Հույսով սպասում են կառավարության «այո»-ին
«Թուրքիայի կառավարությունը մտադիր է հիմնել հպարտության մեդալ և այդ մեդալով պարգևատրել այն ոճրագործների հարազատներին, որոնք իրականացրել են Հայոց Ցեղասպանությունը, իսկ մենք պարտավոր ենք հիմնել «Հանուն արդարության» մեդալն ու պարգևատրել մեր փառապանծ հերոսներին»,-մեզ հետ զրույցում ասաց «Վան-Վասպուրական» հայրենակցական հասարակական կազմակերպության նախագահ Ռոմիկ Հովնանյանը:
Եվ ահա, մեդալի ստեղծման առաջարկով, ամիսներ առաջ, Ռոմիկ Հովնանյանը դիմեց է Հանրային Խորհուրդին: Առաջարկությունը քննարկվեց ՀԽ պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովում, և որոշվեց, որ հարցի դրական լուծման դեպքում «Հանուն արդարության» մեդալով նախ պետք է հետմահու պարգևատրել հայ ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանին, ապա «Նեմեսիս» արդարահատույց գործողության բոլոր հայտնի հերոսներին:
Ենթահանձնաժողովի անդամներն արտահայտել էին այն համոզմունքը, որ այդ մեդալի հիմնումը կնպաստի հայ ժողովրդի պատմական հիշողության վերականգնմանը, նրա հայրենասիրական դաստիարակությանը, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությանը կբևեռի ժողովուրդների դեմ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված ջանքերի ուժեղացմանը:
Ենթահանձնաժողովի անդամ, պատմաբան Ռաֆայել Թադևոսյան. «Մենք ունենք գերատեսչական մեդալներ. Խորենացին`մշակույթի բնագավառում, Շիրակացին` գիտության և այլն, բայց կոնկրետ Հայ Դատի ոլորտում, որ լազերային փունջն ընկնի հենց այդ գաղափարի վրա, չունենք: Նման մեդալի հիմնումը Հայ Դատը քարոզելու հիանալի ձև է»:
Հայ Դատի երախտավորներին մեդալով պարգևատրելու առաջարկը հաստատվեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից, ապա ներկայացվեց ՀՀ Կառավարություն: Սակայն, «Վան-Վասպուրական» հայրենակացական հ/կ նախագահ Ռոմիկ Հովնանյանի փոխանցմամբ, առ այսօր կառավարությունից ոչ մի արձագանք չի ստացվել.«Հայրենի կառավարությունը դեռ լռում է, ոչ այո, ոչ` ոչ: Չնայած մենք հույսով սպասում ենք` այո-ին: Բայց եթե լռությունը շարունակվի ՙՎան- Վասպուականն՚ իրեն իրավունք կվերապահի ստեղծել այդ մեդալն ու հետմահու պարգևատրել հայազգի հերոս Սողոմոն Թեհլերյանին իր ծննդյան օրը` ապրիլի 2-ին»:
ArmAr.am












