Եկեղեցաշինական մոլուցք
Հայաստանի անկախության տարիներին մեզանում առաջ եկավ մի երևույթ, որ կարելի է անվանել «եկեղեցաշինական մոլուցք»: Փորվում է հիմքը, կատարվում է հիմնարկեք, լցվում է մոնոլիտ բետոն, հետո այն երեսպատվում է, ու եկեղեցին պատրաստ է:
Հրավիրվում են հոգևորականներ, պատգամավորներ, կուսակցական գործիչներ և` համեցեք, ժողովուրդ: Իսկ հավատավոր քրիստոնյայի երկյուղածությունը մնում է մոտակայքում, բայց դրսում: Ի՞նչ է սա. մեղավորության բնազդական զգացո՞ւմ, թե՞ սեփական անձը ժամանակի մեջ խցկելու փառասիրություն: Գուցե երկուսն էլ` ի բացառյալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խորհրդի գիտակցումը:
Իրականությունը հուշում է հենց դա, քանի որ Հայաստանում (բոլոր մարզերում) տասնյակ ու տասնյակ կիսավեր եկեղեցիներ ու վանական համալիրներ կան, որոնց վերականգնման համար պետությունը փող չունի:
Մինչդեռ հենց այդ եկեղեցիներն են իրական ու առ Աստված հավատի տները: Հարց է ծագում` ինչո՞ւ որևէ մեծահարուստ «հավատացյալի » մեջ, բացի մեկից, ցանկություն չի առաջանում վերականգնել դրանցից մեկ-երկուսը, փոխանակ հատկապես Երևանում կառուցելու նորը` բետոնով, երեսպատման սալիկներով, պատգամավորներով և այլն: Պատասխանը գտնվում է ինքնիրեն. որովհետև առաջին դեպքում վերականգնողի անունը կգրվի ցուցանակին, իսկ երկրորդ դեպքում մեղավորի անունը կփորագրվի պատին `որպես հիշատակ երախտապարտ սերունդներին:
Չի’ օգնելու:
Նաև պիտի հիշել, որ եկեղեցու հիմքում քարերից ու բետոնից առաջ պիտի դրվեն սերն ու հավատը, Աստծո խորհուրդը, առանց որոնց կառույցը կդառնա հերթական օբյեկտ, որն ընդամենը խաչակիր գմբեթ ունի:
Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Armar.am
Թեգեր` Ավիկ Մարության, գմբեթ, եկեղեցի, խաչակիր












