Հայկական կողմը պատասխան գործողությունների է դիմում ադրբեջանական դիպուկահարների սադրանքները չեզոքացնելու նպատակով
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր, ընդունելով Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, նրան ներկայացրել է իրադրությունը ադրբեջանական զորքերի հետ շփման գծում և նրա ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարների գործողությունների ակտիվացման վրա:
Ֆիլիպ Լեֆորը հավաստիացրել է, որ իր մանդատի շրջանակներում անելու է հնարավորը, որպեսզի աջակցի խաղաղության հասնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Եվրամիության հատուկ ներկայացուցիչը մասնավորապես ասել է. «Եվրամիությունը չի ցանկանում Հարավային Կովկասում տեսնել նոր պատերազմ: Տարածաշրջանի խաղաղությունը բխում է Եվրամիության շահերից»:
«Առաջնորդվելով ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքով` հայկական կողմը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, իսկ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների դեպքում պատասխան գործողությունների է դիմում ադրբեջանական դիպուկահարների սադրանքները չեզոքացնելու նպատակով միայն», նկատել է Հայաստանի պաշտպանության նախարարը:
ArmAr.am












