Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ՄԻ պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ Սևանա լճից ջուր բաց թողնելու վերաբերյալ

Հուլիս 13, 2012թ. 11:02

Մարդու իրավունքների պաշտպան  Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հայտարարությամբ, Սևանա լճի  մասին օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք ՄԻ պաշտպանի հայտարարությունը.

«Սույն թվականի հունիսի 15-ին ՀՀ կառավարությունը ներկայացրեց և ՀՀ Ազգային ժողովը ընդունեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է Սևանա լճից ջրի բացթողման տարեկան ծավալ 170 միլիոն խմ-ի փոխարեն սահմանել 320 միլիոն խմ: Այս կապակցությամբ Պաշտպանի գրասենյակում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում պետական մարմինների և մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ օրենսդրական նշված փոփոխությունների ընդունման գործընթացում հասարակական լսումներ չեն կազմակերպվել, և հետևաբար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ազդակիր համայնքին և հասարակության շահագրգիռ այլ անդամներին հնարավորություն չի ընձեռնվել մինչ օրինագծի ընդունումը արտահայտել իրենց դիրքորոշումը և որևէ կերպ ակնկալել դրա ներառումը օրինագծում: Հաշվի չեն առնվել օրենքի փոփոխությամբ Սևանի ավազանի էկոհամակարգի վերաբերյալ բնապահպանների ահազանգերը:

Միևնույն ժամանակ քննարկման բոլոր մասնակիցները կարևորեցին գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ոռոգումը և գյուղացիների համար եկամտի աղբյուրի ապահովումը:

Շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ հասարակայնության մասնակցության ապահովումը, որպես պետության պարտավորություն, նախատեսված է Օրհուսի 1998թ. կոնվենցիայով, համաձայն որի յուրաքանչյուր Կողմ ապահովում է հասարակայնության մասնակցությունը վաղ փուլում, երբ բաց են բոլոր տարբերակների դիտարկման հնարավորությունները, և հասարակայնության մասնակցությունը կարող է արդյունավետ լինել: Անընդունելի է շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ սահմանված ընթացակարգային կանոնների անտեսումը, որի արդյունքում խախտվում են շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացման թափանցիկության, հանրային մասնակցության ապահովման սկզբունքները:

Կոչ ենք անում իրավասու բոլոր պետական մարմիններին որոշումների կայացման յուրաքանչյուր գործընթաց իրականացնել օրենքի անշեղ պահպանմամբ: Որպես օրենքի պահանջ հասարակության մասնակցության ապահովումն այս գործընթացներում իրականացնել հրապարակայնության, մատչելիության և թափանցիկության սկզբունքներին համապատասխան, ձևավորել քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակցության մշակույթ և հրատապ միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը հասարակության համար անմատչելի դարձնող որոշումները և գործողությունները բացառելու ուղղությամբ»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն