Հայրենիք և հայրենասիրություն. Արմատներ ունենալու մարդկային պահանջմունքը
ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔԸ
Հոգեբանորեն հասուն և հոգեպես առողջ յուրաքանչյուր անձ իր բազում նյութական և հոգևոր պահանջմունքների կողքին ունենում է ևս մեկ` հոգեբանական լիարժեքության տեսակետից կարևորագույն պահանջմունք. դա արմատներ ունենալու պահանջմունքն է: Մարդը պետք է իմանա, թե ումի՞ց է ինքը սերվել. ովքե՞ր են իր ծնողները, պապերը, նախնիները, ո՞րն է իր Հայրենիքը….: Հակառակ պարագայում նրան սպառնում են հոգեբանական լուրջ խնդիրներ տարբեր նևրոտիկ դրսևորումների և բարոյահոգեբանական խեղումների տեսքով: Այսինքն, անձի խմբային /այդ թվում նաև` էթնիկական/ պատկանելության հարցը հոգեբանության մեջ համարվում է կենտրոնական: Խնդիրն այստեղ Ես-ից դեպի Մենք-ը հոգեբանական նուրբ անցման մասին է, որը մարդու հոգեկերտվածքի, նրա վարքի յուրահատկությունների վրա ազդող հիմնարար գործոն է: Որքան ավելի մեծաքանակ են տվյալ հանրույթում այնպիսի անհատները, ում անձի կառուցվածքում իր կայուն տեղն ունի էթնիկական Մենք-ի բաղադրիչը, այլ կերպ ասած` որքան ավելի մեծաթիվ են սեփական էթնոսի հետ հոգեբանորեն ինքնանույնացած մարդիկ` այնքան ավելի կենսունակ ու ուժեղ է խումբը: Սրա բացակայությունը կամ թուլացումը ազգերի գոյությունը վտանգող կարևոր հանգամանք է, բայց ոչ` միակը:
Համաշխարհային պատմությանը հայտնի են բազմաթիվ էթնիկական խմբեր ու ազգեր, որոնք այսօր այլևս չկան: Որո՞նք են այն սոցիալ-հոգեբանական պայմանները, որոնց դեպքում վերանում են էթնոսները: Մասնագիտական լեզվով ասած` էթնոսները հոգեբանորեն թուլանում և աստիճանապար գնում են դեպի վերացում, երբ թուլանում ու աստիճանաբար վերանում է այն ցուցիչների ամբողջությունը, որն էթնոսի` որպես սոցիալ-հոգեբանական ուրույն համակարգի կրողն է: Այդ ցուցիչներից են էթնիկական ինքնագիտակցությունը, մշակույթը, լեզուն, բնօրրանը /էթնոգենետիկ աշխարհագրական տարածքը/, ժողովրդագրական կազմը, պետականության գործոնը: Եթե փորձենք այս տեսանկյունից թեկուզ մի հպանցիկ հայացք նետել մեր ազգի ներկայիս վիճակին, ապա պետք է արձանագրենք, որ թուլացման միտումներն ակնհայտ են: Կորցրել ենք մեր բնօրրանի մեծագույն մասը, ժողովրդագրական վիճակը բարվոք չէ, ուժեղ չէ պետությունը, լեզուն ու մշակույթը անխղճորեն խեղաթյուրվում են, ինքնագիտակցությունը ևս հաճախ ճեղքվածքներ է տալիս: Ուրեմն, չվարանենք ճշմարտության աչքերին ուղիղ նայելուց. հայ էթնոսն այսօր բավականաչափ թուլացել է որպես համակարգ:
Կարևորագույն էթնիկական ցուցիչներից մեկը, այսինքն այն, ինչի վրա խարսխված է անձի էթնիկական ինքնությունը կամ էթնիկական Մենք-ը` աշխարհագրական այն տարածքի մտահուզական պատկերն է, որտեղ տեղի է ունեցել տվյալ էթնոսի ձևավորումն ու պատմական զարգացումը: Յուրաքանչյուր մարդու հոգեկանում, ով իրեն ներքուստ նույնացնում է իր ազգի հետ, այսինքն իրեն համարում է տվյալ խմբի մի մասնիկը, Հայրենիքի մասին պատկերացումն ագուցված է կոնկրետ աշխարհագրական տարածքի հետ: Ընդ որում, այդ տարածքի մասին պատկերացումն իրենից ներկայացնում է մտահուզական բարդ կազմավորում` հուզականությամբ հագեցած մտապատկերների մի ողջ համակարգ: Հայրենիքի մտահուզական պատկերը մարդու անձի անբաժանելի մասն է կազմում. մանավանդ այն դեպքում, երբ վերջինիս խմբային-էթնիկական ինքնանույնացման գործընթացը որևէ պատճառով չի աղավաղվել: Մարդիկ հոգեբանորեն նույնանում են իրենց Հայրենիքների հետ, և սա նրանց ներքուստ ներդաշնակ է դարձնում:
Դա է պատճառը, որ երբ վտանգվում է Հայրենիքը, նրա տարածքին սպառնում է թշնամին, ավելին, երբ նրան տիրում է ոսոխը` ոչ միայն ազգը որպես հոգեբանական ամբողջություն, այլև նրա զավակները որպես անհատներ, խոցվում են հոգեպես, կորցնում են ներքին խաղաղությունը, ապրում են զրկվածության ծանր զգացում: Ավաղ, այդպիսին է մեր` հայերիս պարագան: Հոգեխոցումն ավելի խորն է ու ցավագին, որովհետև տեղի է ունեցել սպանդ ու վտարում: Մենք հայրենազրկվել ենք ու ծվարել ենք մեր բնօրրանից պոկված մի ծվենի վրա, որը մեզ համար որքան էլ թանկ` միևնույն է ընդամենը մասնիկն է ամբողջի: Հայրենիքը գերված է և սա է ճշմարտությունը:
Երբ խախտվում է որևէ համակարգի ներքին ներդաշնակությունը, ապա դեռևս պահպանվող կենսահաստատ ուժերը կենտրոնացնում են իրենց եռանդը` ձգտելով վերականգնել կորսվածը: Այդպիսին է նաև մարդկային խմբերի, այդ թվում նաև ազգերի պարագան: Այս դեպքում տկարացած համակարգին կենսական նոր եռանդ հաղորդելու առաքելության կրողներ են դառնում էթնիկական հանրույթի այն անդամները, ովքեր ունեն էթնիկական ինքնանույնացման ավելի բարձր մակարդակ և ում մեջ առավել ցայտուն է արտահայտված էթնոկենտրոնությունը: Ծագած դժվարին պայմաններում նրանք կարողանում են ոչ միայն կայուն պահել իրենց ազգային ինքնագիտակցությունն ու ազգային արժանապատիվ կեցվածքը, այլև պատրաստակամ են իրենց մասնակցությունը բերել ողջ համակարգի ամրապնդման գործին: Այս մարդկանց, ում ես, կիրառելով ժամանակակից հոգեբանական եզրույթը, անվանեցի էթնոկենտրոն անհատների խումբ, ավելի պարզ ու հայտնի խոսքերով կարող ենք ուղղակի կոչել հայրենասերներ:
Էթնոկենտրոնություն և միջէթնիկական հանդուրժողականություն
Ինչպիսի՞ն է էթնոկենտրոն մարդը և, առհասարակ, ի՞նչ է իրենից ներկայացնում էթնոկենտրոնությունը որպես հոգեբանական երևույթ: Միանգամից նշեմ, որ էթնոկենտրոնությունը հասարակական գիտություններում մեծ մասամբ դիտարկվել է որպես բացասական երևույթ, որպես մի բան, որը խանգարում է ազգերի և դրանց առանձին ներկայացուցիչների խաղաղ համագոյակցությանը: Սա էթնոկենտրոնության ամենապարզունակ և արդեն հնացող մեկնաբանությունն է: Այսօր արդեն էթնոկենտրոնությունը դիտարկվում է որպես ցանկացած ազգի պատկանող անհատի միանգամայն բնականոն առանձնահատկություն: Բանն այն է, որ յուրաքանչյուր մարդ, լինելով այս կամ այն ազգի զավակ, կամա թե ակամա իր մեջ կրում է տվյալ էթնոսի հոգեբանական և մշակութային յուրահատկությունները: Այսինքն, ցանկացած ոք, գիտակցում է նա այդ, թե ոչ, աշխարհն ընկալում ու գնահատում է` ելնելով իր էթնոմշակութային պատկանելության հանգամանքից: Սա ընդհանուր օրինաչափություն է: Ասել է, թե յուրաքանչյուր մարդ այս կամ այն չափով էթնոկենտրոն է: Բայց միայն` այս կամ այն չափով, քանի որ մարդիկ իրարից էապես տարբերվում են իրենց էթնոկենտրոնության մակարդակով: Էթնոկենտրոնությունն առավել ուժգնորեն արտահայտվում է առաջին` Ա մակարդակում, որը դաժան այլատյացության ձևեր է ընդունում, իսկ ամենաթույլը` հինգերորդ, Ե մակարդակն է, երբ մարդու էթնիկականությունն այնքան է խամրել, որ նա դարձել է «ի՞նչ տարբերություն թե ինչ ազգի ես պատկանում» կենսափիլիսոփայության կրող: Այստեղից դեպի վեցերորդ` Զ մակարդակ մեկ քայլ է միայն, որի դեպքում մենք ականատես ենք դառնում հոգեբանական տեսակետից շատ հետաքրքրական այնպիսի մի երևույթի, ինչպիսին է էթնոնիհիլիզմը: Էթնոնիհիլիստն այն մարդն է, ով ծայրահեղ ժխտողական և ագրեսիվ դիրքորոշում ունի սեփական էթնիկական խմբի նկատմամբ: Իր ազգի հանդեպ ցայտուն բացասական վերաբերմունքը զուգորդվում է այլ ազգերի /հաճախ նաև` հակառակորդ, թշնամի էթնոսի/ նկատմամբ ընդգծված դրական դիրքորոշմամբ: Այս ինքնակործան, բայց միաժամանակ` օտարահակ անհատը կարող է վտանգավոր դառնալ սեփական խմբի համար:
Նշենք, որ կախված պատմական իրադարձությունների բնույթից, ներխմբային և միջխմբային զարգացումներից, միջէթնիկական կոնֆլիկտների առկայությունից կամ բացակայությունից` կարող է տվյալ հանրույթում գերակայող դառնալ էթնոկենտրոնության այս կամ այն տարատեսակը: Ծայրահեղ դրսևորումները /այլատյացությամբ կամ էթնոնիհիլիզմով ուղեկցվող Ա և Զ տարբերակներ/ բնորոշ են գործող կամ սառեցված կոնֆլիկտային հարաբերությունների մեջ գտնվող խմբերին, իսկ միջին արժեքները` խաղաղ համագոյակցությանը:
Միջէթնիկական ներդաշնակ հարաբերությունների և համերաշխ համագոյակցության տեսակետից ամենաընդունելին էթնոկենտրոնության միջին արժեքներն են, երբ հայրենասիրությունը, ազգային արժանապատվությունն ու հպարտությունը զուգորդվում են այլ ազգերի նկատմամբ դրական վերաբերմունքի հետ: Այս պարագայում միջէթնիկական ընկալումներում գերակշռում է հետաքրքրությունը միմյանց մշակույթների նկատմամբ, փոխադարձ հարգանքը, սակայն բացակայում է ինչպես փոխադարձ ագրեսիվությունը, այնպես էլ ստորաքարշ օտարամոլությունը:
Եթե դիտարկելու լինենք թուրքերի կողմից քրիստոնյա ազգերի, մասնավորապես` հայերի հանդեպ վերաբերմունքը էթնոկենտրոնության տեսանկյունից, ապա պետք է արձանագրենք, որ հարաբերականորեն խաղաղ ժամանակահատվածներում այստեղ գերակշռել է Բ մակարդակի էթնոցենտրիզմը, որի պարագայում այլ ազգի նկատմամբ ատելությունը թեև ֆիզիկական ոչնչացման ձևեր դեռևս չի ընդունում, բայց այլազգիները համարվում են ստորակարգ, ՙօրենքից դուրս՚ գտնվող մարդիկ, ում նկատմամբ կարելի է հանգիստ ու անպատիժ խտրականության ամենավիրավորական ու նվաստացուցիչ ձևեր կիրառել և դա համարել միանգամայն արդարացի: Կարծում ենք, որ հիմնականում այսպիսին է եղել հոգեբանական իրավիճակը Օսմանյան կայսրությունում և նույնն է նաև ներկայիս Թուրքիայում: Սա` հարաբերական անդորրի պայմաններում կամ ինչ-ինչ զսպող հանգամանքների ազդեցության տակ: Բայց թուրքական էթնոցենտրիզմի Ա մակարդակը իր ողջ ավերիչ պոտենցիալով պարբերաբար պոռթկացել է մեր հայրենի բնօրրանում նրանց հետ համակեցության ողջ ընթացքում: Ծայրահեղ էթնոկենտրոնությունից բխող գերագրեսիվ դիրքորոշումներն ու համապատասխան վարքը գնալով ավելի ու ավելի են ամրապնդվել` իրենց քստմնելի արտահայտությունը գտնելով 1890-ական թվականներից մինչև անցյալ դարի քսանական թվականները տևած գրեթե պերմանենտ էթնոցիդի պայմաններում:
Մենք` հայերս, իրավունք չունենք հաշվի չառնելու գիտականորեն հիմնավորված այն իրողությունը, որ էթնոկենտրոնության Բ մակարդակից անցումը դեպի ցեղասպանությունների հոգեբանական հիմքը հանդիսացող Ա մակարդակ` մի քայլ է միայն և կատարվում է շատ դյուրությամբ: Սա առավել ևս ակներև է այսօր, երբ այդ երկրի ղեկավար այրերը ժամանակ առ ժամանակ անթաքույց կերպով սպառնալիքներ են հնչեցնում հայերի հասցեին: Եվ այս պայմաններում միանգամայն տարակուսելի ու, միաժամանակ, խիստ վտանգավոր է մեզանում թրքասիրության կոչեր ու հորդորներ լսելը: Սրանց հեղինակները կամ մտավոր կարճատեսներ են և հարցերի նկատմամբ ունեն հույժ մակերեսային մոտեցում, կամ զբաղված են ինքնախաբեությամբ, կամ էլ դա անում են չարամտորեն` իրենց էթնոնիհիլիստ լինելու պատճառով: Եվ սա նորություն չէ. հայոց մեջ թրքասիրությունը որպես խոհեմություն ներկայացնողներ միշտ էլ եղել են: Այդպիսիք եղել են նույն չարաբաստիկ 1915-ին: Նրանք ընդամենը բթացրել են իրենց և իրենց հավատացողների զգոնությունը` թուլացնելով մարդկանց ինքնապաշտպանական բնական մղումը: Եվ երբ այսօր, մեր ուսերին կրելով այս ծանր պատմական բեռը, մենք լսում ենք թրքասիրության կոչեր, թուրքի փոխված լինելու մասին պնդումներ, ապա դա չի կարելի բնորոշել այլ կերպ, քան` զոհին բնորոշ տնաբույծ իմաստակություններ: Իրականության զգացողության կորուստը միշտ վտանգներով է հղի: Իսկ իրականությունն այն է, որ մենք այսօր հոգեբանորեն սպառազինված լինելու, ասել է թե` էթնոկենտրոնության խնդիր ունենք` առողջ ու արժանապատիվ, խմբային հոգեբանական ուժեղացմանը նպաստող էթնոկենտրոնության /Գ և Դ մակարդակներ/, որը մեր ազգի հարատևման գրավականն է:
Հայրենասիրություն և ինքնասիրություն. հոգեբանական զուգահեռներ
Վերևում ես արդեն հիշատակեցի այն մասին, որ Հայրենիքի մտահուզական պատկերը, Հայրենիքի զգացողությունը ուղղակի կապ ունի տվյալ ազգի ներկայացուցիչների ինքնագիտակցության` նրանց Ես-ի հետ: Էթնիկական Մենք-ը անձի ինքնագիտակցության բաղադրիչն է, անձի կառուցվածքի մի մասնիկը: Խմբային Մենք-ը անհատական Ես-ի սահմանների ընդլայնման արգասիք է և սա միանգամայն բնական է, քանի որ հոգեպես առողջ ու հասուն անձի ինքնագիտակցության սահմաններն ավելի լայն են, քան նրա անհատական Ես-ի սահմանները: Հոգեբանության մեջ ուսումնասիրված է սեփական Ես-ի նկատմամբ մարդու հուզական վերաբերմունքի հարցը: Նուրբ տարբերակումներ կան եսասիրության, եսակենտրոնության և ինքնասիրության միջև: Ինքնասիրությունը կամ ինքնահարգանքը հոգեպես հավասարակշիռ ու գործնականորեն առողջ կյանքի նախապայման է, որի վրա է խարսխվում անձի արժանապատվությունը: Երբ այս կամ այն պատճառով խաթարվում է անձի ինքնահարգանք – ինքնասիրությունը, ապա նրա հոգեկան աշխարհը դառնում է խռովահույզ, նրան համակում է տագնապը, կյանքը իմաստազրկվում է: Ինքնասիրությունն ու ինքնահարգանքը մարդու հոգեկան կյանքին հաղորդում են կայունություն, նա նաև ընդունակ է դառնում սիրել ուրիշին, ակտիվանում է նրա ստեղծագործական ներուժը, միջանձնային հարաբերությունները դառնում են ներդաշնակ և այլն: Պատահական չէ, որ մարդը խորապես վիրավորվում է, երբ իրեն բնորոշում են որպես ինքնասիրությունից զուրկ:
Ամեն ինչ հար և նման է խմբային, այդ թվում նաև էթնիկական Մենք-ի պարագայում: Ներքին ներդաշնակությունից զուրկ և բարոյա-հոգեբանական տեսակետից խորապես անկատար է նա, ում հոգեկանում խաթարված է էթնիկական Մենք-ի նկատմամբ դրական վերաբերմունքը: Չսիրել Հայրենիքը` նշանակում է զուրկ լինել ինքնասիրությունից և ինքնահարգանքից` խմբային մակարդակում: Հայրենիքը չսիրող մարդը ներքուստ կոնֆլիկտային մարդ է: Հայրենասիրությունն առաքինություն է: Միայն արատավոր ու խեղված էթնիկական ինքնագիտակցության տեր մարդը կարող է հայրենասիրությունը համարել արատ` այն նույնացնելով գավառամտության հետ: Ցավոք սրտի, մեզանում առկա է այդ դիքորոշումը և սա մեր խմբային ինքնագիտակցության և հոգեբանական ինքնապաշտպանության թուլացման արդյունք է: Այս վտանգավոր դիրքորոշումը կարծրանալու միտում ունի: Հաճախ մենք կարող ենք նկատել, թե ինչպես, նույնիսկ Հայրենիքի նկատմամբ ջերմ զգացմունքներ տածող մարդիկ խուսափում են հայրենասեր երևալուց, որովհետև կարող են թիրախ դառնալ այս հարցում աղավաղված դիրքորոշում ունեցողների համար: Մինչդեռ, իմ խորին համոզմամբ այսօր մեզանում հայրենասիրության պակաս կա. ոչ թե շողոմ ու թատերականացված, այլ` իրական հայրենասիության. երբ ազգիդ նպատակները դու ընկալում ես որպես քոնը, երբ Հայրենիքիդ հաղթանակները քեզ նույնպիսի հրճվանք ու հպարտություն են պարգևում, ինչպես քո անձնական հաղթանակները, իսկ Հայրենիքիդ պատճառված ցավը զգում ես քո հոգով ու մարմնով: Սա նշան է այն բանի, որ անձը հոգեբանորեն նույնցած է իր ազգի հետ և իրեն զգում է ընդհանրական էթնիկական Մենք-ի անբաժանելի մասը: Այսպես հոգեպես ուժեղանում են և’ անհատները, և’ Հայրենիքները: Միայն այսպես կարող ենք մենք` հայերս, ապագայից լավ լուրեր սպասել:
ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆ, ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԴՈՑԵՆՏ
Հատուկ ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի համար
Թեգեր` Կարինե Նալչաջյան, հայրենիք, հոգեբան













