Գլխավոր » Լրահոս

Խորհրդարանում շարունակվում են լսումները

Հոկտեմբեր 1, 2009թ. 14:11

khorhrdaranԱյս պահին ԱԺ-ում շարունակվում է «Նախաստորագրված արձանագրությունները և  Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումները: Քննարկման սկզբում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկ անգամ ևս հնչեցրեց վերջին օրերին տարբեր առիթներով  արտահայտված այն միտքը, թե Հայաստանը Թուրքիայի հետ սկսում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների , ինչը բավականին բարդ գործընթաց է: Նա հույս հայտնեց, որ այս լսումները կնպաստեն հարցի հրապարակային ու համակողմանի քննարկմանը: ՀՀ ԱԺ ԱՀ մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության  անդամ Արմեն Ռուստամյանը իր ելույթում` զուգահեռներ անցկացնելով 1997-ի և 2009-ի միջև, հիշեցրեց 1997-ին թևավոր խոսք դարձած այն արտահայտությունը. թե` «Սերգո ջան լավ չես ապրի, քանի դեռ Թուրքիայի սահմանը փակ է», որի այլանման ձևակերպումն այս օրերին դրվել է շրջանառության մեջ.”Հիմա էլ ասում են հայ ժողովուրդը լավ չի ապրի, քանի դեռ Թուրքիայի հետ սայհմանը փակ է և Հայաստանը գտնվում է մեկուսացման մեջ: Նման մոտեցումներին դեմ արտահայտվողներն այն ժամանակ որակվեցին որպես պատերազմի կողմնակիցներ»,- հիշեցրեց Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ պարգամավորի կարծիքով նման մոտեցումներ առաջ քաշելուց առաջ նախ պետք է ապացուցել, որ բոլոր հնարավոր միջոցները գործադրվել են երկրի ներքին սպառնալիքները չեզոքացնելու, ներազգային համերաշխություն ստեղծելու և ազգը համախմբելու համար և միայն սա էր, որ մնացել չիրականացված: Ուստի ըստ Ռուստամյանի «Միակ և կարևորագույն պահանջը, որին պետք է հատամուտ լինի վարվող արտաքին քաղաքականությունը  հետևյալն է` պայմաններ ապահովել երկրի անվտանության և զարգացման համար, միաժամանակ չզիջելով ազգային նպատակների իրագործման ներկայիս ձեռքբերումները»:

ԱԺ անկուսակցական պատգամավոր Տիգրան Թորոսյանն իր ելույթում նշեց, որ իր համար անընդունելի են այն տեսակետները, թե երկրի ղեկավարները չեն մտածում երկրի ապագայի մասին, կամ այն հարցադրումը, թե` մեր երկրի ապագա՞ն է կարևոր, թե՞ սփյուռքից հնչող հարցադրումները: Ուստի կոչ արեց ներկաներին այդօրինակ մեկնաբանություններից խուսափել և քննարկումն առավել կառուցողական դարձնել: Այնուամենայնիվ, ըստ նրա նախաստորագրված արձանագրությունները պետք է կարգավորեն երեք հիմնական հիմնախնդիրներ` Թուրքիայի կողմից 16 -ամյա շրջափակման վերացում, Ցեղասպանության ճանաչման խնդրի կարգավորում և Ցեղասպանության հետևանք հանդիսացող Արևմտյան Հայաստանի խնդիրի վերհանում:

Ըստ Թորոսյանի արձանագրություններում ամրագրված այն միտքը, թե կողմերը որոշում են բացել հայ-թուրքական սահմանը, հավասարության նշան է  դնում  Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման փաստը: «Ստացվում է, որ երկու կողմերը փակել էին սահմանը և հիմա պիտի բացեն: Սա նենգափոխում է այն, ինչ գոյություն ուներ 16 տարի և եթե Հայաստանը գնում է ստորագրելու այս փաստաթղթի տակ, ապա մեծ զիջում է անում Թուրքիային, վերջինիս վրայից ջնջելով միջազգային իրավունքի նորմերը ոտնահարողի խարանը»: Ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը,ապա ըստ Թորոսյանի, այն ամենևին չի ենթադրում սահմանների ճանաչում, որպես օրինակ  նշելով Հայաստանի և Վրաստըանի, կամ Ռուսաստանի և Ճապոնիայի   օրինակները: Նրա կարծիքով այստեղ ևս Հայաստանը ևս զիջման է գնացել: «Այս զիջումների դիմաց ո՞րն է Թուրքիայի զիջումը: Սահմանի բացո՞ւմը, որը միջազգային պարտավորությունների համաձայն Թուրքիայի պարտականությունն  է:   ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կողմից հրապարակված սկզբունքները բացառում են հարևան պետությունների հետ փակ սահմանների գոյությունը», – իր ելույթում հայտարարեց Տիգրան Թորոսյանը:

Ա.Գ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն