Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Սեյրան Օհանյան. «Փորձում են բանակի ներսում տիրող բացթողումներին մեծ հնչեղություն տալ»

Նոյեմբեր 24, 2011թ. 14:01

83140Պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանն անդրադառնալով Լուսակերտի զորամասոմ տեղի ունեցած ծեծկռտուքին, ասել է. «Լուսակերտի զորամասում տեղի ունեցած ծեծկռտուքը հետևանք է այն բանի, որ  փորձում են բանակի ներսում տիրող բացթողումներին մեծ հնչեղություն տալ եւ դրանից որոշ մարդիկ նաեւ փորձում են օգտվել» :

«Քաղաքացիները պետք է գոյություն ունեցող օրենսդրության ու կարգի պահանջների համաձայն տեսակցեն իրենց հարազատներին, միայն նորմալ պայմաններում եւ հարգեն այն զինվորներին, ովքեր հսկիչ-անձնագրային կետերում ծառայություն են կատարում եւ այդ ռեժիմը պահանջում է լարված ծառայություն, չփորձեն զինվորների վրա ճնշում գործադրել»,-ասել է Սեյրան Օհանյանը:

Նոյեմբերի 20-ին ժամը 18:00-ի սահմաններում Հայկ Հարությունյանը ընկերների հետ միասին  սպիտակ գույնի «Պորշ Կայեն» մակնիշի 07 ՕՏ 999 համարանիշի, եւ BMW մակնիշի երկու ավտոմեքենաներով,շուրջ 15 հոգով ուղեւորվել է դեպի Լուսակերտի զորամաս: Հասնելով զորամաս` Հ. Հարությունյանը 4 անձանց հետ միասին, ոգելից խմիչքի ազդեցության տակ, նորակոչիկ եղբորը տեսնելու պատրվակով, մոտեցել է զորամասի հսկիչ-անցագրային կետին: Նրանք, չենթարկվելով վերակարգում ընդգրկված անձնակազմի, ինչպես նաեւ զորամասի պատասխանատու սպայի օրինական պահանջներին, փորձել են ներխուժել զորամասի տարածք, որի պատճառով վիճաբանություն է առաջացել նրանց եւ վերակարգում ընդգրկված անձնակազմի միջեւ, որն էլ վերածվել է ծեծկռտուքի:

Վիճաբանության ձայներից հսկիչ-անցագրային կետին մոտեցել են ավտոմեքենաներում գտնվող մյուս քաղաքացիական անձինք, ինչպես նաեւ զորամասի տարածքից՝ այլ զինծառայողներ:

Ծեծկռտուքը տեւել է շուրջ 10-15 րոպե, որից հետո քաղաքացիական անձինք վերը նշված մեքենաներով դիմել են փախուստի, եւ այդ ընթացքում BMW-ով Արսեն Արիստակեսյանը վրաերթի է ենթարկել զինծառայողներ Ա.Սանթոյանին եւ Գ.Վաղարշակյանին:

Ծեծկռտուքի ընթացքում զորամասի ժամկետային զինծառայողներ Սամվել Խուդոյանը, Հարություն Սեդրակյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Ժամկետային զինծառայող Ա.Սանթոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց: Այնտեղից վերջինս տեղափոխվել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Ծեծկռտուքի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել նաեւ քաղաքացի Հարություն Ռուբիկի Թորոսյանը, որը տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց, իսկ այնուհետեւ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության եւ ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում բերման են ենթարկվել փախուստի դիմած քաղաքացիներից հինգը, ինչպես նաեւ հայտնաբերվել են BMW մակնիշի երկու ավտոմեքենաներն ու «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան:

Քրեական գործով ՀՀ քր. օր-ի 316-րդ հոդվածի 1-ին եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասերով կատարած հանցագործության կասկածանքով որպես կասկածյալ 2011թ. նոյեմբերի 21-ին ձերբակալվել է քաղաքացի Արսեն Վարդանի Արիստակեսյանը: Ի դեպ, «Պորշ Կայեն» մեքենայի ղեկին եղել է «Մարիաննա» ընկերության տնօերն Տիգրան Վարդանյանի որդին:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն