Ստեղծվեց «Արևմտահայերի ազգային համագումար» կազմակերպությունը
Դեկտեմբերի 10-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Սեվր արվարձանում կայացավ Արևմտահայերի 3-րդ համագումարը, որը հիմնադրեց «Արևմտահայերի ազգային համագումար»միջազգային հասարակական, ոչ կառավարական, ոչ շահութաբեր կազմակերպությունը: Համագումարին մասնակցեցին ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Արգենտինայից, Ռուսաստանից, Հայաստանից և այլ երկրներից ժամանած բազմաթիվ հայ պատվիրակներ:
Համագումարի մասնակիցների կողմից տարածված հայտարարության համաձայն, կազմակերպության նախագահ է ընտրվել միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սերայտարյանը, փոխնախագահներ` գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը, հրապարակախոս Կարեն Միքայելյանը և հասարակական գործիչ Սոնա Յագուպյանը: Կազմակերպությունն ընդունել է իր կանոնադրությունը, ընտրել գործադիր մարմին` «Արևմտահայերի Ազգային Խորհուրդը», կազմված 24 անդամներից, և հաստատել կազմակերպության 2012-2013թ.թ. գործունեության ծրագիրը:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «Արևմտահայերի Ազգային Համագումարի» առաջնահերթ նպատակն է մշակել և իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորություն կընձեռեն պաշտպանել արևմտահայերի շահերն ու իրավունքները, որոնք ոտնահարվեցին 1915 – 1923 թթ ցեղասպանության ժամանակ եւ մնում են այդպիսին մինչեւ այսօր»:
Համագումարի մասնակիցները համոզված են, որ ներկայումս, երբ սառը պատերազմն ավարտված է, երբ ձևավորվում է նոր համաշխարհային համակարգ, երբ վերականգնված է հայոց պետականության անկախությունն ու ազատագրված է Արցախը, հայ ժողովրդը հնարավորություններ ունի նորովի պայքարելու ընդհատված Հայոց հարցի լուծման համար:
«Արևմտահայերի ազգային համագումար» կազմակերպությունը ծրագրում է` համագործակցել այն հասարակական, գիտահետազոտական ու համալսարանական հաստատությունների հետ, որոնք զբաղված են Հայոց Ցեղասպանության փաստի ուսումնասիրությամբ: Ակտիվ գործունեություն ծավալել հայ քաղաքակրթական, մշակութային, ճարտարապետական արժեքների պաշտպանության ու վերականգնման ուղղությամբ:
Կազմակերպության գլխավոր նպատակներից է հետևողական աշխատանք տանել հայտնաբերելու և հաշվարկելու այն անհատական ո հավաքական վնասները, որ կրել է հայ ժողովուրդը 1915 թվականից սկսյալ: Ապա միջազգային իրավագետների ակտիվ ներգրավմամբ ազգային, տարածաշրջանային, միջազգային դատարաններ դատական հայցեր ներկայացնել` կրած ամբողջական վնասների հատուցումը ապահովելու նպատակով:
Համագումարի մասնակիցները ընդգծում են, որր Հայկական հարցի լուծման արդյունավետությունը մեծապես պայմանավորված է ՀՀ իշխանությունների հետ ակտիվ համագործակցությամբ` ի նպաստ այնպիսի համահայկական մեծածավալ ծրագրերի մշակման ու իրագործման, որոնք կերաշխավորեն համայն հայության հեռանկարային ապահով զարգացումն ու հզորացումը:
ArmAr.am












