Արցախի Հանրապետության նախագահը պարգևատրել է գերմանացի ցեղասպանագետին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև մշակույթի, կրթության և գիտության, առողջապահության, քաղաքական բնագավառներում Արցախի Հանրապետության համար մատուցած ծառայությունների համար Բեռլինի Ազատ համալսարանի գիտաշխատող և ցեղասպանագետ դր. Տեսսա Հոֆմաննը պարգևատրվեց «Երախտագիտություն» մեդալով:
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ և գիտության և կրթության ոլորտում ցուցաբերած բացառիկ գոծունեության համար Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից պարգևատրվեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող հայ գիտաշխատողներ, մտավորականներ՝
- Հալլե քաղաքի Մարտին-Լյուտերի անվան համալսարանի Հայագիտության բաժնի ղեկավար պրոֆ. Արնենուհի Դրոստ-Աբգարյանը,
- Բոխում քաղաքի համալսարանի Սփյուռքի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆ. Միհրան Դաբաղը,
- Հայ-Գերմանական Նամակագրություն (Armenisch-Deutsche Korrespondenz) ամսագրի հրատարակիչ, հրապարակախոս Ռաֆֆի Կանտյանը:
Այդ կապակցությամբ ԳԴՀ-ում ՀՀ-ան դեսպանատան շենքում դեկտեմբերի 17-ին կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը պարգևները փոխանցեց հայ գիտնականներին: Նույն միջոցառման ընթացքում ցեղասպանագետ Տեսսա Հոֆմաննին ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը փոխանցեց «Եախտագիտություն» մեդալը:












