Նամակ ՀՀ նախագահին գերմանաբնակ հայուհուց
Հարգելի Սերժ Սարգսյանին , և ԱԳ նախարարին
Կարդացի գերմանաբանակ տիկին Ստելլա Սիմոնյանի բաց նամակը եւ բավականին մտահոգվեցի, ուստի եւ անհրաժեշտ համարեցի գրել մի քանի տող:
Ես նույնպես ապրում եմ Գերմանիայում երկար տարիներ եւ հնարավորություն եմ ունեցել առնչվել դեսպանատան հետ եւ ցանկացել եմ լուծել շատ խնդիրներ: Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի հետ ես շփվում եմ 2007 թվականից, կապ հաստատելու նախաձեռնությունը եղել է դեսպանի կողմից: Դեսպան Արմեն Մարտիրոսյանը ցանկանում էր տեղեկանալ Մայնցի կիրակնօրյա հայկական դպրոցի մասին: Մայնցի կիրակնօրյա հայկական դպրոցը գործում է 2005 թվականից եւ առաջին օրվանից ուներ մի շարք խնդիրներ, այդ թվում դասագրքերի եւ օժանդակ նյութերի, որոնք իրենց պատասխանները ստացան միայն Արմեն Մարտիրոսյանի օգնությամբ:
Գերմանիայում աշխատած եւ ինձ հայտնի դեսպաններից առանձնանում է դեսպան Արմեն Մարտիրոսյանը, նա հետաքրքրվում է Գերմանիայում գործող հայկական դպրոցների խնդիրներով եւ այլ կուլտուր-մշակութային խնդիրներով եւ հնարավորինս կազմակերպում եւ օժանդակում է նրանց լուծմանը, մշտապես այցելում է Գերմանիայի հայկական դպրոցներ, հանդիպում է աշակերտներին եւ ծնողներին: Նման ոգեւորիչ այցով դեսպան Արմեն Մարտիրոսյանը հյուր եկավ նաեւ մեզ՝ Մայնցի գործող կիրակնօրյա հայկական դպրոց, աշակերտները եւ ծնողները շատ էին ոգեւորված, դեսպանը ծնողների եւ աշակերտների հետ զրուցեց բավականին երկար, պատասխանեց առաջադրված հարցերին, հանդիպումը իրոք կարեւոր էր :
Խորը մտահոգություների տեղիք տվեց գերմանիայում երկար տարիներ ապրող Ստելլա Սիմոնյանի բաց նամակը եւ նամակում արված որակումները:
«Սափրագլուխ» արտահայտությունը գերմանական իրականության մեջ բառացիորեն նշանակում է ֆաշիստ, նացիստ , տերմինի կիրառումը Գերմանիայի տարածքում որեւէ մեկի նկատմամբ քրեորեն պատժելի է : Որեւէ մեկը չի կարող գերմանական «Behörde-ներում՝ Գերմանիայում գործող պետական մարմիններում, գործող քաղաքացի- պետություն հստակ բաժանող սահմանը խախտել, խախտման դեպքում անմիջապես կհետեւի պատասխանատվության ենթարկվելը: Իհարկե, Եւրոպայի դաժան ցրտի հարցում դեսպանատունը մեղավոր չէ, իսկ, որ մարդը պետք է ներկայանա դեսպանատուն, ոչ թե փաստաղթեր ուղարկի, սա օրենք է եւ պարտավոր ենք ենթարկվել օրենքին, ուրիշ խնդիր է, երբ պահանջենք, որ օրենքը փոխեն, սակայն, եթե գերմանական օրենսդիր մարմինները օրենքով որեէ մեկ փաստաթուղթ պահանջեն, դուք կարո՞ղ եք առարկել, հարգելի Տիկին, իհարկե՛, ո՛չ: Եւ գերմանական պետական կաբինետների առաջ, որեւ մեկ հայ, կամ այլ ազգի, կարո՞ղ է բարձր խոսել, ո՛չ ,իհարկե՛, այնտեղ բղավոցներին ոստիկանը կմիջամտի եւ դուրս կհրավիրի: Զարմանալի է գերմանացի քաղաքացուն խոսակցությանը մասնակից դարձնելու փորձը, այն էլ «BILD» օրաթերթի միջոցով: Գերմանիայի «BILD» օրաթերթում ավարտվում է գերմանական լուրջ մամուլը եւ սկսվում է բացարձակ բուլվարային լրատվությունը: Մեր հայրենակիցները դուրս են եկել հայկական միջավայրից, իրենց համարում են Գերմանիայում ապրող եւ եւրոպացի, բայց շատ դեպքերում կորցնում են հայկականը, որդեգրում են այնպիսի վարվեցողություն, որը դուրս է մնում եւ հայկական եւ գերմանական մշակույթից: Բարեկամներս, հարգենք մեր դեսպանատունը, որը մեր պետության մեկ հատվածն է այլ երկրում, պահենք մեզ հարգալից, խոսենք հարգանքով, բարեկամական եւ պահանջենք փոխադարձ հարգանք եւ վերաբեր մունք:
Կարինե Հայրապետյան, Գերմանիա, Մայնց
ArmAr.am












