Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Հայերենը և համակարգիչը

Փետրվար 9, 2012թ. 15:01

HՆերկայ ուղերձը ուղղուած է, առաջին հերթին պատկան այն մարմիններին, որոնք ի պաշտօնէ յանձնառու են պահպանելու, պաշտպանելու եւ զարգացնելու մեր նախնիներից ժառանգած ամենաթանկը`ՀԱՅԵՐԷՆ-ը, եւ նրանց` ի սփիւռս աշխարհի, որոնց համար մայրենիի ներկայ վտանգուած վիճակը անհանգաստացուցիչ է: Նորութիւն չէ, որ ինչպէս աշխարհի բոլոր լեզուները` հայերէնը, նոյնպէս դարերի ընթացքին փոփոխութիւնների է ենթարկուել` շփուելով դրացի կամ նուաճող ժողովուրդների հետ, ինչը որ բացատրում է մեր բառերի մի մասի օտարածին լինելը: Յիրաւի լեզուն կենդանի էակի նման է ու անընդհատ պիտի աճի ու զարգանայ, միայն թէ ցանկալի է, որ այդ կատարուի գիտակցուած` ակադեմիկ ճանապարհով:

Ներկայ գրութեան բուն նպատակը չէ հայերէնի զարգաման պատմութիւնը վերլուծել, միայն յիշեցնենք, որ բոլոր ժամանակներում մեր անաչառ ու լաւագոյն մտաւորականները անհանգստացել ու անդրադարձել են Մեծասքանչի անարատութեան խնդրին: Շատերի կարգին յիշենք Յովհաննէս Թումանեանին, որը առիթ չէր փախցնում ծաղրելու` իր գրաւոր թէ բանաւոր ելոյթներում, Գրիգոր Արծրունու ռուսերէնախառը հայերէնը, կամ ինչո՞ւ չնշել Յակոբ Պարոնեանին ու Պարոյր Սեւակին, որոնց համար լեզուի մաքրութիւնը եղել է առաջնահերթ խնդիր ու պարբերաբար անդրադարձել են դրան:

Ի՞նչ է վիճակն այսօր:

Արեւմտահայերէնի կորստեան վտանգը ահազանգւում է ամէն օր եւ ամենուրեք:

Վիճակը շատ է հեռու բաւարար լինելուց հայրենի հողի վրայ: Անկախութեան հետ մէկտեղ կարծում էինք թէ ահա կը լուծուեն ու կը շտկուեն ուղղագրութեան հետ կապուած թիւրիմացութիւնները եւ վերջապէս սեփական սահմանադրութեամբ ամրագրւած հանրապետութեան պաշտօնական լեզուն նոր զարգացման թափ պիտի առնէր ու փայլէր տէրեանական ու բակունցեան պերճանքով:

Աւա՜ղ:

Փոխարէնը հսկայական չափերի հասաւ գռեհիկ ու գաւառական լեզուի կիրառումը` գրաւոր թէ բանաւոր: Փոխանակ բեմը փողոց իջնելու` այսօր փողոցն է բեմ ու էկրան բարձրացել: Կարօտ ենք մնացել խնամուած ու յղկուած ելոյթի` լինի այն պաշտօնական թէ բեմական: Բանասէրների մի ամբողջ բանակ անհասկանալի պատճառներով անցել է ա-յախօսութեան, հաշուի չառնելով, որ օժանդակ բայը հայերէնում «ա» չէ, այլՙ «է»:

Ի՞նչ անել:

Զարգացման ճիշտ ընթացք ապահովելու համար անհրաժեշտ է, որ պետական կառոյցները զօրաշարժի ենթարկեն իրենց ունեցած բոլոր հնարաւորութիւնները եւ իրենք առաջինը ընդունեն այդ զօրաշարժի անհրաժեշտութիւնը: Պիտի չանդրադառնանք օտար լեզուներով դրպոցների ստեղծման ու նրանց յարուցած վտանգներին, «կամ մէկ ազգ մէկ ժողովուրդ» հռետորական կարգախօսներին: Այդ բոլորի կողքին մեզ անհանգստացնողը այսօրուայ հաղորդակցութեան հսկայական հնարաւորութիւններն են, որ ներկայ վիճակով չեն գործում ի նպաստ հայերէնի զարգացման ու կատարելագործութեան:

Հրճուանքով ենք ընկալում, երբ տեսնում ենք տասնամեակներ խարխուլ վիճակում գտնուող դպրոցները վերակառուցւում են եւ առաջին հերթին դասարանները կահաւորւում համակարգիչներով:

Բայց արդեօ՞ք այդ գործիքները գործում են իրենց կոչումին համաձայն: Մենք կարծում ենքՙ ոչ, քանզի վիթխարի քանակով նամակագրութիւնները ինչպէս հանրապետութեան սահմաններում, նմանապէս արտերկրի հետ, կատարւում են գիտցողների կողմից օտար լեզուներով, իսկ միւսների կողմից` լատինատառ կամ կիւրեղեան «հայերենով»: Այս կարգավիճակը չի կարող բավարար համարուել, այլ միայն տուրք տալ նորաձեւութեան: Իսկ նրանք որ կարիքն ու անհրաժեշտութիւնը ունեն հայերէն գրելու, ապա դիմում են տարբեր օժանդակ միջոցների ու կիսածրագրերի, ինչպէս ստեղնաշարի` նաեւ տառատեսակները օգտագործելու համար, ինչ որ կապուած է զանազան բարդութիւնների հետ:

Ինչո՞ւ: Որովհետեւ հայ պատկան մարմինների պաշտօնեաները, ըստ երեւոյթին իրենք եւս հայախօսութիւնից ու հայերէնից ընդհանրապէս հեռու գտնուելով, գոնէ վերջին տասնամեակին գաղափարը չունեցան, կամ անհրաժեշտութիւնը չգնահատեցին հայերէնը համակարգչային լեզուի փոխարկելու, ինչ որ արեցին բոլոր եւրոպական երկրները, որոնց շարքինՙ ռուսները, թուրքերն ու շատ ուրիշներ:

Ներկայիս վիճակն այն է, որ մի քանի մասնագէտների անձնական նախաձեռնութեամբ ստեղծուած են ծրագրեր, տառատեսակներ եւ օժանդակ գործիքներ, որոնց միջոցով կարելի է աշխատել կարկտանային հոգեբանութեամբ, մինչդեռ անհրաժեշտ է անհատականի շրջանակներից դուրս գալ ու այս յոյժ կարեւոր խնդիրը կարգաւորել մասնագիտական բարձր մակարդակով պետական մարմինների հովանաւորութեամբ ու աջակցութեամբ:

Ներկայ գրութիւնը` սնապարծութեամբ չմեղադրելու համար համարձակութիւնը ունեցանք դիմելու «Micrօsoft»-ի երեւանեան ներկայացուցչական վարչութեանը: Անակնկալ էր, երբ իմացանք, որ այդ համաշարհային կառոյցը ոչ միայն ցանկանում, այլեւ պատրաստ է ներդրումներ անելու մեզ յուզող հարցերը կարգաւորելու համար: Առաջին անգամը լինելով, որեւէ հայկական հարց լուծելու համար միջոցների չգոյութեան մասին ակնարկ չեղաւ, այլ ընդհակառակնՙ ընկերութեան յարգարժան հայ ղեկավարը` Գրիգոր Բարսեղեանն ընդգծեց, որ իրենք պատրաստ են ներդնելու անհրաժեշտ գումարները:

Պէտք է զգօն լինենք ու չկորցնենք այս հոյակապ առիթը ու ներկայացնենք մի ծրագիր, որի մէջ պիտի ընդգրկուեն լեզուական տարբերակները.

1. Արեւելահայերէն աբեղեանական ուղղագրութեամբ

2. Արեւելահայերէն դասական ուղղագրութեամբ

3. Արեւմտահայերէն

4. Գրաբարը

Այս լեզուները պիտի ներկայանան պաստառին որպէս համազօր տարբերակներ, որը թոյլ կտայ իւրաքանչիւրին ընտրելու իր ընտրած տարբերակը: Միեւնոյն ժամանակ իւրաքանչիւր տարբերակ համալրուած պիտի լինի.

Բառարանով

Սրբագրիչով

Փոխարկիչովՙ մի տարբերակից միւսին անցնելու

Միջազգային համասեռ ստանդարտի տառատեսակներով

«Micrօsoft»-ի բոլոր գործիքներով

Բազմալեզու թարգմանչական ծրագրով

Այսպիսով կը ստեղծուի համազգային մի գործիք, որը կօգնի կիսագրագիտութեան կամ անգրագիտութեան վերացման դժուարին աշխատանքին, իսկ այն բիւրաւոր ինտերնետային հաղորդակցութիւնները, որ այսօր լինում են որեւէ լեզուով, կարելի կլինի իրագործել միայն ու միայն հայերէնով: Իսկ ի՞նչ ասել հայերէնով աշխատողների մասին, որոնք իրենց սեղանին կունենան հրաշալի մի գործիք: Այս ցանկին աւելացնենք հազարաւոր ուսանողներին ու դպրոցականներին, ու պատկերը առաւել չափով պարզ կլինի:

Ներկայ գրութինը ամփոփում է ծրագրի միայն հիմնական գաղափարն ու անհրաժեշտութինը` այս խնդիրը ուշադրութեան արժանացնելու համար: Այն պիտի լայնօրէն քննարկուի մասնագէտների հետ` մասնաւորաբար աշխատանքային գործիքների նկատմամբ պահանջները ամբողջացնելու նպատակով:

ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ, Փարիզ

ArmAr.am


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն