Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան

Կողմերի քաղաքական կամքը ԼՂ խնդրի խաղաղ լուծման միակ ճանապարհն է. Լամբերտո Զանիերի հարցազրույցը

Հուլիս 12, 2012թ. 11:49

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանիերի հարցազրույցը լրատվական գործակալությանը:

Վերջին շրջանում բազմաթիվ քննարկումներ են եղել ԵԱՀԿ բարեփոխումների եւ զարգացման վերաբերյալ: Ի՞նչ աշխատանքներ եք նախատեսում իրականացնել առաջիկայում:

ԵԱՀԿ-ն յուրօրինակ կազմակերպություն է. այն տարածաշրջանային անվտանգության ամենախոշոր կազմակերպությունն է, որը համախմբում է երբեմն հակադիր քաղաքական հայացքներ ունեցող 56 մասնակից պետություններ, եւ մեր նպատակն է հարթակ հանդիսանալ նրանց համար, որտեղ նրանք կկարողանան հանդիպել, հարթել իրենց տարաձայնությունները եւ կոնսենսուսի վրա հիմնված որոշումներ կայացնել: Սակայն, որպեսզի նման հարթակը արդյունավետ լինի, այն պետք է հնարավորինս համապատասխան լինի մասնակիցներին: Ահա թե ինչու, երբ ես մեկ տարի առաջ ստանձնեցի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ես օրակարգում մեծ տեղ հատկացրեցի կազմակերպության արդյունավետության բարձրացմանը:

Որոշակի առաջընթաց արդեն իսկ կա: Որպեսզի արդյունավետ կերպով հակազդենք անդրազգային այնպիսի սպառնալիքների, ինչպիսին ահաբեկչությունն է, կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի առուվաճառքը, մենք ԵԱՀԿ-ում ստեղծել ենք հատուկ բաժին, որը զբաղվում է նման սպառնալիքներով: Մենք բավականաչափ ակտիվություն ենք ցուցաբերել կազմակերպության վարկանիշը բարձրացնելու հարցում ինչպես մամուլում, այնպես էլ միջազգային գործընկերների ու գիտահետազոտական հանրության հետ հարաբերություններում: Նախորդ դեկտեմբեր ամսին ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունների արտաքին գործերի նախարարները Վիլնյուսում ընդունեցին կարեւոր որոշում հակամարտության շրջափուլի տարրերի վերաբերյալ, որպեսզի ամրապնդեն ԵԱՀԿ կարողությունները այս ոլորտում:

Թեեւ առաջխաղացումներին` ԵԱՀԿ տարածաշրջանում դեռեւս կան մի շարք լուրջ խնդիրներ: Դրանցից են կազմակերպության մասնակից պետությունների միջեւ փակ սահմանները: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի շարունակական շրջափակումը Թուրքիայի կողմից եւ հարաբերությունների նորմալացման խնդրի կապումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ եւ, զուգահեռաբար, պաշտոնական Անկարայի կողմից հայթուրքական արձանագրությունների վավերացման մերժումը:

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը որպես այդպիսին երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների հարց է: Սակայն հարցը մի քանի առիթներով երկու երկրների եւ այլ մասնակից պետությունների կողմից բարձրացվել է ԵԱՀԿ մշտական խորհրդում: Մենք կողջունենք ցանկացած զարգացում, որը կամրապնդի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը:

Թեեւ միջազգային հանրության, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին` Ադրբեջանը հրաժարվում է հեռացնել դիպուկահարներին շփման գծից, դիմում է սադրանքների ու մեծացնում է սպառազինությունների մրցավազքը: Կան արդյո՞ք հարկադրանքի մեխանիզմներ հարցը ուժային ճանապարհով լուծելու փորձերից հրաժարվելու եւ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման համար:

Ոչ մի արտաքին դերակատար` լինի դա ԵԱՀԿ-ն, թե մեկ այլ մարմին, չի կարող հակամարտության կողմերին լուծում պարտադրել կամ լուծել այն: Կողմերի քաղաքական կամքը խաղաղ լուծում բանակցելու միակ ճանապարհն է: Մենք կշարունակենք մեր ջանքերը, որպեսզի կողմերը շփման գծից հեռացնեն դիպուկահարներին եւ իրականացնեն շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննման մասով իրենց պարտավորությունը, որը Նախագահները ստանձնել են անցյալ տարի Սոչիում:

ԵԱՀԿ տարածաշրջանում կա՞ն հնարավորություններ «չճանաչված պետությունների» հետ աշխատանքներն ակտիվացնելու համար:

Մոլորեցնող կլիներ ընդհանրացնել ԵԱՀԿ-ի փոխգործակցությունը այն միավորների հետ, որոնք միջազգայնորեն չեն ճանաչվել որպես պետություններ, քանի որ նման իրավիճակների հետ գործ ունենալու յուրաքանչյուր ձեւաչափ եւ մեխանիզմ անհատապես է դիտարկվում ու միջազգայնորեն համաձայնեցվում:

Ակնկալո՞ւմ եք Կազմակերպությունում նոր մասնակից պետություններ: Մասնավորապես, ինչպիսի՞ն է իրավիճակը Մոնղոլիայի հետ:

Մոնղոլիան ԵԱՀԿ մասնակից պետություն դառնալու հայտ է ներկայացրել նախորդ տարվա հոկտեմբերին, իսկ 2011թ. դեկտեմբերին բոլոր 56 մասնակից պետությունները Վիլնյուսում հանձնարարեցին Իռլանդիայի նախագահությանը` ընթացք տալ հայտին: Որպես այս աշխատանքի մաս` Իռլանդիայի նախագահությունը այս հունիսին կազմակերպեց ճանաչողական այց Մոնղոլիա, որին ես մասնակցել եմ: Մոնղոլիայի հայտի կապակցությամբ վերջնական որոշումը պետք է ընդունվի բոլոր 56 մասնակից պետությունների կոնսենսուսային որոշմամբ:

NEWS.am

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն