Էդվարդ Նալբանդյան. «Մենք համակարծիք ենք, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում»
Ներկայացնում ենք ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսում
Ուրախ եմ ողջունել Երևանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ինձ հաճելի է նշել, որ Հայաստանը մեծապես աջակցել է պարոն Զանիերի ընտրությանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում և համոզված ենք, որ նրա նման փորձված դիվանագետը հմտորեն և իմաստուն կերպով կիրականացնի ԵԱՀԿ քարտուղարության ղեկավարությունը:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը առանցքային դեր է խաղում «Վանկուվերից Վլադիվոստոկ» ընկած տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման գործում: Հայաստանը ԵԱՀԿ-ին իր անդամակցության 20 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել կազմակերպության ամրապնդմանը, հեղինակության բարձրացմանը, Հայաստանն իր ակտիվ մասնակցությունն է բերում կազմակերպության շրջանակներում իրականացվող ծրագրերին և գործողություններին ԵԱՀԿ գործունեության հիմքը կազմող բոլոր երեք հարթություններում:
Այժմ ԵԱՀԿ-ն գտնվում է բարեփոխումների գործընթացում, և պիտի նշեմ, որ Հայաստանը կաջակցի
ցանկացած նախաձեռնության, որի նպատակն է կազմակերպության արդյունավետության և հեղինակության բարձրացումը:
Մենք նաև կարևորում ենք ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առավել քան տասնամյա արդյունավետ գործունեությունը, որը զգալի ներդրումն ունի Հայաստանում պետական կառավարման
տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների, քաղաքացիական հասարակության զարգացման, բնապահպանական խնդիրների լուծման գործում:
Ի վերջո, ԵԱՀԿ-ն մեզ համար կարևորվում է նաև նրանով, որ Մինսկի խմբի շրջանակներում են
անցկացվում արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունները:
Հանդիպման ընթացքում, իհարկե, անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի շուրջ: Մենք համակարծիք ենք, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում: Եվ որքան շուտ բոլորը հասկանան դա, և, ինչպես նշում են համանախագահ երկրների ղեկավարները սկսեն պատրաստել հասարակությունը խաղաղության և ոչ թե պատերազմի, այնքան ավելի շուտ հնարավոր կլինի գալ համաձայնությունների:
Այս առումով մենք կարևորեցինք նաև վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ գործնական քայլերի համաձայնեցումն ու շուտափույթ կիրառումը:












