Նոր տարվա խորհուրդը
Մոտենում է Ամանորը, և ամեն մարդ յուրովի է պատրաստվում Նոր տարվան: Յուրաքանչյուր տոն իր մեջ գեղեցիկ խորհուրդ ու նշանակություն ունի, որն արժեք և իմաստ է տալիս տոնակատարությանը: Այսօր, սակայն, Նոր տարվա պարագային բազմաթիվ մարդիկ ավելի շատ գիտեն ամանորյա գնումների, ուտելիքների, դրանց պատրաստության, նվերների և միմյանց այցելելու հերթականության, քան Ամանորի բուն նշանակության մասին:
Նոր տարին հունվար ամսին դիմավորելը հաստատվեց հատկապես քրիստոնեության տարածումից հետո: Իսկ ոչ քրիստոնյա ժողովուրդները Նոր տարին նշում են տարբեր ամիսների: Ըստ կրոնական բացատրության` մարդկությունը նախկինում միասին էր նշում Ամանորը` նիսան ամսին: Նիսանը գարնան առաջին ամիսն է և նշանակում է կազմություն, լինելիություն, քանզի այդ ամսին ստեղծվեց Ադամը: Աստվածաշնչյան տեսակետի համաձայն, կարելի է ասել, մարդկության պատմությունը բաժանվում է երկու շրջանների` բաբելոնյան աշտարակաշինությունից առաջ և հետո: Աստծո դեմ մարդկային հպարտության այդ կոթողի կործանումից հետո մարդիկ սկսեցին խոսել տարբեր լեզուներով, առանձնացան խմբերի, ժողովուրդների և ցրվեցին աշխարհի տարբեր կողմեր: Եվ յուրաքանչյուր ժողովրդի` իր տարածքը մուտք գործելու օրը համարվեց տարվա սկիզբ:
Հայկ նահապետն իր սերունդներով Հայաստանի տարածք մուտք գործեց նավասարդ ամսին, և հայերը մինչ քրիստոնեություն Ամանորը նշում էին նավասարդին` օգոստոսին: Հռոմեացիներն այս տոնը տոնում էին հունվար ամսին, իսկ հրեաները շարունակեցին այն նշել նիսան ամսին, քանի որ նրանց ազատվելը եգիպտական գերությունից և դեպի իրենց ավետյաց երկիր ընթանալը աստվածային նախախանամությամբ համընկավ Ադամի արարման ամսվա հետ: Հունվար ամսանունը գալիս է հռոմեական Յանուս չաստծո անունից, որն ուներ երկու դեմք, մեկը նայում էր առաջ, մյուսը` հետ: Այն խորհրդանշում էր անցյալն ու ապագան, անցնող և գալիք տարիները: Քրիստոնեության ընդունումից հետո հոգևոր հայրերը որոշեցին Նոր տարին քրիստոնյա աշխարհում նշել ձմռանը, որի խորհուրդը հետևյալն է: Ձմռանը բնության մեջ ամեն ինչ սառչում է, կարծես թե մեռնում, ինչը ցույց է տալիս նաև տարվա այս եղանակի անվանումը` ձմեռ, ձյունամեռ: Այսինքն` ձյունից, դրա ցրտից բույսերը չորանում են, գետերը` սառչում, երկիրը` դադարում ծննդից: Այսպես էլ մեղքով մեռածները դադարում են բարի գործերից, հեռանում Աստծո սիրուց: Սակայն ձմեռն իր մեջ նաև հետագա հարության, զարթոնքի հիշեցումն ունի, որը մեզ բերում է հորդորը մեղքերից սրբվելով վեր հառնելու, ինչպես նաև մեռյալներից հարության ու հավիտենական կյանքի ակնկալությունն ունենալու:
Ամանորին մեր փոքրիկ երեխաները հավատում, սպասում են Ձմեռ պապին, որի նախօրինակը Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետն է: Սուրբ Նիկողայոսն ապրել է չորրորդ դարում, եղել Զմյուռնիայի Հայրապետը, հայտնի է իր մեծ բարեգործություններով: Այս մեծ սուրբը իր բարեգործությունները հիմնականում գաղտնի է արել, աղքատներին, կարիքավորներին դրամ գցել նրանց պատուհաններից ներս և հեռացել: Արևմտյան աշխարհում Ձմեռ պապի առավել տարածված Սանտա Կլաուս անունը գալիս է այս սրբի Սեյնթ Նիքըլըս-Սուրբ Նիկողայոս անվան ձևափոխումից: Հայերի մեջ հայտնի է նաև Կաղանդ պապը, որն ի տարբերություն Սուրբ Նիկողայոսի, ոչ թե պատմական անձ է, այլ հեքիաթային կերպար: Ըստ մի բացատրության` Կաղանդ բառը փոխառնված է լատիներեն calendae բառից, որը նշանակում է ամսագլուխ, ամսվա առաջին օր: Մեր լեզուն միտում ունի օտարամուտ բառերի պարագային, եթե ՙլ՚ հնչյուն ունեն, դրանք վերափոխելու ՙղ՚-ի, ինչպես օրինակ` Բեթլեհեմ-Բեթղեհեմ: Այսպես նաև կաղանդ բառի պարագային:
Օգտակար և կարևոր է երեխաների մեջ Ձմեռ պապի առաքինի կերպարի և նրա հանդեպ սիրո արմատավորումը, քանի որ նրանք հետո մեծանալով և իմացության միջոցով հասնելով Ձմեռ պապի պատմական անձի ճանաչմանը` իրենք էլ կձգտեն նմանվել նրան (իհարկե, լավ դաստիարակություն ունենալու դեպքում), բարեգործություններ անել, մարդկանց պարգևել այն ուրախությունը, որ իրենք զգացել են Ամանորի մանկական ու հեքիաթային օրերին: Ձմեռ պապը նաև օրինակ է այսօրվա մեծահասակներին` ողորմություն անելու, օգնության ձեռք մեկնելու հատկապես մեծ կարիքի մեջ գտնվողներին, թեթևացնելու նրանց նեղությունների և դժվարությունների բեռը:
Տոնածառը ևս բացառապես քրիստոնեական հիմնավորում ունի: Ճիշտ է, հեթանոսության շրջանում եղել է տներում ճյուղ զարդարելու սովորությունը, որը, սակայն, տարբերվում է ամանորյա տոնածառից: Հնում հեթանոս հայերը այդ զարդարվող ճյուղերին կախում էին ուտելիքներ, հիմնականում չրեր, խնձորներ ու այլ մրգեր, որը եկող տարվա բերքառատ լինելու ցանկությունն էր արտահայտում: Իսկ տոնածառն իր խորհրդով քրիստոնյա աշխարհում սկսեց կիրառվել 15-րդ դարից և միայն քսաներորդ դարում համընդհանուր տարածում գտավ: Դեռևս 19-րդ դարում կաթոլիկ մեծամասնության կողմից մերժված էր տոնածառի կիրառումը Ամանորին, որովհետև այն համարվում էր առավելապես բողոքական սովորություն: Բայց քանի որ խորհուրդը շատ գեղեցիկ էր, այն ի վերջո ընդունելի դարձավ: Տոնածառը խորհրդանշում է դրախտի կենաց ծառը, իսկ վրայի աստղը` դեպի Քրիստոս առաջնորդող աստղը: Երբեմն տոնածառի գագաթին աստղի փոխարեն նաև հրեշտակ են դնում, քանի որ սուրբգրական մեկնիչների համաձայն այդ աստղը կարող էր լինել նաև հրեշտակ, որն իր լույսով առաջնորդում էր Քրիստոսին երկրպագելու գնացող մոգերին: Այսպես է բացատրում նաև մեր եկեղեցական հեղինակներից Ստեփանոս Սյունեցին: Կան ընտանիքներ, որոնք ցանկություն չունեն տոնածառ դնելու, ինչպես նաև, ցավոք, կան ընտանիքներ, որոնք դրա հնարավորությունը չունեն: Սակայն այս ամենի մեջ մեզ համար առավել կարևոր է այդ հոգևոր խորհուրդը, ոչ թե դրանք արտահայտող առարկաները: Եվ նոր տարում մեծ հաջողություններ կլինեն այդ խոհրդով ապրելու շնորհիվ, ու ոչ թե առանց իմաստը հասկանալու այդ խորհրդի արտահայտչամիջոցներ հանդիսացող առարկաների կողքին մի քանի օրեր անցկացնելը:
Նոր տարին, եկեղեցական տոնացույցի համաձայն, ընկնում է Սուրբ Ծննդյան պահքի շրջանի մեջ: Արդեն չորրորդ դարի եկեղեցական հեղինակները կոչ էին անում Ամանորին հեռու մնալ արբեցությունից, շվայտությունից, տոնն անցկացնել ինքնաքննությամբ, հոգևոր խորհուրդներով: Այսօր շատեր, ամանորյա կերուխումը նախընտրելով, անտեսում են Ծննդյան պահքը: 554 թվականին գումարված Դվինի երկրորդ եկեղեցական ժողովը իր 29-րդ կանոնով արգելել է քառասնորդական կամ առաջավորաց պահքը լուծել հյուրերի պատճառով: Այստեղ արգելքը վերաբերում է Սուրբ Զատկին նախորդող պահքին ու տարվա առաջին պահքին, և կարծես թե թույլտվություն է առկա հյուրերի, հյուրասիրության պատճառով մյուս պահքերի պարագային: Երբեմն պահքի մեջ գտնվելով հյուրասիրությունը մերժելը կարող է վիրավորանք բերել մանավանդ սուղ միջոցներով այդ հյուրասիրությունը մատուցող մարդկանց և ի ցույց դնել պահեցողությունը: Սակայն եթե բոլորը քրիստոնեության ճիշտ կանոններով ապրեին, ապա կարիք չէր լինի պահքի մեջ այսպիսի հանդուրժողություն դրսևորելու, որն արտահայտվում է նաև ամանորյա օրերին:
Այս վերջին տարիներին ամանորյա գեղեցիկ սովորություն է ձևավորվել մեր ժողովրդի մոտ: Ամանորի գիշերը եկեղեցիները լի են լինում բազմաթիվ հավատացյալներով, ովքեր նախընտրում են Նոր տարին դիմավորել եկեղեցում և դրանից հետո գնալ իրենց տները, այցելել հարազատներին: Ուղիղ կեսգիշերին հնչում են եկեղեցիների զանգերը և հոգևորականների հետ հավատացյալներն աղոթում են աշխարհի խաղաղության, մեր երկրի և ժողովրդի բարօրության, բարի երազանքների իրականացման համար:
Տ. Ադամ քահանա Մակարյան












