Վրաստանը հոկտեմբերին կայանալիք ընտրությունների նախօրեին.Նանա Կուրաշվիլի
Վրացական բոլոր հեռուստաալիքները եթեր դուրս կգան նախընտրական արշավի ժամանակ. Նանա Կուրաշվիլի
Վրաստանում հոկտեմբերին կայանալիք ընտրությունների նախօրեին մալուխային հեռուստատեսության օպերատորները ստիպված կլինեն եթեր տրամադրել ոչ միայն իշխանամետ, այլ բոլոր հեռուստաալիքներին:
Ընդդիմության եւ հասարակական կազմակերպությունների ճնշմանը տեղի տալով`Վրաստանի իշխանությունները համաձայնվեցին հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական նախընտրական քարոզարշավի ընթացքում ստիպել մալուխային օպերատորներին հեռարձակել բոլոր պետական լրատվական ալիքները, այդ թվում`գործող վարչակարգի քննադատությամբ հանդես եկողներին:
Անցյալ շաբաթ Վրաստանի խորհրդարանը հաստատեց ընտրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը պարտավորեցնում է լրատվական ընկերություններին խորհրդարանական ընտրություններին նախորդող 60 օրվա ընթացքում եթեր տրամադրել երկրի տարածքում գործող յուրաքանչյուր հեռուստաալիքի:
Օրենքը փոփոխվեց ի պատասխան այն բողոքների, որ մալուխային հեռուստատեսության օպերատորները եթեր են տրամադրում միայն իշխանությունների բարեհաճությունը վայելող հեռուստաալիքներին: Ընդդիմադիր կուսակցությունները վաղուց են մեղադրում կառավարական պաշտոնյաներին միայն իշխանամետ հեռուստաընկերություններին հեռարձակման հնարավորության տալու համար:
Կառավարությունը եւ իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն ի սկզբանե դեմ էին այս օրինագծի մշակմանը`պնդելով, որ ԶԼՄ-ների դաշտն արդեն իսկ բազմազանության կարիք չուներ, եւ սխալ կլիներ, որպեսզի պետությունը միջամտեր մասնավոր ընկերությունների գործունեությանը:
Հաստատված օրինագծի համաձայն`մալուխային օպերատորները պետք է հեռարձակեն բոլոր այն պետական եւ արտոնագրված արբանյակային հեռուստաալիքները, ինչպես նաեւ բոլոր այն ալիքները, որոնք դիտում է բնակչության 1/5-րդից ավելին: Իսկ շրջանային հեռուստաալիքները պետք է հեռարձակվեն մալուխային օպերատորների կողմից միայն տեղական մակարդակով:
Օրենսդրությունը պետք է խորհրդարանական ընտրությունների նախօրեին բոլորին հնարավորություն տա հավասարապես օգտվել գոյություն ունեցող տեղեկատվական աղբյուրներից:
Օրենսդրական փոփոխության շնորհիվ`բնակչությունն այսուհետ կկարողանա դիտել «Իններորդ ալիք»-ը, որը պատկանում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլուն. նրա ղեկավարած «Վրացական երազանք» ընդդիմադիր կուսակցությունն այս խորհրդարանական ընտրություններին կարող է լուրջ մրցակից լինել այլ քաղաքական ուժերի համար:
«Իններորդ ալիքը» իր հեռարձակումը սկսել է 2 ամիս առաջ եւ ներկայում այն հնարավորություն ունեն դիտել միայն Իվանիշվիլու եղբորը մասամբ պատկանող «Global TV» մալուխային օպերատորի բաժանորդները:
Հունիսին «Global TV»-ն խնդիրներ ունեցավ իշխանությունների հետ, ինչի արդյունքում ընկերությանը պատկանող 300 հազար արբանյակային ալեհավաքները բռնագրավվեցին: Գլխավոր դատախազության աշխատակիցների հավաստմամբ`ալեհավաքներն առգրավվել են ընտրակաշառք բաժանելու կասկածանքով սկսված նախաքննության շրջանակներում, քանի որ անվճար արբանյակային ալեհավաքներ բաժանելը կարող է որպես քվեարկողներին ապօրինի կերպով խրախուսելու մեթոդ դիտվել:
«Վրացական երազանք» կուսակցությունը վիճարկել է դեպքը`մեղադրելով իշխող օղակներից «Global TV»-ն ռեսուրսներից զրկելու միջոցով «տեղեկատվական վակուում» ստեղծելու մեջ:
«Իններորդ ալիքը» բոլոր այլ հեռուստաընկերություններից առավել շատ է լուսաբանում «Վրացական երազանք»-ի գործունեությունը եւ հանդես է գալիս գործող վարչակարգի քննադատությամբ: Այլ ընդդիմադիր հեռուստաալիքներից են «Kavkasia» եւ «Maestro» հեռուստաընկերությունները, որոնք հեռարձակվում են միայն մայրաքաղաք Թբիլիսիի սահմաններում:
2011 թվականի ավարտի դրությամբ, Վրաստանում ավելի քան 170 հազար ընտանիքներ մալուխային հեռուստատեսության բաժանորդներ էին, ինչը նշանակում է, որ փոփոխված օրենսդրությունը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ 5 միլիոնի հասնող բնակչության վրա:
Փորձագետների կարծիքով, փոփոխված օրենքի ամենամեծ ազդեցությունը կարելի է ակնկալել երկրի շրջաններում, որտեղ նախկինում միայն իշխանամետ հեռուստաալիքներն են հեռարձակվել:
«Սա բնակչության մեծ մասին հնարավորություն կտա դիտել պակաս հայտնի հեռուստաալիքներ, որոնք խիստ քննադատական դիրքորոշում ունեն իշխանությունների նկատմամբ, ինչպես նաեւ հավասարակշռության բերել պետական հեռուստաալիքների տրամադրած տեղեկատվությունը», – ասում է «Transparency International» կազմակերպության վրաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մաթիաս Հութերը:
Ընդդիմության ներկայացուցիչները նշում են, որ հեռարձակման նոր կանոններն այնքան էլ հեռահար նպատակներ չուներ, քանի որ բոլոր հեռուստաալիքներին եթեր տրամադրելու պահանջը գործում է մինչեւ քվեարկության օրը, հետեւաբար, ընտրողները կկարողանան հետեւել քարոզարշավի ընթացքին, սակայն կզրկվեն քվեարկության արդյունքների եւ հետագա իրադարձությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ստանալու հնարավորությունից:
«Երբ քվեարկության օրը հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցվի, բնակչության շրջանում դժգոհություն կառաջանա եւ իրադրությունն ավելի կսրվի», – ասում է ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեւան Վեփխվաձեն:
«Սա վերաբերում է քեզ» նախաձեռնության ներկայացուցիչները, որոնք աջակցում էին օրինագծի ընդունմանը, այն կարծիքին են, որ նոր կանոնները պետք է ուժի մեջ մնային մինչեւ քվեարկության վերջնական արդյունքների հրապարակումը:
Իշխանությունները համաձայնություն չտվեցին`հայտարարելով, որ հեռարձակման վերաբերյալ կանոնները մշակվել են մասնավորապես կուսակցությունների նախընտրական քարոզարշավի ընթացքին աջակցելու համար, ոչ թե այլ նպատակներով:
«Օրենքը… մեծ քայլ է, որը թույլ կտա մեր բնակչությանը ավելի շատ տեղեկատվություն ստանալ եւ հնարավորություն կտա այլընտրանքային տեսակետներ լսել», – ասում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ եւ նախագահ Սահակաշվիլու ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Դավիթ Բաքրաձեն:
Նանա Կուրաշվիլին ազատ լրագրող է Վրաստանում
ArmAr.am












