Առաջարկվում է այդ գումարները եւ հավելյալ հատկացնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին եւ մանկատան շրջանավարտներին բնակարան տրամադրելու նպատակով:
Պետությունը մինչ այժմ չի կատարել սոցիալապես ամենախոցելի խմբերից մեկի` մանկատների շրջանավարտների հանդեպ իր սոցիալական պարտավորությունները: Նախորդ տարիներին մանկատների շրջանավարտներին` պետական բնակարաններով ապահովելու ծրագրի իրականացման նպատակով հատկացված միջոցներից հարյուր միլիոնավոր դրամներ յուրացվել են, որեւէ մեկը դրա համար չի պատժվել, իսկ հարյուրավոր ծնողազուրկ երեխաներ մնացել են անօթեւան: Ամենաանպաշտպան այս քաղաքացիների հաշվին բյուջետային խնայողություններ կատարելը հակասում է թե ՀՀ Սահմանադրությանը եւ թե տարրական բարոյական նորմերին:
Փախստականների եւ ներքին տեղահանված անձանց բնակարանային խնդիրները լուծելու նպատակով հատկացնել 7 մլրդ դրամ գումար
Հարեւան եւ այլ երկրներից տեղահանված ու Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատած փախստականների, ինչպես նաեւ ներքին տեղահանված անձանց բնակարանային խնդիրները լուծելու նպատակով հատկացնել 7 մլրդ դրամ գումար: Այս միջոցառումը կմեղմի երկրում առկա սոցիալական լարվածությունը, կնպաստի արտագաղթի տեմպերի նվազմանը: Միջոցներն առաջարկվում է հատկացնել առեւտրային բանկերի տրամադրած հիփոթեկային վարկերի տոկոսադրույքների` պետության կողմից 50%-ով համաֆինանսավորման նպատակով:
Երիտասարդ եւ անօթեւան ընտանիքների ապահովում բնակարաններով
Երիտասարդ եւ անօթեւան ընտանիքների համար ցածրարժեք 1-2 սենյականոց բնակարանների (սոցիալական բնակարաններ) վարձակալում եւ ենթավարձակալությամբ տրամադրում` պետության կողմից վարձի շուկայական դրույքաչափի 50%-ով զեղչմամբ: Այս նպատակով առաջարկվում է հատկացնել 3 մլրդ դրամ:
Խոցելի խավերին տրամադրվող նպաստների կրկնապատկում
Պատերազմում զոհված, անհայտ կորած կամ խեղանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների անդամներին, հայրենական պատերազմի մասնակիցներին, ստալինյան վարչակարգի օրոք բռնադատվածներին, փախստականներին եւ բռնի տեղահանվածներին, Չեռնոբիլի ատոմակայանի վրա տեղի ունեցած աղետի հետեւանքների վերացման գործողությունների մասնակիցներին տրամադրվող նպաստներն առաջարկվում է կրկնապատկել:
Պետական աջակցություն 2008թ. մարտի 1-ի զոհերին եւ վիրավորներին
Առաջարկվում է 2008թ. մարտի 1-ի 10 զոհերի ընտանիքներին միանվագ նպաստ վճարելու համար հատկացնել 500 մլն դրամ, իսկ առողջության համար ծանր հետեւանքներով մարմնական վնասվածքներ ստացած 200 տուժողներին միանվագ նպաստ վճարելու համար հատկացնել 1 մլրդ դրամ: Ընդամենը հատկացնել 1,5 մլրդ դրամ:
Մարտի 1-ի 10 զոհերի ընտանիքներից յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է նախատեսել միանվագ նպաստ 50 մլն դրամի չափով, իսկ առողջության համար ծանր հետեւանքներով մարմնական վնասվածքներ ստացած 200 տուժողներից յուրաքանչյուրի համար 1-12 մլն դրամ: Քանի որ 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բոլոր սպանությունները եւ մարմնական վնասվածքները պետական մարմինների ոչ իրավաչափ գործողությունների արդյունք են, հետեւաբար պետությունը պատասխանատվություն է կրում զոհվածների ընտանիքների եւ վիրավորների առջեւ եւ պարտավոր է առաջինների դեպքում ապահովել նրանց նվազագույն կենսական կարիքները` առաջիկա 40 տարվա համար, իսկ վիրավորների դեպքում` փոխհատուցել նրանց բոլոր կորուստները` կապված առողջությանը պատճառած վնասի հետ:
Վթարային շենքերի խնդրի լուծում
Չորրորդ կարգի վթարային բազմաբնակարան բնակելի շենքերի ապամոնտաժման, դրանց բնակիչների համար այլ բնակարաններ կառուցելու ու տրամադրելու նպատակով, իսկ 2-րդ եւ 3-րդ կարգի վթարային բազմաբնակարան բնակելի շենքերի դեպքում` դրանց ապամոնտաժման կամ ամրացման աշխատանքներն իրականացնելու եւ ապամոնտաժված շենքերի բնակիչների համար այլ բնակարաններ կառուցելու ու տրամադրելու նպատակով առաջարկվում է հատկացնել 12 մլրդ դրամ:
Միջոցառումն առաջարկվում է իրականացնել` հաշվի առնելով տարածաշրջանում երկրաշարժերի ակտիվացումը եւ դրանց կողմից` նախեւառաջ վթարային շենքերի բնակիչների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը:
Վերը թվարկված առաջարկություններից բացի, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացվել են մի քանի տասնյակ քաղաքային եւ գյուղական համայնքներին տարբեր նպատակներով ֆինանսական հատկացումներ կատարելու առաջարկներ:
«Ժառանգություն» կուսակցության առաջարկությունների փաթեթի ընդունման դեպքում 2012թ. միայն պետական բյուջեի եկամտային մասը կավելանա 1 տրլն 120 մլրդ դրամով կամ 2,9 մլրդ դոլարով (իսկ համայնքային բյուջեներ եւ հատուկ հիմնադրամներ մուտքագրված գումարների ծավալը կհասնի տասնյակ միլիարդավոր դոլարների), ծախսային մասը` 340 մլրդ դրամով կամ 890 մլն դոլարով: Առաջացած 780 մլրդ դրամ տարբերությունը կծածկի կառավարության կողմից առաջարկված բյուջեի 132,5 մլրդ պակասուրդը: Գոյացած 647 մլրդ դրամ (ավելի քան 1,7 մլրդ դոլար) պրոֆիցիտը առաջարկվում է ուղղել արտարժույթի պետական պահուստային հիմնադրամ` համաշխարհային ճգնաժամի հնարավոր երկրորդ փուլին կամ չնախատեսված արտաքին մարտահրավերներին դիմակայելու նպատակով: Ընդ որում, Պահուստային հիմնադրամ այդ միջոցներն առաջարկվում է ուղղել` գերազանցապես ոսկյա (ձուլածո) պաշարների տեսքով, որոնց մի մասը կգոյանա Հայաստանում արդյունահանվող ոսկին գնելու հաշվին:
Քաջ գիտակցելով, որ սույն առաջարկները կատարյալ չեն կարող լինել, «Ժառանգությունը» պատրաստ է քննարկել դրանք բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
Հովսեփ Խուրշուդյան
«Ժառանգություն» կուսակցություն












