Գերագնահատել Թուրքիայի դերակատարությունը, մեղմ ասած, թյուրիմացություն է.Հակոբ Չաքրյան
Հարցին պատասխանում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը
ՀԱՐՑ-Որոշ վերլուծաբաններ նկատում են, որ Թուրքիան այսօր հայտնվել է նպաստավոր վիճակում և, գլխապտույտ իր հաջողություններից ոգևորված, որոշել է դառնալ տարածաշրջանի առաջատարն ու իր ինքնուրույն խաղը խաղալ: Իրո՞ք Թուրքիային թույլ կտրվի այդչափ ակտիվանալ և ինքնուրույնանալ:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ– Ո՛չ, իհարկե: Երբ սկսվեցին Սիրիայի դեպքերը, Թուրքիան թագավորական կեցվածք ընդունեց, որպեսզի Ասադի վարչակարգի տապալումից հետո, նոր իշխանության դեպքում, կարողանա Սիրիայում իր դիրքերն ամրապնդել: Ինչպես նաև, ԱՄՆ-ի հանձնարարությունները կատարողի իրավունքով, տարածաշրջանում ստանձնել առանցքային դերակատարում:
Սակայն նկատենք, որ ԱՄՆ-ը նման դերակատարման հարցում շատ խանդոտ է և տարածաշրջանում նույնիսկ թույլ չի տալիս Եվրամիության ռազմաքաղաքական ներկայությունը: Եվ ես չեմ կարծում, որ Թուրքիային, եթե անգամ վերջինս կատարի Վաշինգտոնի բոլոր պահանջները, որևէ ազդեցիկ, խոշոր դեր վերապահվի: Տեսեք. Էրդողանի կառավարությունը, որն արդեն 10 տարի է, ինչ իշխանության ղեկին է, բոլոր հարևանների հետ առկա խնդիրները զրոյական մակարդակի իջեցնելու կուրս վերցրեց:
Չնայած այդ կուրսը ձախողվեց, բայց մինչ այդ սույն քաղաքականության շնորհիվ Թուրքիան կարողացավ Սիրիայի, ինչպես նաև Իրանի ու Իրաքի հետ բարելավել հարաբերությունները: Մինչդեռ այսօր Սիրիայի, ավելի ճիշտ, Ասադի վարչակարգի հետ Թուրքիայի հարաբերությունները խիստ սրվել են, լարված են նաև թուրք-իրանական հարաբերությունները: Իրանը բազմիցս նախազգուշացրել է` եթե որևէ հարձակում լինի Իրանի վրա, ապա կհարվածի Թուրքիային ու կոչնչացնի վերջինիս հակաօդային պաշտպանությունը: Զգուշացրել է նաև Սիրիայի հարցում, հայտարարելով զգույշ լինել, և որ Թուրքիան դեռ պատասխան է տալու: Խիստ սրված են Սիրիա-Թուրքիա հարաբերությունները. չմոռանանք, որ «Սիրիայի ազատ բանակ» կոչվածը տեղակայված է հենց Թուրքիայում: Եվ այս իրավիճակում ասել, թե Թուրքիան տարածաշրջանում միանձնյա դերակատար է, նշանակում է գերագնահատել նրա հնարավորությունները: Զարմանալին այն է, որ մեզանում չափից դուրս են գերագնահատում Թուրքիայի դերը:
Եթե անգամ Սիրիայում իշխանությունը փոխվի, չնայած այդ համոզմունքին չեմ, ապա նոր իշխանությունները ևս Թուրքիայի այսօրվա թշնամական վերաբերմունքն անպայման հաշվի են առնելու, քանի որ Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է ոչ թե Ասադի վարչախմբի, այլ հենց Սիրիայի դեմ: Հիշենք, որ Թուրքիան բանակ է տեղակայում սահմանին, ահաբեկիչներին մարզում է ու զինում, հետախույզներ է ուղարկում ու նման կեղտոտ քայլեր է իրականացնում Սիրիայի դեմ, ինչը Սիրիան չի մոռանա: Այնպես որ, եթե Սիրիայում նոր իշխանություն էլ հաստատվի, ապա այն պետք է զգուշանա Թուրքիայից:
Արաբական մյուս պետությունները որքան էլ դեմ լինեն Ասադի վարչախմբին, միևնույն է, դրական չեն վերաբերվում Թուրքիայի ակտիվ միջամտությանը, և նրանք ևս պետք է զգուշանան:
Հիշենք, որ Եգիպտոսն ի սկզբանե մերժեց Թուրքիայի մոդելը: Երբ Եգիպտոսում սկսվեցին հակակառավարական խռովությունները, և Թուրքիան արաբական աշխարհի համար մոդել առաջադրեց, Անկարայում Եգիպտոսի դեսպանը հայտարարեց, որ Եգիպտոսը մոդելի կարիք չունի, արաբական աշխարհը նույնպես չունի. «Արաբական աշխարհի մոդելը մենք ենք. Թուրքիան չի կարող արաբական աշխարհի համար մոդել համարվել»:
Ի վերջո, չմոռանանք, որ կան նաև պատմական խնդիրներ։ Դեռ Օսմանյան կայսրության տիրապետության տարիներին արաբներն այդ երկրի հանդեպ դրական վերաբերմունք չեն ունեցել: Եվ այս ամենն անտեսել ու գերագնահատել Թուրքիայի դերակատարությունը, մեղմ ասած, թյուրիմացություն է: Ի դեպ, Սիրիայի քրդերը ևս խիստ դեմ են Թուրքիայի միջամտությանը: Բացի դրանից, Էրդողանը մեղադրում է Բաշար Ասադին սեփական ժողովրդին սպանելու մեջ, բայց նույն Թուրքիան ինքն է սպանում սեփական քաղաքացիներին. ՊԿԿ-ի անդամների դեմ Թուրքիայի իշխանությունները լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացրին: Հետևաբար, Թուրքիան բարոյական իրավունք չունի այդ հարցում մեղադրելու Ասադին: Ընդ որում, այս մասին Թուրքիային հաճախ են հիշեցնում թե՛ Սիրիայից, թե՛ Իրանից:
Այնպես որ, Թուրքիայի դերի մասին հնչող հայտարարություններն ամպագոռգոռ են և անպատասխանատու: Հայաստանում այսօր կա թուրք-ադրբեջանական քարոզչություն իրականացնող թափթփուկների մի խավ, որը բոլորովին այլ գույներով է ներկայացնում իրականությունը: Բոլորը թող իմանան, որ այդ «հաջողակ» Թուրքիան ինքն է գտնվում վերակառուցման փուլում, նա դեռ պետք է սահմանադրություն փոխի, լուծի Քրդական հարցը, բանակի դերը նվազեցնի: Բայց չի կարողանում կառուցվածքային փոփոխություններ կատարել, որովհետև սրվել է Քրդական հարցը: Հետևաբար, Թուրքիան ինքն է դեռ կառուցվում ու դեռ ամբողջությամբ չի ձևավորվել: Բերեմ մեկ օրինակ ևս` հասկանալու համար, որ Թուրքիայի հզորության մասին արվող հայտարարությունները սին են: Թուրքերն ամերիկացիներից վարձել են ինը անօդաչու ինքնաթիռ, բայց չեն կարողանում դրանք օգտագործել, և գիտե՞ք ինչու. որովհետև այդ ինքնաթիռները թեպետ Թուրքիայում են, բայց քանի որ գտնվում են Ինջիրլիք ռազմաբազայում, թուրքական կողմն օգտագործել չի կարողանում, որովհետև թուրք զինվորականն իրավունք չունի մուտք գործելու Ինջիրլիք: Որպեսզի Թուրքիան կարողանա իր տարածքում գտնվող ինքնաթիռներն օգտագործել, դրա համար, նախ, պետք է դիմի ԱՄՆ-ի պետքարտուղարությանը, սա էլ Պենտագոնին, և միայն վերջինիս թույլտվության դեպքում կկարողանա օգտագործել դրանք: Ահա իրականում այսպիսի իրավիճակում է Թուրքիան:
ArmAr.am












