Արցախում նախագահական պայքարը թեժ է լինելու
Արցախի Հանրապետությունում 2012 թ ամռանը տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Մինչդեռ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությունը գրեթե ստվերել է հայկական երկրորդ պետության այդ կարևորագույն քաղաքական գործընթացը:
Արցախցիներն արդեն իսկ կանխատեսում են, որ 2012-ի նախագահական ընտրությունները, նախորդների համեմատությամբ, կառանձնանան առավել հետաքրքիր զարգացումներով, իսկ հետաքրքիր ասվածն էլ պայմանավորված կլինի առաջադրվելիք թեկանածուների կազմով:
Այսպես. այսօր արդեն ներկայիս նախագահ Բակո Սահակյանի անվան կողքին շրջանառվում են նախագահացուների մի քանի անուններ: Հնարավոր թեկնածուներից մեկը ԼՂՀ վարչապետի նախկին խորհրդական Էդուարդ Աղաբեկյանն է: Կարծիք կա, որ Աղաբեկյանը 2012-ի ընտրապայքարում հավակնում է դառնալ իշխանության թեկնածուի իրական այլընտրանքը: Հիշեցնենք, որ Էդուարդ Աղաբեկյանը լինելով ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, Արկադի Ղուկասյանի նախագահության օրոք Ստեփանակերտի քաղաքապետն էր:
Նախագահի հնարավոր երկրորդ թեկնածուն կարող է լինել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:
Նախագահի պաշտոնին հավակնողների պայքարն առավել կթեժանա արցախցի քաղաքական գործիչ Մասիս Մայիլյանի թեկնածության առաջադրմամբ: Ի դեպ, Մայիլյանը 2007 թ. ընտրություններում առաջադրել էր իր թեկնածությունը, եւ չնայած վարչական ռեսուրսի կոշտ կիրառմանը, հավաքել ձայների 13 %-ը:
Իսկ ինչպե՞ս են Արցախի քաղաքական շրջանակները վերաբերվում Երևանից հնչած այն առաջարկին, թե որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չմնա երիտասարդ թոշակառու մեկ արդյունավետ ճանապարհ կա` ԼՂՀ նախագահի պաշտոնի ստանձնումը: Հիշեցնենք, որ այս ինքնատիպ առաջարկության հեղինակը «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն էր: Բարեբախտաբար, թե դժբախտաբար, սակայն արցախցիները դեռ շարունակում են հումորով վերաբերվել հնչած առաջարկին: Բայց եթե, արված առաջարկն, այնուհանդերձ, լուրջ ընդունվի հասցեատիրոջ կողմից, ապա կարող ենք ենթադրել, որ Արցախի նախագահի պաշտոնին հավակնողների ցանկը կհամալրվի քաղաքական ևս մեկ հետաքրքիր ֆիգուրով, հանձին ԼՂՀ , ՀՀ նախկին նախագահի:
ArmAr.am
Թեգեր` Արցախ, Նախագահական ընտրություններ












