Գլխավոր » Լրահոս, Հոգևոր, Վերլուծական

«Օրենքով» աղանդները ակտիվանում են

Նոյեմբեր 28, 2011թ. 15:03

Genadi-141x150Մարդկության զարգացման կարևորագույն գործոններից մեկը արդարացի, ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում կատարված քննդատությունն է: Այս մշակույթը, սակայն,  նորանկախ Հայաստանում դեռևս ձևավորման փուլում է: Հետևապես, մեզանում քննադատությունները մեծամասամբ կառուցողական նպատակ չեն հետապնդում, և ոչ միշտ են լինում օբյեկտիվ: Այդ խմբի մեջ վստահաբար կարելի է դասել տարբեր մասնագիտության տեր մարդկանց կողմից զանգվածային լրատվամիջոցներով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գործունեության ու նպատակների մասին ակնհայտ սուտ ու սխալ տեսակետներ հնչեցնելը, որի նպատակն է Հայոց եկեղեցու, իսկ ենթատեքստում նաև` պետության հեղինակազրկումը:
Կարծում եմ ավելորդ է այստեղ աղանդավորական ուղղվածություն ունեցող թյուր կարծիքներից հղումներ ու մեջբերումներ կատարելը, սակայն այդ տեսակետներից երկուսի վերաբերյալ ուզում եմ պարզաբանումներ տալ: Առաջին. թյուր կարծիք է այն, թե  Հայ Առաքելական եկեղեցուն ազգային եկեղեցի կոչելը սխալ է, որովհետև իբր այդպիսով Հայ եկեղեցին կտրվում է քրիստոնյա աշխարհից:
Մինչ այս հարցին անդրադառնալը, հիշենք, որ 1988 թվականին սկիզբ առած համահայկական շարժման ժամանակ և մեր օրերում կային ու կան նվիրյալներ, որոնք պետության ու եկեղեցու շահերը միշտ անձնականից վեր են դասել ու մինչ օրս  պաշտպանն են ազգանպաստ քաղաքականության, պայքարել ու պայքարում են ներքին ու արտաքին, հայտնի ու անհայտ թշնամիների դեմ, որպեսզի չկորցնենք այդքան դժվարությամբ ձեռք բերված ու արյան գնով ամրագրված անկախությունը և հայ ժողովուրդն ու հայ զինվորը իրենց մեջ միշտ կրեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունը: Շատ ափսոս, սակայն, որ քամելեոնի քաղաքականություն որդեգրած որոշ գործիչներ թե’ շարժման սկզբում,  թե’ ներկայումս շարունակում են քաղաքական, կրոնական ու տնտեսական աճպարարություններով ու ինտրիգներով հայ ժողովրդի սրտի ու հոգու նուրբ լարերի վրա խաղալ:

Մեզ անհանգստացնող ու ամենացավոտ խնդիրը աղանդավորական շարժումների ակտիվությունն է` մասնավորապես, օրենքով աղանդավորների: Օրենքով աղանդավորները նրանք են, ովքեր տիրապետում են քաղաքական ու տնտեսական լծակների, որոշակի շրջանակներում որոշակի մարդկանց վրա որոշակի ազդեցություն ունեն և միևնույն ժամանակ Հայաստանում կամ Հայաստանից դուրս գտնվող աղանդավորական ուղղվածություն ունեցող որևէ «կրոնական» կազմակերպության ղեկավար են կամ փաստացի ղեկավարը: Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ օրենքով աղանդները ոչ միշտ են գործում զուտ կրոնական դաշտում: Նրանք հաճախ գործում են նաև մշակութային, քաղաքական, տնտեսական գործիչների անվան տակ, ինչը ենթադրում է, որ անհրաժեշտ է առավել հետևողական ու առավել աչալուրջ աշխատանք կատարել` պաշտպանելու համար ժողովրդի ֆիզիկական, մտավոր ու հոգևոր անվտանգությունը:
Այժմ անդրադառնալով վերը նշած խնդրին նշեմ, որ օրենքով աղանդների հանդգնությունն այնքան հեռուն է գնացել, որ նույնիսկ Հայ եկեղեցուն ազգային կոչելը սխալ են համարում: Այս թյուր ու վտանգավոր կարծիքը արմատախիլ անելու համար պարզաբանենք, որ իր հարազատ եկեղեցուն յուրաքանչյուր հայ մարդ ազգային համարելու բարոյական իրավունք ունի, որովհետև Հայ եկեղեցին անշեղորեն ծառայում է հայ ժողովրդին, ինչպես ռուս եկեղեցին` ռուս ժողովրին, վրաց եկեղեցին` վրաց ժողովրդին, հունականը` հույն ժողովրդին և այլն, իսկ բոլոր եկեղեցիները միասին ծառայում են միակ Աստծուն ու մարդկությանը:

Լինելով ազգային` Հայ Առաքելական եկեղեցին Տիեզերական եկեղեցու նվիրապետական կառույցում իր պատվավոր տեղն ունի և ի տարբերություն ազգային դիմակ հագած որոշ խմբավորումների, Հայ եկեղեցին քայքայելու ու քանդելու հատկություն չունի, Հայ եկեղեցին կառուցելու, կրթելու ու դաստիարակելու շնորհք ունի: Ամբողջ քրիստոնյա, և ոչ միայն քրիստոնյա աշխարհը, ճանաչում ու պատկառանքով է վերաբերվում 1700-ամյա պատմություն ունենցող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Հայոց ընդհանուր պատմության լավագույն նվաճումը Հայ եկեղեցու պատմությունն է, որի մասին մեծագույն հարգանքով են խոսում ինչպես հայ, այնպես էլ օտարազգի բազմաթիվ աստվածաբաններ, կրոնագետներ, եկեղեցագետներ, պատմաբաններ, հայագետներ:

Հայ եկեղեցուն  քննադատողների մյուս անլուրջ կարծիքն այն է, թե եկեղեցին հարստանալու նպատակով, տնտեսական գործառույթների մեջ մտնելով, հետին պլան է մղել հոգևոր գործառույթները և նվազեցրել իր դրական ազդեցությունը հայ ժողովրդի հոգևոր, կրթության ու դաստիարակության գործում:
Մինչ այս խնդրի մասին խոսելը մեկ անգամ ևս հետադարձ հայացք գցենք մեր պատմությանը:
Հակաեկեղեցական քարոզչությունը միշտ է եղել է. դեռ առաջին դարից սկսած եկեղեցին ունեցել է իր ընդգծված թշնամիները` հանձինս աղանդավորական շարժումների, որոնք, ի վերջո, իրենց գաղափարական ու դավանաբանական զենքերը վայր են դրել Տիեզերական Եկեղեցու առաջ: Սակայն հակակրոնական քարոզչությունն իր գագաթնակետին  հասավ Խորհրդային իշխանության տարիներին: Դա արդեն զուտ աղանդավորական շարժում չէր, դա սատանայի զորությամբ օժտված մի մեքենա էր, որը խժռեց եկեղեցու գույքը, ստիպողաբար ստորացուցիչ պայմանների մեջ դրեց հոգևորականներից շատերին: Դա մի համակարգ էր, որը նման էր հրեշի, և որը թեև  կործանվեց, բայց նրա կերպարանափոխված ժառանգները մինչ օրս վխտում են մեր նորանկախ ու քրիստոնյա Հայաստանում,  փորձում են մեզ կտրել մեր Մայր եկեղեցուց: Մակերեսային գիտելիքներ ունեցող, եսակենտրոն, չարամիտ ու  անբարո այդ անձին  համարձակվում են վարկաբել մեր ազգային  եկեղեցուն, որը պատերազմի ժամանակ եղել է իր ժողովրդի կողքին, իսկ խաղաղության ժամանակ` կառուցել, կրթել ու դաստիարակել:

Այժմ վերադառնալով մեզ հետաքրքրող հարցին կրկին պարզաբանենք, որ սկսած առաջին դարից, երբ Հռոմեական կայսրության տարածքում ձևավորվեցին առաջին քրիստոնեական համայնքները, չի հիշատակվել պատմական այնպիսի շրջան, երբ ընդհանրապես եկեղեցու, և ի մասնավորի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նպատակը լիներ շահույթ հետապնդող ու աշխարհիկ բովանդակություն ունեցող տնտեսական ծրագրերի իրականացումը: Հիշեցնեմ, որ եկեղեցու նպատակը եղել և մնում է մարդու հոգևոր կրթությունն ու դաստիարակությունը, նրան ավելի ազնիվ դարձնելը,  ու այն ամեն դրականի ներարկումը, ինչը առնչվում է մարդու հոգևոր կյանքին: Այս գիտակցումը առաջնորդել է բոլոր ժամանակների ճշմարիտ հավատացյալներին, որոնք եկեղեցիներում տեղադրված գանձանակներում դրամ ավելացնելով, իրենց աղոթքները մոմավառությամբ շաղախելով`մոմ գնելով ու նյութական այլ նվիրատվություններով, աջակից են եղել եկեղեցու ծաղկմանն ու հզորացմանը: Այսօր նույնպես մեր բարեպաշտ ժողովուրդն ու ազնիվ բարերարները շարունակում են նյութական ու ֆինանսական օժանդակություն ցուցաբերել Հայոց եկեղեցուն, որպեսզի ամենուրեք պաշտամունքային արարողությունները կատարվեն ավելի գեղեցիկ ու ընդարձակ եկեղեցիներում: Ամեն ինչ արվում է համայնքների միջոցներով ու համայնքների համար: Լավագույն կենցաղային ու կրթական պայմաններն են ստեղծվում եկեղեցուն կից գործող բոլոր ուսումնական հաստատություններում` ներառյալ բազմաթիվ հայորդաց տները:

Կենցաղային ու անհրաժեշտ բոլոր պայմաններն են ստեղծվում նաև թե’ միաբանության համար, թե’ հյուրերի համար, թե’ բարձր մակարդակով գիտական ու մշակութային միջոցառումներ անցկացնելու համար և այլն: Եկեղեցին միշտ մեծագույն պատասխանատվությամբ է վերաբերվել հանրային յուրաքանչյուր լումային և այն հիմնականում արդյունավորվել և օգտագործվել է քրիստոնեական մշակույթը զարգացնելու և քրիստոնեական արժեհամակարգ ստեղծելու համար: Այս ամենը չգիտակցողներն ու թերահավատորեն վերաբերվողները մեծագույն սխալ են գործում . քանզի գռեհիկորեն են ներկայացնում եկեղեցու վարքն ու բարքը և անարդարացիորեն եկեղեցուն վերագրում այլ դեր:
Կասկած չկա, որ Հայ եկեղեցին իր առաքելության մեջ է, սակայն, եթե անհրաժեշտություն է առաջանում զանգվածային լրատվամիջոցներով եկեղեցու գործունեության առնչությամբ առաջարկություններ կամ հայտարարություններ կատարել, ապա դա պետք է անել հարցերը լրջորեն ուսումնասիրելուց հետո ու բարեկամաբար` որպես Հայ եկեղեցու զավակ և ոչ թե աղանդավորներին հատուկ  թշնամանքով:
Ինչպես ամենուրեք, եկեղեցում նույնպես ժամանակի մարտահրավերներին զուգահեռ կան խնդիրներ, որոնք իրենց լուծումը ստանում են տրամաբանական հաջորդականությամբ` հիմնված առողջ հավատքի ու առողջ բանականության վրա: Անվիճելի է նաև, որ Հայ եկեղեցին նոր ժամանակների թելադրանքով կազմակերպվելու և հզորանալու անհրաժեշտություն ունի, առավել ակտիվորեն ներգրավվելու հասարակական ու սոցիալական գործընթացներին, լինել  բոլոր խավերի կողքին: Միգուցե անհրաժեշտ է քույր եկեղեցիների ու հայ եկեղեցու հավատացյալների միջև ավելի հաճախ տարբեր բնույթի միջոցառումներ կազմակերպել, ջերմ ու բարեկամական հարաբերություններն առավել ամրացնել ու դրանով հնարավորություն ստեղծել, որպեսզի Էկումենիկ շարժումը դառնա համաժողովրդական շարժում: Այս հարցը ժամանակի հրամայական է, որովհետև մեր օրերում էկումենիզմը օրենքով աղանդների պառակտիչ գործունեության պատճառով տարաբնույթ սխալ մեկնաբանությունների ենթարկվելով բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնած: Նպատակահարմար է, որ էկումենիկ շարժումը սահմանափակված չլինի և աշխարհի բոլոր հայ քրիստոնյաների համար ընդունելի ու հասկանալի դառնա և մեր ինքնությունը պահպանելուն զուգահեռ` կառուցելու, կրթելու ու դաստիարակելու շնորհքը պահպանենք:
Ուրեմն.
«Հսկեցե’ք, հաստատու’ն մնացեք հավատի մեջ, քա’ջ եղեք, զորացե’ք: Ձեր ամեն ինչը սիրով թող լինի» (Ա Կորնթ. ԺԶ 13-14):

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, Աստվածաբանության մագիստրոս

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն